Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ԿԲ-ն հունվարի գնաճը կանխատեսում է նախորդ տարիներին արձանագրվածի շրջանակում

ԿԲ-ն հունվարի գնաճը կանխատեսում է նախորդ տարիներին արձանագրվածի 
շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դրամավարկային քաղաքականության տեսանկյունից գնաճը կառավարելի է, 2018-ին կանխատեսվում է, որ այն աստիճանաբար կմոտենա 4 տոկոս նպատակային ցուցանիշին ու կկայունանա դրա շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ազգային ժողովում խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Նա նշեց, որ իրենց կառույցը գնաճի օպերատիվ դիտարկումներ իրականացնում է տասնօրյա կտրվածքով և հաշվարկներ կատարում օրենսդրությամբ պայմանավորվող ազդեցությունների առնչությամբ: «Մեր օպերատիվ դիտարկումներով, որոնք կատարվել են դեկտեմբերի 20-ից հունվարի 20-ը, չնայած բենզինի, դիզելային վառելիքի և սեղմված գազի սակագների բարձրացմանը, հունվարին գնաճը կլինի նախորդ տարիներին արձանագրվածի շրջանակներում: Ամբողջ 2018-ի համար, ինչպես կանխատեսվել է, այդ փոփոխությունները և դրանց երկրորդային ազդեցությունները գնաճին նպաստելու են 1 տոկոսով: Կենտրոնական բանկը գնահատել է նաև վարչարարության խստացման ազդեցությունը, որը 0.3 տոկոս է»,-հայտնեց Արթուր Ջավադյանը:

Այսպիսով` պաշտոնյան հավելեց, որ գնաճի վրա ընդհանուր ազդեցությունը` կապված հարկային ու մաքսային դրույքաչափերի փոփոխության և դրանց երկրորդային ազդեցության, ինչպես նաև վարչարարության խստացման հետ, գնահատվում է առավելագույնը 1.3 տոկոս:

Անդրադառնալով 2017-ին գրանցված գնաճի ցուցանիշին` Արթուր Ջավադյանը նկատեց, որ նախորդ տարին բնութագրվել է ցածր գնաճային միջավայրով, իսկ ԿԲ-ն իր քաղաքականությամբ աստիճանաբար գնաճը մոտեցրել է նպատակայինին` 4±1.5% տոկոս: «2017 թվականի առաջին եռամսյակում Կենտրոնական բանկը շարունակել է նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` մեղմելով գնանկումային միջավայրը: Դեռևս երկրորդ եռամսյակում դրամավարկային քաղաքականության ծրագրում և ավելի ուշ տարեկան գնաճի մեր կանխատեսումը եղել է 2.5 տոկոսի շուրջ: Տարեկան փաստացի գնաճը գրեթե համընկել է մեր կանխատեսմանը` կազմելով 2.6 տոկոս, որը թույլատրելի միջակայքի ստորին սահմանի մոտ է»,-հավելեց պաշտոնյան:

2018-ի սկզբին մի շարք ապրանքային շուկաներում արձանագրվել է գների ավելացում` հարկային դրույքաչափերի փոփոխությունների ազդեցությամբ: Մասնավորապես, ընթացիկ տարվա հունվարի մեկից 1 լիտր բենզինը թանկացել է 20, դիզելային վառելիքը 60, իսկ բնական սեղմված գազի 1խմ-ը 20 դրամով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am