1000х90.jpg (78 KB)

Երևանյան բեսթսելեր 4/96. «Գիշերային թռիչք» գիրքն ամենավաճառվածներից է

Armenpress 10:45, 2 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը նորից գլխավորում է Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» գիրքը, որում ընդգրկված են հեղինակի «Ապրած և չապրած տարիներ» վիպակը և 1970 թվականին հրատարակված նույնանուն գրքում զետեղված «Ինչո՞ւ են շուտ մեռնում ծաղիկները» պատմվածաշարը: Այս հրատարակության համար հիմք է ծառայել 1983-ին՝ Վարդգես Պետրոսյանի 85-ամյակի կապակցությամբ լույս տեսած երկհատորյակը: Կազմել և խմբագրել է Աշոտ Գաբրիելյանը:

Երկրորդ հորիզոնականում Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն է: Այն մարդկային բարդ հարաբերությունների՝ սիրո, ընկերության, դավաճանության մասին է: Հեղինակը փորձել է անդրադառնալ նաև հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից: Գրքի խմբագիրն է Դավիթ Գյուրջինյանը:

Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» վեպն այս անգամ երրորդն է: Ստեղծագործությունում նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է: Գիրքը խմբագրել է Հովհաննես Այվազյանը:

Իր դիրքերը բարելավել և չորրորդ տեղն է գրավել Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» վեպը: Այն  պատմություն է պատերազմի հետքերն իրենց վրա կրող երիտասարդների մասին: Ռոբերտ Լոհքամփի, Օտտո Քյոսթերի և Գոթֆրիդ Լենցի ընկերությունը կոփվել է պատերազմի դաշտում: Կորցնելով շատ հարազատ մարդկանց, տեսնելով մահը, կյանքի համար պայքարը, ցավը, զգալով վախն իր գերագույն արտահայտությամբ՝ այս ընկերները ամուր կառչած են իրարից, նրանց հիշողությունները, տառապանքները և ճակատագրերը շատ նման են իրար: Գիրքը համաշխարհային գրականության գլուխգործոցներից է: Գերմաներենից թարգմանել է Վանուհի Բաղմանյանը, խմբագրել է Լուսինե Համբարյանը:

Բրազիլացի հանրահայտ գրող Պաուլու Կոելյուի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Ալքիմիկոսը», զիջել է իր դիրքերը և հինգերորդն է: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ: Գիրքը թարգմանել է Աննա Մարությանը, խմբագիրն է Արքմենիկ Նիկողոսյանը:

Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» ստեղծագործությունը վեցերորդն է: Գիրքն ընթերցողին հնարավորություն է տալիս ապրել կյանքերով, որոնք իրենը չեն: Բրունոյի և Շմուելի ընկերությունը «Զոլավոր գիշերազգեստով տղան» վիպակում հենց այդպիսին է. դրա շնորհիվ մարդիկ նորովի են ընկալում Հոլոքոսթը: Հերոսների հետագա ճակատագրի մասին ընթերցողը շարունակում է մտածել նաև գրքի վերջին էջը փակելուց շատ հետո: Գործը ստիպում է այլ` թարմ հայացքով նայել կյանքի իրողություններին, նոր տեսանկյունից դիտարկել դրանք: Վիպակը լույս է տեսել Ռուզան Ազիզյանի թարգմանությամբ, խմբագիրն է Արմեն Սարգսյանը:

Յոթերորդ հորիզոնականում Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը» վեպն է: Այն հեղինակի ամենահայտնի ստեղծագործությունն է, որ խորհրդանշում է 20-րդ դարի վեպի որակական նոր մակարդակը: Գիրքը սիրո և մարդկային ոչ սովորական հարաբերությունների, պատմության ողբերգական մի ժամանակահատվածի մասին է՝ փիլիսոփայական ինքնատիպ խորհրդածություններով, որոնք վերաբերում են մարմնի և հոգու անհամատեղելի երկվությանը, իրական հնարավորություններին ու դրանց իրականացման դժվարությանը: Թարգմանել է Շուշանիկ Թամրազյանը, խմբագրել Արքմենիկ Նիկողոսյանը:

Ութերորդ տեղում նոր գիրք է՝ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Գիշերային թռիչքը»: Այն թարգմանել է Շուշանիկ Թամրազյանը: «Գիշերային թռիչք» վիպակն Էքզյուպերիի երկրորդ արձակ ստեղծագործությունն է: Փոստային առաքումներ իրականացնող ավիաընկերության տնօրեն Ռիվիերն ու իր գործընկերները պայքարում են հանուն գիշերային թռիչքների, որոնք անիմանալի խիզախում են պահանջում օդաչուներից: Վիպակում պատկերված են կյանքի և մահվան սահմանեզրին կանգնած մարդու ապրումները, մահը ժխտող անխորտակ հույսը: Այն առաջին անգամ լույս է տեսել 1931 թվականին «Գալիմար» հրատարակչությունում, նույն թվականին արժանացել է «Femina» գրական մրցանակին՝ համընդհանուր ճանաչում բերելով հեղինակին:

Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ» գիրքը իններորդն է: Ժողովածուն ընդգրկում է նշանավոր գրողի մի շարք լավագույն նորավեպեր` Արա Առաքելյանի և Մարգարիտ Առաքելյանի թարգմանությամբ: Երկերի սյուժեի բանաստեղծական խորհրդատվություն, դրամատիկ կառուցվածք, կերպարների ամբողջականություն, բնավորությունների հոգեբանական խոր վերլուծություն, հյութեղ լեզու. այս ամենի և այլ արժանիքների շնորհիվ Ստեֆան Ցվայգը դարձել է ամենապահանջված հեղինակներից մեկը: Գիրքը խմբագրել է Հովհաննես Այվազյանը:

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Ջորջ Օրուելի «1984» ստեղծագործությունը: Հեղինակի 1949 թվականին հրատարակված հանրահայտ վեպը նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին անգամ լույս տեսավ միայն 1988-ին: Տարբեր ժամանակներում, տարբեր երկրներում վեպը պարբերաբար արգելվել է՝ երբեմն ծիծաղելի պատճառաբանություններով: Հայերեն լույս է տեսել առաջին անգամ: Անգլերենից թարգմանել է Աստղիկ Աթաբեկյանը, խմբագրել՝ Ներսես Աթաբեկյանը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (23-26-49) գրախանութների ցանցերը: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ 1 Վարդգես Պետրոսյան «Ապրած և չապրած տարիներ» Դարակ 87 2 +2 Էդգար Հարությունյան «Չգտնված երիցուկներ» Անտարես 50 3 -1 Մարկ Արեն «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» Բուկինիստ 27 4 +2 Էրիխ Մարիա Ռեմարկ «Երեք ընկեր» Էդիթ Պրինտ 19 5 -2 Պաուլու Կոելյու «Ալքիմիկոսը» Անտարես 18 6 +1 Ջոն Բոյն «Զոլավոր գիշերազգեստով տղան» Վերնատուն 13 7 +2 Միլան Կունդերա «Կեցության անտանելի թեթևությունը» Անտարես 12 8 Նոր Անտուան դը Սենտ-Էքզյուպերի «Գիշերային թռիչք» Էդիթ Պրինտ 12 9 +1 Ստեֆան Ցվայգ «Ընտիր նովելներ» Բուկինիստ 10 10 * Ջորջ Օրուել «1984» Անտարես 9

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am