Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԵԽԽՎ նախագահը բարձր է գնահատել օրենքի գերակայության հաստատման ուղղությամբ Հայաստանի առաջընթացը

ԵԽԽՎ նախագահը բարձր է գնահատել օրենքի գերակայության հաստատման 
ուղղությամբ Հայաստանի առաջընթացը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հունվարյան նստաշրջանին մասնակցելու նպատակով Ստրասբուրգում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԵԽ խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահ Միկելե Նիկոլետիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանդիպման սկզբում Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Միկելե Նիկոլետիին խորհրդարանական վեհաժողովի նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ` հույս հայտնելով, որ այդ ընտրությունը ԵԽԽՎ-ում դրական փոփոխություններ կբերի, և պարոն Նիկոլետիի անձնական որակներն ու փորձը լավագույնս կծառայեն կազմակերպությանը:

Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել Եվրոպայի խորհրդի հետ Հայաստանի համագործակցության բարձր մակարդակի մասին՝ ինչպես Եվրոպայի խորհրդի կանոնադրական մարմինների, այդ թվում՝ ԵԽԽՎ-ի, այնպես էլ ԵԽ կոնվենցիոն և միջկառավարական մարմինների հետ։

Նախագահ Սարգսյանը շեշտել է, որ 17 տարի առաջ Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցությունից ի վեր Եվրոպայի խորհուրդը եղել և մնում է Հայաստանում իրակա­նացվող բարեփոխումներին աջակցող կարևոր գործընկերներից: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել հատկապես վերջին տարիներին Հայաստանում համալիր բարեփոխումների իրականացման նպատակով կազմակերպությունից ստացված փորձագիտական և խորհրդատվական աջակցությունը: Նախագահը մեծ կարևորություն է տվել ԵԽԽՎ մոնիտորինգային գործընթացին, Հայաստանի վերաբերյալ համազեկուցողների զեկույցներին, որոնք Սերժ Սարգսյանի համոզմամբ, ուղղված են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը, քաղաքացիների կյանքի բարելավմանն ու Հայաստանի առաջընթացին և արձանագրում են կազմակերպությանն անդամակությունից ի վեր Հայաստանի ձեռքբերումները: Հայաստանը, Նախագահի հավաստմամբ, տրամադրված է ակտիվ փոխգործակցության: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի` կառավարման խորհրդարանական համակարգին անցնելը ևս իր դրական ազդեցությունը կունենա ԵԽԽՎ-ի հետ փոխգործակցության հետագա զարգացման գործում:

ԵԽԽՎ նախագահը նշել է, որ կազմակերպությունը և ինքն անձամբ բարձր են գնահատում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության հաստատման ուղղությամբ հաստատուն քայլերով Հայաստանի առաջընթացը և պատրաստակամ են շարունակելու արդեն իսկ արդյունավետորեն զարգացող փոխգործակցությունը:

Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ:

Հանդիպմանը քննարկվել են նաև ԵԽ-Հայաստան հարաբերությունների հետագա զարգացմանն ու համագործակցության օրակարգին վերաբերող այլ հարցեր:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]