Տնտեսություն

Կենսառեսուրսների գերշահագործման մարտահրավերից մինչև Սևանի ջրի թափանցիկության աննախադեպ ցուցանիշ. նախարարն ամփոփեց տարին

13 րոպեի ընթերցում

 Կենսառեսուրսների գերշահագործման մարտահրավերից մինչև Սևանի ջրի թափանցիկության աննախադեպ ցուցանիշ. նախարարն ամփոփեց տարին

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնապահպանության ոլորտում նախարարությունն այս տարի մեծածավալ աշխատանքներ է իրականացրել մի շարք խնդիրների ուղղությամբ: Այնուամենայնիվ, մարտահրավերներ դեռ կան: «Արմենպրես»-ի հետ զրույցում տարին ամփոփեց և առաջիկա անելիքներից խոսեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

-Պարոն Մինասյան, «Դիլիջան ազգային պարկ»-ում վերահսկողությունն այս տարի ուժեղացվեց, աշխատանքներում ներգրավվեց նաև մասնավոր հատվածը, ի՞նչ արդյունքներ եք արձանագրել:

-«Դիլիջան ազգային պարկ»-ը կենսաբազմազանության հարուստ միջավայր է, որտեղ անտառահատումը հանգեցնում է բացասական հետևանքների: Պարկի պահպանության համար սկզբում աշխատում էին ժամը 9:00-18:00-ն: Մենք փոխեցինք այս համակարգը, փորձնական ծրագրով ներգրավեցինք նաև մասնավոր հատվածին՝«Pantera security»-ին, որն իրականացնում է 24-ժամյա պահպանություն: Ներգրավեցինք նաև անձանց, ովքեր պետք է օգնեն մասնավոր հատվածին իրականացնելու իր լիազորությունները: Մյուս կողմից՝ չափազանց կարևորվեցին ՀՀ նախագահի հանձնարարականները ողջ համակարգին, որ պետք է բացառել ապօրինի ծառահատումները և ուժեղացնել պատասխանատվության մեխանիզմները: Այս երկու գործողությունների արդյունքում մենք կարող ենք այսօր փաստել, որ ունենք որոշակի դրական տեղաշարժ: Ավելին՝ քրեական պատասխանատվության են ենթարկվում նաև պաշտոնատար անձինք` նաև բնապահպանության նախարարության նախկին տեսչական մարմնից: Ողջ պարկում լայնամասշտաբ ստուգումների արդյունքում արձանագրվել է մոտ 10 000 ծառի հատում, որով շուրջ 1.6 մլրդ դրամի վնաս է պատճառվել պետությանը: Սա նաև ցույց է տալիս, որ մենք հիմնավոր վերանայում պետք է իրականացնենք համակարգում:

՞նչ նոր քայլեր են նախատեսվում «Դիլիջան ազգային պարկ»-ում :

-Ամենայն հավանականությամբ, կընտրենք կառավարման մի նոր մոդել: Առաջին անգամ 2018-ից ներդնելու ենք աշխատակիցների կյանքի և առողջության ապահովագրության համակարգը, որպեսզի նրանք ավելի վստահ գործեն, գիտակցեն, որ իրենց աշխատանքային գործունեության ընթացքում կրած ցանկացած վնաս փոխհատուցվելու է: Մեզ աջակցելու են նաև միջազգային կազմակերպությունները: Համոզված եմ, որ հաջորդ տարվա կեսերին ավելի լավ արդյունքներ կարող ենք ներկայացնել:

-Այս տարի բավականին շատ էին հրդեհները, հնարավոր բռնկումները կանխելու համար առաջիկայում քայլեր նախատեսվու՞մ են:

-2017-ը իսկապես ռիսկային էր հրդեհավտանգության տեսանկյունից: Հրդեհների շատ դեպքեր բացահայտեցինք և փորձեցինք մեր ուժերի ներածին չափով հակազդել: Հրդեհները ձևավորեցին նոր մարտահրավերներ: Մենք ամբողջության պետք է վերանայենք հակահրդեհային միջոցառումների կանխարգելման, արագ արձագանքման և հրդեհաշիջման համակարգը: Բոլոր հատուկ պահպանվող տարածքներում, առաջին հերթին արգելոցներում հակահրդեհային ծրագրով պետք է ունենանք կանխարգելման միջոցառումներ: Պետք է մշակենք գործողությունների ծրագիր: Արդեն կա հանձնարարականը:

-Հրդեհից հետո Խոսրովի անտառի վերականգնման համար երկարատև աշխատանք է պահանջվում, այս աշխատանքներում միջազգային որևէ կառույցի համագործակցություն ակնկալվու՞մ է:

-Առաջին պահից սկսած մենք փորձեցինք միջազգային կազմակերպություններին ներգրավել այս աշխատանքներում: ԱՄՆ-ի աջակցության թիմն արդեն երկրորդ այցելությունն է կազմակերպում Հայաստան և քննարկում երկու հիմնական հարց՝ վերականգնման շրջափուլում իրենց օժանդակության հնարավորությունը և հակահրդեհային միջոցառումներում իրենց փորձագիտական տեսակետը: Մասնագիտական եզրակացությունը տրված է՝ արգելոցում մարդկային միջամտությունը պետք է լինի նվազագույնը: Առանձին տարածքներում որպես գիտափորձնական հրապարակներ կարող են իրականացվել վերականգնման ծրագրեր: Այս ուղղությամբ գործողությունները կօգնեն ամենաշատը տուժած գիհի ծառատեսակի ավելի արագ վերականգնմանը: «Կովկասի բնության հիմնադրամին», «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամին» արդեն դիմել ենք դրամաշնորհային աջակցության ծրագրերով տեխնիկական միջոցների ձեռք բերման համար: Կլինեն արագընթաց հակահրդեհային մեքենաներ, նաև սարքավորումներ, որոնք թույլ կտան ջրերի պահեստներ ձևավորել անհրաժեշտ վայրերում արագ հակահրդեհային գործողություններ իրականացնելու համար: Խոսրովի անտառի հիմնական խնդիրներից մեկը բջջային կապի բացակայությունն էր, ինչը նվազեցնում էր գործողությունների արդյունավետությունը: Շուտով մենք կձևավորենք առնվազն 90 տոկոս տարածք ապահովող կապ: Դրոնային համակարգերի և տեսանկարահանող սարքավորումների միջոցով ուզում ենք նաև ընթացիկ դիտարկումներն ուժեղացնել, ինչը թույլ կտա ցանկացած պահի բացահայտել և արձագանքել դեպքին: Մեր գործողությունների կարևոր ուղղություններից է նաև Խոսրովի արգելոցի տարածքի ընդլայնումը: Օգնություն ենք ստանում «Կովկասի բնության հիմնադրամից», «Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունից», «Վայրի բնության համաշխարհային հիմնադրամից», նախատեսում ենք ստանալ նաև «Կանաչ կլիմայի հիմնադրամից»:

Իսկ հրդեհի առթիվ հարուցված քրեական գործը գնում է իր ընթացքով,առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կավարտվի: Մենք քրեական հետապնդում իրականացնող մարմին ենք ներկայացրել բոլոր արբանյակային լուսանկարները՝ պատճառահետևանքային կապը լիարժեք բացահայտելու համար:

-Պարոն Մինասյան, 2017- ի ամենամտահոգիչ բնապահպանական խախտումը ո՞րն եք համարում:

-Բոլորն էլ կարող են լինել, յուրաքանչյուր ոլորտում կարող ենք արձանագրել մասշտաբները: «Դիլիջան» ազգային պարկում, ինչպես նաև «Հայ անտառում» իրականացված գործողությունների արդյունքում արձանագրեցինք մեծածավալ հանցագործության դեպքեր: Ունենք նաև ապօրինի որսի շատ դեպքեր: Այս տարի առաջին անգամ աննախադեպ մի բացահայտում իրականացրեցինք` Խոսրովի անտառի հարակից հատվածում 500-ից ավելի կարմրախայտ ձկնատեսակի ապօրինի որս:

-Ոլորտում այս տարվա բացթողումներից և ձեռքբերումներից որո՞նք կառանձնացնեք:

-Կենսառեսուրսների գերշահագործումը շարունակում է մնալ մեր առաջին մարտահրավերը: Մենք ունենք օդային և ջրային ռեսուրսների աղտոտվածության մարտահրավեր, օրինակ` «Նաիրիտի» հրդեհը և Մասիսի տարածաշրջանում ջրային համակարգերում անթույլատրելի ծավալով արտանետումները: Սակայն այս տարվա ամենամեծ մարտահրավերները հրդեհներն էին: Խոշոր ձեռքբերումներից կառանձնացնեմ բնապահպանական, սոցիալական և տնտեսական շահերի համատեղումը՝ ի դեմս Շաքիի ջրվեժի: Մենք փոխեցինք ջրօգտագործման թույլտվության համակարգը, որով ՀԷԿ-ի շահագործողը այլևս չի ապահովի էլեկտրաէներգիայի ստացում ի հաշիվ ջրվեժի: Պահպանելով բնապահպանական նորմերը՝ տարածքը պետք է դարձնել ռեկրեացիոն լավագույն գոտիներից մեկը: Երկրորդ կարևոր ձեռքբերումը փոփոխություններն են անտառային կառավարման համակարգում: Այս տարվա փոփոխությամբ անտառները կառավարվելու են բնապահպանության նախարարության մոտեցումներին համահունչ: Դա նշանակում է, որ առաջնորդող ուժը լինելու են ոչ թե տնտեսական շահը կամ սոցիալական խնդիրները, այլ բացառապես բնապահպանական կանոնները: Կարևոր ձեռքբերում էր նաև ջրավազանային երկու կառավարման պլանների հաստատումը: Դրանք թույլ կտան այսուհետև ոչ թե կամայականորեն որոշել այս կամ այն կազմակերպության ջրօգտագործման թույլտվության հարցը, այլ հստակ կառավարման պլանով:

-ՄԱԿ-ի՝ կլիմայի փոփոխությունների վերաբերյալ շրջանակային կոնվենցիայի շրջանակում ասվել էր, որ Հայաստանում անտառային տարածքները պետք է ընդլայնվեն, ինչպե՞ս և ի՞նչ դրամաշնորհների հաշվին:

-Այդ նպատակի համար գումար ներգրավելու ենք գրեթե բոլոր դրամաշնորհներից: Նախարարության համար հնարավոր բոլոր աջակցության սխեմաներում ներառելու ենք անտառների վերականգնմանը և անտառածածկ տարածքների ընդլայնմանն ուղղված կոնկրետ քայլեր: Մենք նաև ձգտելու ենք միջազգային կազմակերպություններից ստանալ մասնագիտական խորհրդատվություն`ինչպես անել, որպեսզի մեր ռելիեֆին համապատասխան անտառածածկ տարածքներ ունենանք:

Այս տարի կնքել ենք 30 մլն դրամի դրամաշնորհային ծրագրեր, որոնք առաջիկա տարիներին պետք է իրականացվեն: Առաջիկայում «Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունից» սպասում ենք մոտ 2 միլիոն եվրոյի չափով դրամաշնորհային մի ծրագրի, որն ուղղվելու է անտառամերձ համայնքներում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը:

-Պարոն Մինասյան, իսկ էկոտուրիզմի զարգացման տեսանկյունից ինչպիսի՞ն է վիճակը և ի՞նչ քայլեր են նախատեսվում:

- Մենք Հայաստանի բնության պետական թանգարանում ձևավորել ենք կառույց, որը պետք է համախմբի և համակարգի բնության հուշարձանները և հատուկ պահպանվող տարածքների տեսարժան վայրերը, դրանք փաթեթավորի և ներկայացնի տուրիստական կազմակերպություններին: Սերտ աշխատանք են իրականացնում նաև Հայաստանի զբոսաշրջության պետական կոմիտեի հետ: Եվ առաջիկայում տեսարժան վայրերի և հատուկ պահպանվող տարածքներում մշակութային և բնության հուշարձանների վերաբերյալ իրականացնելու ենք գովազդային քարոզարշավ ֆիլմերի ներկայացման տեսքով: Նախատեսվում է, որ հաջորդ տարի հատուկ պահպանվող բոլոր տարածքների համար պետք է ունենանք առնվազն 2-3 փաթեթ, որոնք պետք է առաջարկվեն թե միջազգային, թե տեղական շուկայում: Էկոտուրիզմի զարգացման համար հսկայական հնարավորություններ ունենք նախ մեր բնակլիմայական և աշխարհագրական տեսակետից: Մեր հիմնական խնդիրը որոշակի ենթակառուցվածքների բացակայությունը և եղածը ճիշտ չփաթեթավորելն է: Այս երկու ուղղությամբ էլ լինելու են մեր անելիքները 2018-ին:

-Որո՞նք են լինելու 2018-ի առաջնային քայլերը:

- Առաջին կարևոր գործողություններից մեկը «Հայանտառ»-ի կարողությունների հզորացումն է հատուկ պահպանվող տարածքների հետ միասին: Արթիկում պետք է ստեղծենք անտառաշերտ, որպեսզի բացառենք հեղեղների և այլ տարերային աղետների հետևանքով հնարավոր վնասները: Կստեղծվեն նոր դենդրոպարկեր, «Ջերմուկ» ազգային պարկը, «Տաթև» ազգային պարկը: 2018-ին ավելի շոշափելի արդյունքներ կունենանք: Նպատակն է մինչ 2022 թվականն ունենալ կայուն գործող ազգային պարկեր և հատուկ պահպանվող տարածքներ: Նախատեսում ենք նաև օրենսդրական փոփոխություններ, որոնք դեռ մշակման փուլում են: Մեր նպատակն է Հայաստանը ներդրումային առումով դարձնել առավել գրավիչ տարածք: Չափազանց կարևոր է նաև Սևանի մակարդակի բարձրացման հիմնախնդիրը: Հաջորդ տարի մենք պլանավորում ենք ունենալ Սևանի ջրավազանային կառավարման պլանի հետազոտություններ, ինչը թույլ կտա ջրի մակարդակի բարձրացման նիշն ավելի առարկայական դարձնել: Ամենախոշոր դրական արդյունքն այս տարի այն էր, որ ունեցանք ջրի թափանցիկության այնպիսի ցուցանիշ, որը չէր արձանագրվել վերջին 80 տարիների ընթացքում:

Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի

Հ.Գ. Նախարար Արծվիկ Մինասյանը շնորհավորեց «Արմենպրես» լրատվական գործակալությանը՝ 99-ամյա տարեդարձի առիթով.

«Շնորհավորում եմ «Արմենպրես»-ին 99-ամյակի առթիվ: Գործակալությունը մեր առաջին հանրապետության տարիքին է: Այն ստեղծվել է դժվար պայմաններում և, գործելով երեք հանրապետությունների ժամանակ, իր ուրույն ձեռագիրն է մշակել: Ցանկանում եմ, որ «Արմենպրես»-ը շարունակի գոյատևել, զարգանալ, շարունակի հանրությանը, միջազգային սուբյեկտներին Հայաստանի զարգացման մասին օպերատիվ, օբյեկտիվ և ամբողջական տեղեկատվությունը հասանելի դարձնել: Բոլոր այն անձանց, ովքեր աշխատել են «Արմենպրես» -ում, ցանկանում եմ ամենայն բարիք: Նրանք, ովքեր գործում են, թող հաջողություն ունենան իրենց գործերում»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում