Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արիֆ Յունուսովը փաստել է Հեյդար Ալիևի՝ Բաքվում հայերի ջարդի կազմակերպիչ լինելու հանգամանքը

Արիֆ Յունուսովը փաստել է Հեյդար Ալիևի՝ Բաքվում հայերի ջարդի կազմակերպիչ լինելու 
հանգամանքը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլանդիայում քաղաքական վտարանդիության մեջ գտնվող ադրբեջանցի իրավապաշտպան, պատմաբան Արիֆ Յունուսովը պնդել է, որ 1990թ-ին Բաքվի հայերի ջարդը կազմակերպվել է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հրամանով: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Արիֆ Յունուսովը հայտնել է Ադրբեջանում գործող ընդդիմադիր ինտերնետային «Օբյեկտիվ» հեռուստատեսությանը տված հարցազրույցում: 

Ադրբեջանցի իրավապաշտպանը նշել է , որ Հեյդար Ալիևի հրահանգով է կազմակերպվել նաև  1990թ. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիան ցրելու նպատակով խորհրդային զորքերի մուտքը Բաքու, որի ժամանակ ընդդիմադիրների և խորհրդային զորքերի բախման հետևանքով 100-ից ավելի քաղաքացի է սպանվել: 

Իրավապաշտպանը նշել է, որ Հեյդար Ալիևն այս ամենը կազմակերպել է հետագայում իշխանության գալու նպատակով: 

«Հունվարի 20-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ շատ հորինվածքներ կան, այդ իրադարձությունները ներկայացվել են որպես ազգային-ժողովրդավարական շարժման ժամանակ կատարված հերոսական պայքարի փառավոր էջ, ինչի արդյունքն է ներկայիս Ադրբեջանի Հանրապետության անկախացումը: Իրականում 1990թ-ի հունվարի դեպքերը կապված են Հեյդար Ալիևի հետ և կատարվել են նրա հրամանով»,-նշել է Արիֆ Յունուսովը: 

Յունուսովը հայտնում է, որ ինքն այն ժամանակ անձամբ կարդացել է Միխայիլ Գորբաչովի հանձնարարությամբ Հեյդար Ալիևեի դեմ բացված քննության նյութերի մի մասը: 

«Քննության արդյունքներն Ալիևի համար բացասական էին լինելու: 1990թ-ի հունվարի վերջին տեղի էր ունենալու Ադրբեջանի Կոմկուսի կենտկոմի պլենումը և Հեյդար Ալիևն իր թիմով վտարվելու էր կուսակցությունից և քաղաքականությունից:  Ալիևը գիտեր այդ ամենի մասին, ուստի  իր մարդկանց  միջոցով ( Էլչիբեյ, Նեմաթ Փանահլի, ալիևյան կլանից Ֆազաիլ Աղամալի, Բեջան Ֆարզաիլով)  անցնում է ակտիվ քայլերի Կոմկուսում և երկրի ներսում: Նեմաթ Փանահլին, ով 1989թ-ին դեկտեմբերի 31-ին կազմակերպել էր Նախիջևանի պետական սահմանի քանդումը, հունվարին  նախաձեռնեց նաև հայերի ջարդերը,  քանզի գտնում էր, որ ստեղծված վիճակից դուրս գալու համար պետք է շատ արյուն թափել խառնաշփոթ ստեղծելու համար»,- հայտնել է նա: 

Յունուսովը հարցազրույցում նշում է, որ Փանահլին զբաղվում էր հայերի կոտորածներով և հարստահարմամբ, իսկ Էլչիբեյը Հեյդար Ալիևին իշխանության բերելու և նրա հեղինակությունը բարձրացնելու հարցերով: 

« Պետական անվտանգության կոմիտեի գնդապետ  Օլեգ Ալիևն ինձ բացահայտ ասել է, որ  և Ադրբեջանական, և Ռուսական ՊԱԿ-երը տեղյակ էին այս ամենից, սակայն ոչինչ չէին ձեռնարկում հայերի ջարդերը կանխելու համար: Մոսկվան այս  ամենը օգտագործեց խորհրդային զորքերը Բաքու մտցնելու համար: Այսպիսով` հունվարի վերջին պլանավորված ԽՍՀՄ Գլխավոր դատախազության նիստը, ինչպես նաև Կոմկուսի պլենումը տեղի չունեցան, Հեյդար Ալիևի դեմ Գորբաչովի հանձնարարությամբ սկսված քննությունը փակվեց և որոշ ժամանակ հետո Ալիևն իշխանության եկավ»,- հայտնել է Յունուսովը: 

Արիֆ Յունուսովը 1992-1993թթ. եղել է Ադրբեջանի նախագահի ապարատի տեղեկատվական-վերլուծական բաժնի պետը և զբաղվել է 1990թ-ի հայկական ջարդերի հետաքննությամբ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am