Հայաստանում անցած տարի զգալիորեն կրճատվել է միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2017թ. ընթացքում նախորդ տարվա համեմատ զգալիորեն կրճատվել է միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը: «Սահմանահատումների վերաբերյալ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տրամադրած նախնական տվյալների հիման վրա կատարված վերլուծությունը ցույց է տալիս, որ 2017թ. միջազգային ուղևորահոսքերի բացասական սալդոն (երկրից մեկնողների թվի գերազանցումը հանրապետություն ժամանողների թվին) նախորդ տարվա համեմատ զգալիորեն` 44.2 տոկոսով կրճատվել է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Եգանյանը:
Սկսած 2010 թվականից` նշված ցուցանիշի մեծությունը գերազանցել է 40 հազարի շեմը` 2016թ. հասնելով 48 հազար 200-ի, իսկ անցած տարի այն կազմել է 26 հազար 900:
Գագիկ Եգանյանը նաև տեղեկացրեց, որ 2016թ. համեմատ 2017թ. էականորեն` 18 տոկոսով ավելացել է ուղևորահոսքերի ընդհանուր ծավալը` 5 միլիոն 782 հազար 200-ից հասնելով 6 միլիոն 823 հազար 200-ի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում