Պաշտոնական

Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ

2 րոպեի ընթերցում

Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 24-ինՍտրասբուրգում հանդիպում է ունեցել ԵԽ Վենետիկի հանձնաժողովի (Ժողովրդավարություն՝ օրենքի միջոցով հանձնաժողով) նախագահի Ջաննի Բուքիքիոյի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, շնորհավորելով Ջաննի Բուքիքիոյին հանձնաժողովի նախագահի պաշտոնում արդեն չորրորդ անգամ վերընտրվելու կապակցությամբ` Հանրապետության Նախագահը մաղթել է նրան նորանոր հաջողություններ և ընդգծել, որ շուրջ երեսուն տարվա պատմություն ունեցող այս կառույցի բարձր հեղինակությունը նաև Վենետիկի հանձնաժողովի ստեղծման ակունքներում կանգնած Ջաննի Բուքիքիոյի արդյունավետ ու նվիրված աշխատանքի արդյունքն է։

Սերժ Սարգսյանի գնահատմամբ, Հայաստան-Եվրոպայի խորհուրդ արդյունավետ համագործակցության խորաց­ման գործում իր նշանակալի նպաստն է բերել Վենետիկի հանձնաժողովի հետ Հայաստանի սերտ և գործնական երկխոսությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում սահմա­նա­դրական փոփոխություններից հետո` այդ փոփոխություններով նախատեսված դրույթների կյանքի կոչման, իրավական դաշտի կատարելագործման ուղղությամբ Հայաստանում մեկնարկած ծավալուն աշխատանքի ընթացքին: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել մինչ այժմ մեր երկրին հանձնաժողովի կողմից ինչպես նոր Ընտրական օրենսգրքի, այնպես էլ այլ կարևոր օրենսդրական փաթեթների մշակման հարցում ցուցաբերված մասնագիտական, խորհրդատվական մեծ աջակցության համար:

Ջաննի Բուքիքիոն վստահեցրել է, որ Վենետիկի հանձնաժողովն այսուհետ ևս պատրաստակամ է շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ, և հանձնաժողովում ուրախ կլինեն ՀՀ օրենսդրական բարեփոխումների հետագա գործընթացում ևս օգտակար լինելու փորձագիտական աջակցության տրամադրմամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում