Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Սեպտեմբեր

Մարզպետը ներդրումային ծրագրերով Գեղարքունիքում 2 հազար 546 աշխատատեղի ստեղծում է ակնկալում


ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետարանի ակնկալիքները շատ են այլընտրանքային էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում, որտեղ մեծ հետաքրքրություն ու շահագրգռվածություն են հանդես բերում իսպանական, Արաբական Միացյալ էմիրությունների, այլ երկրների ընկերությունները: Վերջիններս հողմային եւ արեւային էլեկտրակայանների կառուցման հայտեր են ներկայացրել մարզի մի շարք համայնքներում՝ Մեծ Մասրիկում, Վարսերում, այլ տեղերում: Այս և այլ ծրագրերի մասին «Արմենպրես»-ը զրուցել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի հետ:

-Պարոն Բոթոյան, 2017 թվականն, ընդհանուր առմամբ, ինչպիսի՞ տարի էր Գեղարքունիքի մարզի համար, ի՞նչ կարևոր ձեռքբերումներ կառանձնացնեք:

-Ամենանշանակալի ձեռքբերումը, թերեւս, Վարդենիս-Մարտակերտ  ռազմավարական նշանակության ճանապարհի շահագործումն էր, որով Գեղարքունիքի մարզը ճանապարհատրանսպորտային հաղորդակցության մեծ նշանակություն ձեռք բերեց Հայաստանի և Արցախի միջև, ինչպես նաև՝ տնտեսական կապերի ամրապնդման ու աշխուժացման մեծ  հնարավորություններ: Նշանակալի է նաև Մարտունի-Վարդենիկ և Երանոս-Ծակքար միջհամայնքային, Երևան-Սևան-Իջևան միջպետական ճանապարհների հիմնանորոգումը պետական միջոցների հաշվին, որտեղ ներդրված մի քանի միլիարդ դրամներն  արդյունավետորեն  ծառայելու են տասնյակ հազարավոր քաղաքացիների, մեր երկրի տնտեսության զարգացման կարիքներին: Սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության ծրագրեր իրականացվեցին գյուղատնտեսության, կրթության, մշակույթի, առողջապահության, բնապահպանության, արտաքին կապերի  և այլ ոլորտներում: Գրանցված ձեռքբերումները հուսալի հիմք են՝ նոր  տարում ավելի  եռանդով  ու հոգատարությամբ հայրենաշինությանը զարկ տալու համար: 

Գյուղատնտեսության ոլորտում թեև տարին անբարենպաստ եղավ ձմեռվա տևական ու սաստիկ ցրտերի և ամռան ամիսներին գրանցված երաշտի պատճառով, ինչը բացասաբար ազդեց  անասնամթերքների, հացահատիկի ու անասնակերի արտադրության ծավալների վրա, այդուհանդերձ, հաջողվեց առանձին ճյուղերում արձանագրել ձեռքբերումներ: Անասնաբուծական մթերքների արտադրությունը 2017 թվականին 2016  թվականի համեմատությամբ ավելացել է 3-4 տոկոսով:  2017 թվականին մարզում արտադրվել է 31000 հազ. տոննա միս, 142000 հազ. տոննա կաթ և 70 մլն. հատ ձու: Կարտոֆիլի ցանքատարածությունները 2017 թվականին 2016-ի համեմատությամբ կրճատվել են 1322 հա-ով, սակայն ի հաշիվ 1 հա-ի միջին բերքատվության բարձրացման՝ 2016 թվականին 206 հազար տոննայի փոխարեն արտադրվել է 213.9 հազ.տոննա: Բանջարաբոստանային մշակաբույսերից  ստացվել է 38754 տոննա բերք, նախորդ տարվա 214 ցենտների դիմաց միջին բերքատվությունը հասել է 255ցենտների: Կաղամբի 916 հա-ից  ստացել ենք 31123 տոննա բերք, նախորդ տարվա համեմատ՝միջին բերքատվությունը 277 ցենտների փոխարեն կազմել է 340 ցենտներ:Կատարվել է շուրջ 11000 հեկտար աշնանացան:

Առողջապահության  ոլորտում  առաջընթաց է համարվում վճարովի ծառայությունների ավելացումը, էլեկտրոնային առողջապահության հիմնումը,նորագույն բժշկական սարքերի ձեռքբերումը, ֆրանսիական «Բժշկական օգնություն և զարգացում» կազմակերպության հետ համագործակցությամբ սահմանամերձ գյուղերի բուժկետերի հիմնանորոգումը  և տեխնիկական վերազինումը:

-2018 թվականի համար որո՞նք են մարզպետարանի առաջնահերթությունները:

- Մարզի 2018 թվականի տարեկան աշխատանքային պլանն իր մեջ ներառում է՝ մասնավոր հատվածի և ՓՄՁ զարգացման, զբոսաշրջության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության, առողջապահության, սոցիալական ապահովության, գյուղատնտեսության, բնապահպանության, քաղաքաշինության, մարզային և համայնքային ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, քաղաքացիական հասարակության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտները:

Զարգացման ծրագրեր կիրականացվեն թե ՀՀ կառավարության  կողմից, թե միջազգային ու տեղական կազմակերպությունների աջակցությամբ: Մեր ակնկալիքները շատ են հատկապես այլընտրանքային էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում, որտեղ մեծ հետաքրքրություն ու շահագրգռվածություն են հանդես բերում իսպանական, Արաբական Միացյալ էմիրությունների, այլ երկրների ընկերությունները, որոնք հողմային եւ արեւային էլեկտրակայանների կառուցման հայտեր են ներկայացրել մարզի մի շարք համայնքներում՝ Մեծ Մասրիկում, Վարսերում, այլ տեղերում: Պետական միջոցներով խոշոր ծրագրեր կիրականացվեն ճանապարհաշինության, գյուղատնտեսության, դպրոցաշինության, բնապահպանության ոլորտներում: Գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցությամբ կկառուցվեն ոռոգման համակարգեր, կջրարբիացվեն տասնյակ հազարավոր հեկտարների արոտներ, համայնքները կստանան նորագույն գյուղտեխնիկա եւ գյուղգործիքներ: Օգոստոսին շահագործման կհանձնվի Սևանի բժշկական կենտրոնի շենքը, որտեղ պետության կողմից ներդրվել է շուրջ 880 միլիոն դրամ:

- Դեռ նախորդ տարի Գեղարքունիքի մարզը ՀՀ կառավարությանը ներկայացրել էր մի շարք ներդրումային ծրագրեր, որոնց մի մասը հավանության էր արժանացել: Ի՞նչ բնույթի ծրագրերի մասին է խոսքը և ի՞նչ ընթացք ստացավ այդ գործընթացը: Արդյո՞ք դրանց կամ այլ ներդրումային ծրագրերի կյանքի կոչմամբ այս տարի նոր աշխատատեղեր են սպասվում:

- 2016 թվականին մեր մարզից ՀՀ կառավարություն է ներկայացվել ներդրումային 9 ծրագիր, որոնցից կառավարության հավանությանն է արժանացել 6-ը, ֆինանսավորվել 2-ը: Ֆինանսավորվող ձեռնարկություններից մեկը եղել է Վարդենիս քաղաքում գործող  շինշիլաբուծական  ձեռնարկությունը, մյուսը՝ Ակունք գյուղում գործող «Էկոկաթ» պանրի արտադրական  ձեռնարկությունը: Երկու դեպքում էլ տրամադրված  միջոցներն ուղղվել են վերոնշյալ ձեռնարկությունների ընդլայնմանը եւ զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը: Բացի այդ, միջազգային և տեղական դոնոր կազմակերպությունների կողմից  2016-17 թվականներին մարզում ներդրվել է 10,8 մլրդ դրամի ծրագիր, իսկ պետական բյուջեից՝ 498 մլն դրամ:Այդ ներդրումների արդյունքում 2017 թվականին մարզում ստեղծվել է շուրջ 1504 հիմնական և ժամանակավոր աշխատատեղ: Ըստ Գեղարքունիքի մարզի 2018 թվականի տարեկան աշխատանքային պլանի՝ ներդրումային ծրագրերի իրականացման արդյունքում ակնկալվում է մարզում ստեղծել շուրջ 2546 հիմնական և ժամանակավոր աշխատատեղ:

2017թվականի  մայիսին Սևան համայնքը անդամակցել է ԵՄ «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» ծրագրին, մասնակցել ծրագրի «Պիլոտային նախագծեր» դրամաշնորհային մրցույթին և ճանաչվել հաղթող, որի արդյունքում 2018-2019 թվականներին համայնքում կիրականացվի «Նորարարության խթանման կայուն հարթակ» ծրագիրը: Բյուջեն 538.577 եվրո է, որից ԵՄ ֆինանսավորումը կազմում է 89.12, համայնքային ներդրումը` 10.88 տոկոս: Ծրագրի արդյունքում նախատեսված է բիզնես կենտրոնի ստեղծում, որը նպաստելու է գործարար միջավայրի բարելավմանը, զբոսաշրջային հոսքերի ավելացմանը, ներդրումների  ներգրավմանը և աշխատատեղերի ստեղծմանը:

Շորժա համայնքում իրականացվելու է «Ծովափնյա զբոսաշրջության զարգացում» ծրագիրը, որի արժեքը կազմում է 120 մլն. դրամ: Մարտունի համայնքում իրականացվելու է գիշերակացի կառուցում, մեղվաբուժության կազմակերպում, որի արժեքը կազմում է 3 մլն.դրամ: 2018 թվականին Կալավանում ևս կշարունակվի մասնավոր հատվածի և միջազգային կազմակերպությունների կողմից ներդրումային ծրագրերի իրագործումը, որը կխթանի զբոսաշրջության զարգացմանը: Կարող են մեկնարկել նաև այլընտրանքային էլեկտրաէներգիայի արտադրության հիմնման ծրագրերը: Քայլեր են ձեռնարկվում, որպեսզի մարզում հնարավորինս  նվազեցվի գործազրկության տոկոսը:

-Պարոն մարզպետ, թերևս, բոլոր մարզերում աղբահանության խնդիրը շարունակում է օրակարգային մնալ: Նախորդ տարի Գեղարքունիքի մարզպետարանը զգալի աշխատանք է կատարել աղբահանությունն ավելի լավ կազմակերպելու համար: Ի՞նչ արդյունքների մասին կարող ենք խոսել և այս տարի ի՞նչ աշխատանքներ են նախատեսված:

- Աղբահանության  և «Մաքուր Հայաստան» ծրագրի կատարման ուղղությամբ առավել նկատելի են կատարված աշխատանքները: Այսպես,մարզում 2017 թվականի սկզբից կար 138 աղբավայր, որից 29-ն էր միայն ամրագրված  քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով: Անցնող տարվա ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքում փակվել է 100 աղբավայր: Այս պահի դրությամբ մնում է փակելու 9 աղբավայր, որի ուղղությամբ այս տարվա ընթացքում կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ: 2017 թվականի մինչև սեպտեմբեր ամիսը իրավաբանական անձանց հետ կնքված է եղել 858 պայմանագիր: Աղբահանության ուղղությամբ իրականացված միջոցառումների շրջանակներում արդեն ունենք կնքված 1725 պայմանագիր: Իսկ սա նշանակում է, որ այժմ  իրավաբանական անձանցից գանձվում է ավելի քան 25 մլն. դրամ, իսկ ֆիզիկական անձանցից հավաքագրումը կկազմի շուրջ 59 մլն. դրամ, և հավաքագրված միջոցներն ավելի արդյունավետորեն կծառայեն բնակավայրերի ու շրջակա միջավայրի մաքրության պահպանման խնդիրներին: Այս ուղղությամբ մենք պետք է ավելի հետևողական ու մշտական աշխատանք տանենք, որպեսզի խնդրին կարողանանք տալ արմատական լուծում, եթե ուզում ենք Սևանա լիճն ու նրա ջրահավաք ավազանը զերծ պահել կենցաղային աղբի թափոններով  աղտոտվելու վտանգից:

-Պարոն մարզպետ, հաճախ զբոսաշրջիկներից, տուրիստական ընկերություններից դժգոհություն ենք լսում միջհամայնքային ճանապարհների վատ լինելու մասին: Այս տարվա ընթացքում ճանապարհաշինարարական ի՞նչ աշխատանքներ եք իրականացնելու:

-Պետական բյուջեի միջոցներից նախատեսված 1 միլիարդ 300 միլիոն դրամի կեսից ավելին՝ շուրջ 850-900 միլիոն դրամը, ներդրվելու է Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության 5,8 կիլոմետր երկարության ճանապարհահատվածի հիմնանորոգմանը: Մնացած գումարներն ուղղվելու են հանրապետական կամ միջհամայնքային նշանակության ճանապարհների հիմնանորոգմանը: Կվերականգնվի Մարտունի-Վարդենիս ճանապարհի 32-րդ կիլոմետր հատվածի նստվածքը, Սեմյոնովկա համայնքի ճանապարհի վթարված հենապատը մայրուղուց Ծովագյուղ և մայրուղուց Հայրավանքի եկեղեցի տանող ճանապարհները, կհիմնանորոգվեն Գանձակ-Ծաղկաշեն միջհամայնքային ճանապարհի և Կարճաղբյուջրի թաղամասերն իրար կապող կամուրջները:

Այս պահին կազմվում են թվարկված օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղթերը: Շինարարական աշխատանքները կմեկնարկեն ապրիլ-մայիս ամիսներից: Չի բացառվում, որ տարվա ընթացքում ի հայտ գան նոր ներդրումներ ճանապարհաշինության մեջ, գտնվեն նոր միջոցներ, որոնք ուղղված կլինեն միջպետական, հանրապետական կամ միջհամայնքային ու համայնքային նշանակության ճանապարհների նորոգմանը: Անշուշտ, մի շարք համայնքներում ճանապարհներ կասֆալտապատվեն տեղական բյուջեների միջոցներով: Այս առումով նախորդ տարիներին առավել աչքի են ընկել Վարդենիկ, Ներքին Գետաշեն, Երանոս գյուղերը, Սևան քաղաքը: Անչափ շատ ենք կարևորում Սևան-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ճանապարհի հիմնանորոգումը, որը ոչ միայն էականորեն կկրճատի Հայաստանի հյուսիսային մարզերի համար դեպի  Արցախի Հանրապետություն տանող ճանապարհի երկարությունը, այլ նաև մեծապես կխթանի Սևանա լճի հյուսիսային ու արևելյան ափի բնակավայրերի տնտեսական աշխուժացմանն ու զարգացմանը:

Ընդհանուր առմամբ, մենք ունենք նորոգելու 13,5 կմ. միջպետական, 25 կմ. հանրապետական և 259 կմ. մարզային նշանակության ճանապարհներ, ինչի համար մեզ և՛ տարիներ է հարկավոր, և՛ համապատասխան միջոցներ:

-Այս տարվա ընթացքում կրթական հաստատությունների վերանորոգման, նորերի կառուցման ի՞նչ ծրագրեր կան նախատեսված:

-Գեղարքունիքի մարզում 2018 թվականին պետական բյուջեի միջոցներով կհիմնանորոգվեն 1 մշակույթի տան եւ հանրակրթական 3 դպրոցների շենքեր: Այդ նպատակով պետական բյուջեի միջոցներից հատկացվել է 396 միլիոն 412 հազար դրամ, որից 157 հազար դրամը տրամադրվելու է Սևան քաղաքի մշակույթի տան, 147 միլիոն 347 հազար դրամը՝ Զոլաքարի թիվ 2 միջնակարգ դպրոցի, 42 միլիոն 931 հազար դրամը՝ Սևան քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի և 49 միլիոն 115 հազար դրամը՝ Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի շենքերի հիմնանորոգմանը: Սևանի մշակույթի տանը, թիվ 1 հիմնական  և Զոլաքարի թիվ 2 միջնակարգ դպրոցներում շինարարական աշխատանքները կարող են մեկնարկել ցանկացած օր, քանի որ այդ օբյեկտներում նախորդ տարիներից է պետական միջոցներով ու փուլերով իրականացվել հիմնանորոգում, իսկ այս տարի ընդամենը ընթանալու է շարունակման փուլը: Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցում հիմնանորոգումը սկսվում է այս տարվանից  և ընթանալու է առաջիկա տարիների ընթացքում, ուստի և այստեղ շինարարական աշխատանքները կարող են մեկնարկել հայտարարված մրցույթի կայացումից հետո միայն: Սևանի թիվ 1 հիմնական դպրոցում այս վերջին հատկացումով կավարտվի հիմնանորոգման ծրագիրը, իսկ ահա Սևանի մշակույթի տան, Զոլաքարի թիվ 2 և Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցներում հիմնանորոգման համար պետբյուջեից միջոցներ կհատկացվեն նաև մոտակա տարիներին՝ ծրագրերն ամբողջությամբ ավարտելու համար:  Ասիական զարգացման բանկի միջոցներով հիմքից կառուցվում է Գավառ քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցը, որի արժեքը կազմում է 3 միլիոն ԱՄՆ դոլար:

2017 թվականին «Հայաստանի Տարածքային Զարգացման հիմնադրամի»  միջոցներով  և համայնքների համաֆինանսավորմամբ մեկնարկեց Վարդաձորի մանկապարտեզի կառուցումը, որը կավարտվի 2018 թվականին: 2017 թվականի ամռանը նույն միջոցներով մեկնարկել են նաև Գավառ քաղաքի թիվ 5, Սևան քաղաքի «Գալիք» մանկապարտեզների հիմնանորոգման և Լիճք համայնքի մշակույթի տունը մանկապարտեզի վերափոխելու աշխատանքները: Այս կառույցները նախատեսվում է շահագործման հանձնել 2018 թվականին: Այս հարցում կարևոր դեր ունեն նաև նախակրթարանները: Մարզի 57 համայնքներից 38-ում գործում են 58 նախակրթարաններ, որից 44-ը գործում են հանրակրթական դպրոցներում, իսկ 14-ը՝ մանկապարտեզներում: 2017-18 ուսումնական տարում մարզի ևս 6 ուսումնական հաստատություններում բացվել են նախակրթարաններ, որից  3-ը Համաշխարհային բանկի աջակցությամբ/ Հայրավանքի, Ակունքի, Մարտունու թիվ 1/ և 3-ը՝ «Փրկեք երեխաներին» կազմակերպության աջակցությամբ / Գեղարքունիքի, Վարսերի, Վաղաշենի միջնակարգ դպրոցներ/: Քանի որ մարզում ընթացքի մեջ է համայնքների խոշորացման ծրագիրը, նախատեսում ենք այդ գործընթացից հետո ձեռնամուխ լինել մանկապարտեզների կառուցման կամ հիմնանորոգման խնդիրների իրականացմանը:Բացի այդ, նախորդ տարիներին պետբյուջեի միջոցներով հիմքից մանկապարտեզի շենք է կառուցվել Ներքին Գետաշենում, «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» միջոցներով կապիտալ նորոգման ենթարկվել Ծակքարի մանկապարտեզի շենքը: Երկու դեպքերում էլ մանկապարտեզները կարող են գործել գույքի ձեռքբերման հարցերը լուծելուց հետո: Չի բացառվում, որ այն կարող է լինել 2018 թվականի ընթացքում:

-Գեղարքունիքի մարզում խոշորացվել է 35 համայնք, որի արդյունքում ձևավորվել է 4 կենտրոն` Շողակաթ, Ճամբարակ, Գեղամասար և Վարդենիս: Ի՞նչ արդյունքներ եք ակնկալում համայնքների խոշորացումից:

-2017 թվականի նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններ արդյունքում Գեղարքունիքի մարզում խոշորացվել են 35 համայնքներ, որի արդյունքում ձևավորվել  է 4 կենտրոն. Շողակաթ, Ճամբարակ, Գեղամասար և Վարդենիս: Այս ծրագրի նպատակը համայնքներում և բնակավայրերում ֆինանսական ու  մասնագիտական ռեսուրսների օպտիմալ կառավարումն է, որի արդյունքում համայնքները բոլոր բնակավայրերում պետք է մատուցեն որակյալ և արդյունավետ ծառայություն բնակչությանը: Համայնքների խոշորացումից ակնկալվող արդյունքը ենթակառուցվածքներ չունեցող համայնքների և կոմունիկացիաների զարգացումն է:Այս պահի դրությամբ խոշորացված համայնքներում ձևավորված են տեղական ինքնակառավարման մարմինները, համայնքների կազմ մտած բնակավայրերում նշանակված են վարչական ղեկավարները, սահմանված կարգով գույքագրվում են համայնքներում առկա բոլոր միջոցները, կազմվում և հաստատվում են 2018 թվականի բյուջեները և զարգացման ծրագրերը: Թե ինչ արդյունքներ կունենանք, դա ավելի տեսանելի կլինի առաջիկա մեկ-երկու տարիների ընթացքում, երբ կարձանագրենք առաջին լուրջ ձեռքբերումները:

Հարցազրույցը` Աննա Գզիրյանի




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ