Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Բրիտանահայ համայնքի անդամները կարևորում են սփյուռքի խնդիրներին Արմեն Սարգսյանի քաջատեղյակությունը

Բրիտանահայ համայնքի անդամները կարևորում են սփյուռքի խնդիրներին Արմեն 
Սարգսյանի քաջատեղյակությունը

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Թագավորությունում հայկական համայնքի ներկայացուցիչները Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի ամենահարմար թեկնածուն են համարում` կարևորելով սփյուռքի խնդիրների հարցում նրա քաջատեղյակությունը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում  լոնդոնահայ հասարակական գործիչ Սևան Արթինը ողջունելի համարեց նրա հանդիպումների շարքը հասարակական ու քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Սևան Արթինի որակմամբ` որպես նոր դեմք, Արմեն Սարգսյանը նորություններ է փնտրում: «Արմեն Սարգսյանը նախագահի ամենահարմար թեկնածուն է, ով ընդունված է սփյուռքահայերի կողմից: Երկար տարիներ ապրելով սփյուռքում` նա լավ գիտի այստեղի խնդիրները: Շատ եմ կարևորում իր մոտեցումը, որ ցանկություն է հայտնել հանդիպելու հասարակական, քաղաքական  կազմակերպությունների հետ: Սա նոր մոտեցում է, ինչի կարիքը կա Հայաստանում: Ես շատ լիահույս եմ, որ նա կհաջողի իր գործում»,-ասաց Սևան Արթինը: Մեր զրուցակցի խոսքով` երկար տարիների դիվանագիտական գործունեությունը Միացյալ Թագավորությունում Արմեն Սարգսյանին թույլ է տվել կապեր հաստատել ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի հետ, ինչը կկարողանա օգտակար դարձնել Հայաստանի արտաքին քաղաքական հարցերում:

Բրիտանահայ համայնքային խորհրդի անդամ, Հայոց ցեղասպանության ճանաչման հանձնախմբի ատենապետ Րաֆֆի Սարգսյանն էլ նշեց, որ գործի բերումով հաճախ են առնչվել դեսպան Սարգսյանի հետ և ծանոթ են նրա վարչական կարողություններին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, ինչպես նաև համայնքային հարցերին նրա ցուցաբերած ուշադրությանը: «Իր գործունեության մեջ միշտ եղել է կոռեկտ, կանոնավոր և շարունակ կապ է պահել համայնքի ու համայնքի ղեկավարության, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների հետ։ Միևնույն ժամանակ գիտենք, որ հաջողության է հասել իր անձնական կյանքում, լուրջ դերակատարություն ունի գիտական համայնքում»,-ասաց Րաֆֆի Սարգսյանը:

Համայնքային գործիչը հարկ համարեց հիշատակել Արմեն Սարգսյանի մեծ նպաստը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների իրագործման հարցում, ով փորձեց միջազգային հանրության ուշադրությունը դարձնել 100 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանական իրադարձությունների վրա:

Րաֆֆի Սարգսյանն ապագա Նախագահից ակնկալում է միջազգային ասպարեզում Հայաստանի դերի կարևորության բարձրացում: «Կարծում եմ` Արմեն Սարգսյանը պետք է նպաստի, որ Հայաստանն ավելի շատ դուրս գա դեպի Արևմտյան երկրներ, կամուրջի դեր խաղա, որով Կովկասյան շրջանը բացվի դեպի Արևմուտք, ինչու չէ նաև Արևելք, մասնավորապես, Չինաստանի հետ հարաբերությունների խորացումը նկատի ունեմ: Այդ ձևով Հայաստանի տնտեսությունը զարգացնելու հնարավորություններ կստեղծվեն: Այդպիսով, նաև Հայաստանի քաղաքական աշխատանքներն ավելի հաջող ընթացքի մեջ կդրվեն, և, թերևս, հնարավոր լինի մի քանի տարվա ընթացքում արտագաղթի հոսքը դեպի Արևմուտք կանխել։ Ինչու չէ, հույսով, որ հայությունը ցանկանա վերադառնալ Հայաստան»,-հավելեց հասարակական գործիչը:

Որպես բրիտանահայ համայնքային խորհրդի անդամ` Րաֆֆի Սարգսյանը մատնանշեց այն խնդիրները, որոնք այսօր առկա են հայրենիք-սփյուռք հարաբերություններում և կարգավորման կարիք ունեն: Առաջին հերթին` նա կարծում է, որ հայության համար բազվակողմանի կարևորության սփյուռքի ներուժը պետք է ճիշտ գնահատել և համակարգված օգտագործել։ «Սփյուռքի հիմնական ցավերից մեկը անկազմակերպվածությունն է: Ավանդական կուսակցությունների միջև եղած քաշքշուկների և սփյուռքում առկա բազմատեսակ մոտեցումները սերնդեսերունդ փոխանցվելու արդյունքում, այսօր ունենք ավելի շատ տարերային, քան կազմակերպված վիճակ»,-նշեց Րաֆֆի Սարգսյանը` այնուհանդերձ ավելացնելով, որ անկախությունից հետո այդ հարցը որոշ չափով դրական ընթացք է ստացել, և համագործակցությունը քաջալերվել է նաև դեսպանների միջոցով։

Րաֆֆի Սարգսյանը անդրադարձավ նաև Հայաստան-Սփյուռք համաժողովների անցկացմանը` նշելով, որ դրանք պետք է ավելի հասցեական, նեղ մասնագիտական և արդյունավետ հենքի վրա դրվեն:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀՀ նախագահի պաշտոնի համար առաջարկել է Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Նախագահին կընտրի Ազգային ժողովը մարտի 2-ին:

Անի Նազարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am