Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կես միլիոն հայ ներկայացված ամենատարբեր ոլորտներում. Ֆրանսիայի հայ համայնքը մեծ դեր ունի երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում

Կես միլիոն հայ ներկայացված ամենատարբեր ոլորտներում. Ֆրանսիայի հայ համայնքը 
մեծ դեր ունի երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում ներկայում ապրում է մոտ 500 հազար հայ: Նրանք բնակվում են Ֆրանսիայի գրեթե ամբողջ տարածքում՝ Փարիզ, Մարսել, Լիոն, Վալանս, Կանն, Սեն Ռաֆայել, Լա Սիոտա և այլ քաղաքներում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հարութ Մարտիրոսյանը, եթե նախկինում հայերը կենտրոնացած էին խոշոր քաղաքներում, ապա այսօր այնպիսի վայրերում են բնակվում, որտեղ տարիներ առաջ հայեր չկային:

«Ֆրանսիայի հայ համայնքը բավական ակտիվ է: Նախ գործում են բազմաթիվ հայկական կազմակերպություններ, մշակութային, երիտասարդական միություններ, հիմնադրամներ: Հայերը ներգրավված են ամենատարբեր ոլորտներում՝ քաղաքականություն, տնտեսություն, գիտություն, կրթություն, մշակույթ և այլն»,-ասաց Հարութ Մարտիրոսյանը:

Ֆրանսիայում հայերի մասին առաջին հիշատակումները վերաբերում են 6-րդ դարին: Ֆրանսիացիների և հայերի միջև ռազմական և առևտրական հարաբերությունները զարգացել են 11-14-րդ դարերում: 9-րդ դարում կրթություն ստանալու նպատակով Ֆրանսիա են տեղափոխվել բազմաթիվ հայ երիտասարդներ, ովքեր անմասն չեն մնացել երկրի հասարակական-քաղաքական կյանքից: 1855 թվականին Փարիզում հրատարակվել են Ֆրանսիայում հայկական առաջին «Արևելք» և «Մասյաց աղավնի» պարբերականները:
Ներկայում Ֆրանսիայում գործում է 7 ամենօրյա և շուրջ 40 կիրակնօրյա դպրոց: Հայկական դպրոցներ հաճախում է 1500 երեխա: Հարութ Մարտիրոսյանի խոսքով, նախատեսում են ավելացնել հայկական դպրոցներ հաճախող աշակերտների թիվը:

«Նախատեսում ենք աշակերտների թիվն ավելացնել 500-ով: Նպատակ ունենք այնպիսի պայմաններ ստեղծել, որ տարեցտարի աշակերտների թիվն ավելանա, չէ որ այսօր Ֆրանսիայում ապրում են բազմաթիվ ընտանիքներ, որոնց երեխաները հայկական դպրոցներ չեն գնում: Իրականում դպրոցների թիվն ավելացնելը, ուսուցիչներ պատրաստելը բարդ գործ է, սակայն մենք ամեն ինչ անելու ենք այդ ծրագիրն իրագործելու համար»,-ասաց նա: 

Հարութ Մարտիրոսյանը պատահական չի համարում այն, որ Ֆրանսիայի իշխանությունները միշտ լավ աչքով է նայել հայ համայնքին: Նրա խոսքով, բոլոր տարիներին հայ համայնքն աչքի է ընկել իր կազմակերպվածությամբ, դժվարին պահերին պետության կողքին է եղել: Հայերն աշխատող են, ձգտում են լավագույնը լինել տարբեր ոլորտներում: 

«Հայ-ֆրանսիական բարեկամությունը տարեցտարի ամրապնդվում ու ընդլայնվում է: Հայ համայնքը մեծ դեր ունի Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների ամրապնդման գործում: Այս օրերին Ֆրանսիա է այցելում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Այս ձևաչափով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ առաջին հանդիպումն է: Ծանոթությունից զատ, կարծում եմ, որ երկու երկրների ղեկավարների քննարկման շրջանակը լայն կլինի՝ երկկողմ հետաքրքրություններին, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, որն այս տարի Հայաստանն է ընդունելու, և այլ թեմաներին վերաբերող հարցեր»,-հավելեց նա: Ընդգծելով, որ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները բարձր մակարդակի վրա են՝ Հարութ Մարտիրոսյանն ավելացրեց, որ անհրաժեշտ է ակտիվացնել համագործակցությունը տնտեսության, մշակութային ոլորտներում: 

Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 22-24-ն աշխատանքային այց կկատարի Ֆրանսիայի Հանրապետություն՝ Փարիզ և Ստրասբուրգ: Հանրապետության նախագահն այցի շրջանակներում հունվարի 22-ին և 23-ին հանդիպումներ կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Սենատի նախագահ Ժերար Լարշեի, Ազգային ժողովի նախագահ Ֆրանսուա դը Ռյուժիի, ինչպես նաև Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամների հետ: Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները հանդիպման արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում:
Նախագահ Սարգսյանը Փարիզի քաղաքապետարանում հանդիպում կունենա քաղաքապետ Անն Իդալգոյի և Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հունվարի 24-ին Ստրասբուրգում Հայաստանի նախագահը կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով և կպատասխանի պատգամավորներին հետաքրքրող հարցերին: Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Գիդո Ռայմոնդիի, «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջաննի Բուքիքիոյի և ԵԽԽՎ նորընտիր նախագահի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]