Երևանյան բեսթսելեր 4/96. «Գիշերային թռիչք» գիրքն ամենավաճառվածներից է
ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը նորից գլխավորում է Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» գիրքը, որում ընդգրկված են հեղինակի «Ապրած և չապրած տարիներ» վիպակը և 1970 թվականին հրատարակված նույնանուն գրքում զետեղված «Ինչո՞ւ են շուտ մեռնում ծաղիկները» պատմվածաշարը: Այս հրատարակության համար հիմք է ծառայել 1983-ին՝ Վարդգես Պետրոսյանի 85-ամյակի կապակցությամբ լույս տեսած երկհատորյակը: Կազմել և խմբագրել է Աշոտ Գաբրիելյանը:
Երկրորդ հորիզոնականում Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն է: Այն մարդկային բարդ հարաբերությունների՝ սիրո, ընկերության, դավաճանության մասին է: Հեղինակը փորձել է անդրադառնալ նաև հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից: Գրքի խմբագիրն է Դավիթ Գյուրջինյանը:
Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» վեպն այս անգամ երրորդն է: Ստեղծագործությունում նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է: Գիրքը խմբագրել է Հովհաննես Այվազյանը:
Իր դիրքերը բարելավել և չորրորդ տեղն է գրավել Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» վեպը: Այն պատմություն է պատերազմի հետքերն իրենց վրա կրող երիտասարդների մասին: Ռոբերտ Լոհքամփի, Օտտո Քյոսթերի և Գոթֆրիդ Լենցի ընկերությունը կոփվել է պատերազմի դաշտում: Կորցնելով շատ հարազատ մարդկանց, տեսնելով մահը, կյանքի համար պայքարը, ցավը, զգալով վախն իր գերագույն արտահայտությամբ՝ այս ընկերները ամուր կառչած են իրարից, նրանց հիշողությունները, տառապանքները և ճակատագրերը շատ նման են իրար: Գիրքը համաշխարհային գրականության գլուխգործոցներից է: Գերմաներենից թարգմանել է Վանուհի Բաղմանյանը, խմբագրել է Լուսինե Համբարյանը:
Բրազիլացի հանրահայտ գրող Պաուլու Կոելյուի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Ալքիմիկոսը», զիջել է իր դիրքերը և հինգերորդն է: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ: Գիրքը թարգմանել է Աննա Մարությանը, խմբագիրն է Արքմենիկ Նիկողոսյանը:
Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» ստեղծագործությունը վեցերորդն է: Գիրքն ընթերցողին հնարավորություն է տալիս ապրել կյանքերով, որոնք իրենը չեն: Բրունոյի և Շմուելի ընկերությունը «Զոլավոր գիշերազգեստով տղան» վիպակում հենց այդպիսին է. դրա շնորհիվ մարդիկ նորովի են ընկալում Հոլոքոսթը: Հերոսների հետագա ճակատագրի մասին ընթերցողը շարունակում է մտածել նաև գրքի վերջին էջը փակելուց շատ հետո: Գործը ստիպում է այլ` թարմ հայացքով նայել կյանքի իրողություններին, նոր տեսանկյունից դիտարկել դրանք: Վիպակը լույս է տեսել Ռուզան Ազիզյանի թարգմանությամբ, խմբագիրն է Արմեն Սարգսյանը:
Յոթերորդ հորիզոնականում Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը» վեպն է: Այն հեղինակի ամենահայտնի ստեղծագործությունն է, որ խորհրդանշում է 20-րդ դարի վեպի որակական նոր մակարդակը: Գիրքը սիրո և մարդկային ոչ սովորական հարաբերությունների, պատմության ողբերգական մի ժամանակահատվածի մասին է՝ փիլիսոփայական ինքնատիպ խորհրդածություններով, որոնք վերաբերում են մարմնի և հոգու անհամատեղելի երկվությանը, իրական հնարավորություններին ու դրանց իրականացման դժվարությանը: Թարգմանել է Շուշանիկ Թամրազյանը, խմբագրել Արքմենիկ Նիկողոսյանը:
Ութերորդ տեղում նոր գիրք է՝ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Գիշերային թռիչքը»: Այն թարգմանել է Շուշանիկ Թամրազյանը: «Գիշերային թռիչք» վիպակն Էքզյուպերիի երկրորդ արձակ ստեղծագործությունն է: Փոստային առաքումներ իրականացնող ավիաընկերության տնօրեն Ռիվիերն ու իր գործընկերները պայքարում են հանուն գիշերային թռիչքների, որոնք անիմանալի խիզախում են պահանջում օդաչուներից: Վիպակում պատկերված են կյանքի և մահվան սահմանեզրին կանգնած մարդու ապրումները, մահը ժխտող անխորտակ հույսը: Այն առաջին անգամ լույս է տեսել 1931 թվականին «Գալիմար» հրատարակչությունում, նույն թվականին արժանացել է «Femina» գրական մրցանակին՝ համընդհանուր ճանաչում բերելով հեղինակին:
Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ» գիրքը իններորդն է: Ժողովածուն ընդգրկում է նշանավոր գրողի մի շարք լավագույն նորավեպեր` Արա Առաքելյանի և Մարգարիտ Առաքելյանի թարգմանությամբ: Երկերի սյուժեի բանաստեղծական խորհրդատվություն, դրամատիկ կառուցվածք, կերպարների ամբողջականություն, բնավորությունների հոգեբանական խոր վերլուծություն, հյութեղ լեզու. այս ամենի և այլ արժանիքների շնորհիվ Ստեֆան Ցվայգը դարձել է ամենապահանջված հեղինակներից մեկը: Գիրքը խմբագրել է Հովհաննես Այվազյանը:
Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Ջորջ Օրուելի «1984» ստեղծագործությունը: Հեղինակի 1949 թվականին հրատարակված հանրահայտ վեպը նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին անգամ լույս տեսավ միայն 1988-ին: Տարբեր ժամանակներում, տարբեր երկրներում վեպը պարբերաբար արգելվել է՝ երբեմն ծիծաղելի պատճառաբանություններով: Հայերեն լույս է տեսել առաջին անգամ: Անգլերենից թարգմանել է Աստղիկ Աթաբեկյանը, խմբագրել՝ Ներսես Աթաբեկյանը:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (23-26-49) գրախանութների ցանցերը: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
1 | Վարդգես Պետրոսյան «Ապրած և չապրած տարիներ» | Դարակ | 87 | ||
2 | +2 | Էդգար Հարությունյան «Չգտնված երիցուկներ» | Անտարես | 50 | |
3 | -1 | Մարկ Արեն «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» | Բուկինիստ | 27 | |
4 | +2 | Էրիխ Մարիա Ռեմարկ «Երեք ընկեր» | Էդիթ Պրինտ | 19 | |
5 | -2 | Պաուլու Կոելյու «Ալքիմիկոսը» | Անտարես | 18 | |
6 | +1 | Ջոն Բոյն «Զոլավոր գիշերազգեստով տղան» | Վերնատուն | 13 | |
7 | +2 | Միլան Կունդերա «Կեցության անտանելի թեթևությունը» | Անտարես | 12 | |
8 | Նոր | Անտուան դը Սենտ-Էքզյուպերի «Գիշերային թռիչք» | Էդիթ Պրինտ | 12 | |
9 | +1 | Ստեֆան Ցվայգ «Ընտիր նովելներ» | Բուկինիստ | 10 | |
10 | * | Ջորջ Օրուել «1984» | Անտարես | 9 |
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում