Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թուրքիան պետք է հրաժարվի իր ժխտողական քաղաքականության վտանգավոր պոպուլիզմից. Նալբանդյան

Թուրքիան պետք է հրաժարվի իր ժխտողական քաղաքականության վտանգավոր 
պոպուլիզմից. Նալբանդյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անշրջելի է: Թեպետ շուրջ մեկ դար շարունակվող ժխտողական քաղաքականությունը ձախողվել է, սակայն Թուրքիան դեռ կառչած է մնում կարծրատիպերից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին:

Հարց: Թուրքիայի արտգործնախարարը պոպուլիզմ է որակել Ֆրանսիայի Նախագահի վերջին ելույթում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հնչեցված դրույթները։ Ինչ կասեք դրա վերաբերյալ։

Պատասխան: Թուրքիայում չեն կարող չգիտակցել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անշրջելի է: Պարզ է, որ շուրջ մեկ դար շարունակվող ժխտողական քաղաքականությունը ձախողվել է, սակայն Թուրքիան դեռ կառչած է մնում կարծրատիպերից:

Անկարան չի խորշում աղավաղել ոչ միայն պատմական փաստերը, այլև ներկա իրողությունները՝ այդ թվում խեղաթյուրելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները:

Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի կողմից Թուրքիայի վարչապետին ուղղված բաց նամակում իրավացիորեն նշվում է, որ Հայոց ցեղասպանությունը լայնորեն վավերագրված է Միացյալ Նահանգների և այլ երկրների, ներառյալ պատերազմական ժամանակաշրջանում Օսմանյան Թուրքիայի դաշնակիցներ Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի հազարավոր պաշտոնական փաստաթղթերում, ականատես դիվանագետների, միսիոներների, ցեղասպանությունը վերապրածների վկայություններում, տասնամյակների բազմաթիվ պատմագիտական և իրավական ուսումնասիրություններում, անգամ Օսմանյան ռազմական տրիբունալի արխիվներում:

Արժանահիշատակ է, որ ի թիվս շատ այլ երկրների Գերմանիան և Ավստրիան ոչ միայն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, այլ նաև ընդունել են պատասխանատվության իրենց բաժինը՝ որպես այդ ժամանակաշրջանում Թուրքիայի դաշնակիցներ:

Միջազգային հանրության կողմից բազմիցս է շեշտվել, որ Ցեղասպանության ժխտողականությունը պարարտ հող է ստեղծում մարդկության դեմ հանցագործությունների կրկնության համար: Հայոց ցեղասպանության ճանաչողներին «պոպուլիստ» անվանելու փոխարեն, Անկարան պետք է հրաժարվի իր ժխտողական քաղաքականության վտանգավոր պոպուլիզմից, քաջություն ցուցաբերի սեփական անցյալին առերեսվելու համար: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am