Նոր ֆիլմեր, նոր մոդելի գրախանութ, վերականգնվող պատմամշակութային համալիրներ. Արմեն Ամիրյանը հավակնոտ ծրագրեր ունի
ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կինոարտադրության, թանգարանների, պատմամշակութային հուշարձանների, գրահրատարակչության և մշակույթի կարևորագույն այլ ոլորտներում 2017-ին բազմաթիվ ձեռքբերումներ են գրանցվել: Հաջորդ տարի նախատեսվում է նոր կինոթատրոններ, գրախանութներ, թանգարաններ, վիզուալ էֆեկտների կենտրոն ստեղծել: Կատարված աշխատանքի և 2018 թվականի անելիքների մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ:
- Պարոն Ամիրյան, ամփոփելով ձեր պաշտոնավարման մեկ տարին, կմատնանշե՞ք մշակութային ոլորտում այն հիմնական երեք ձեռքբերումները, որոնք գրանցվել են այս ընթացքում:
-Այն, ինչ հասցրինք և կարողացանք անել այս տարվա ընթացքում, դոմինանտ էին, կարևոր և անհրաժեշտ մեր աշխատանքը ճիշտ կազմակերպելու համար: Շատ եմ կարևորում մարզային մշակութային կյանքի առողջացումը «Մշակութային կանգառ» ծրագրի միջոցով: Նախագծի շրջանակում 426 միջոցառում իրականացվեց Հայաստանի ամենահեռավոր մարզերում: Կարողացանք ստեղծել նաև «ԱրԱր» ծրագիրը, որը գեներացրեց «Մշակութային կանգառ»-ը: Մենք գտանք մշակութային միավորներ ստեղծող մասնագետների, որոնց վճարում ենք և պայմանագրեր կնքում նրանց հետ: Նրանք ստեղծում են տարբեր մշակութային կոլեկտիվներ՝ երգի, պարի, գորգագործության, լուսանկարչության և այլն: Երկու ամսվա ընթացքում մենք ունեցանք 300-ից ավելի շահառուներ:
Տարվա ընթացքում այս նախաձեռնության շրջանակում իրականացվեցին 200 կինոցուցադրումներ: ՀՀ-ում Չինաստանի դեսպանության հովանավորչությամբ 4 շարժական կինոթատրոնների միջոցով մեր երկրի տարբեր գյուղերում, համայնքներում կինոդիտումներ անցկացվեցին: Սա էլ նախապատրաստեց մեկ այլ ծրագիր: Ցանկանում ենք հանրապետական կինոցանց ստեղծել: Ներկայումս մեր երկրում կա ընդամենը 5 կամ 6 կինոթատրոն. մեծ մասը՝ Երևանում: Սակայն վերջերս «Պարադիզ» ընկերությունը 100 000 դոլար ներդրում կատարեց, և Գյումրիում բացվեց «Հոկտեմբեր» կինոթատրոնը: Այդտեղ գյումրեցիները կարող են դիտել այն ֆիլմերը, որոնք ցուցադրվում են մայրաքաղաքի կինոթատրոններում:
Ցանկանում ենք 10-15 նոր կինոթատրոններ ստեղծել Հայաստանի տարբեր շրջաններում և հատուկ դիստրիբյուցիա իրականացնել դրանց համար: Եթե անդրադառնանք Հայաստանում կինոարտադրությանը, ապա պետք է փաստել, որ մեր երկրում ստեղծված ֆիլմը, ցուցադրվելով Հայաստանում գոյություն ունեցող 5-6 կինոթատրոններում, կարողանում է ընդամենը 80-90 մլն դրամի շրջանառություն ապահովել: Այդ գումարի մեծ մասով հարկեր են վճարում, մնացյալը՝ այլ ծախսեր: Շահ չկա: Եթե չկա շահ, չկա որակ: Ստեղծագործական խումբը պետք է շահի: Հետևաբար` պետք է մեծացնել ներքին սպառման շուկան, որպեսզի նկարահանված ֆիլմը Հայաստանում կարողանա գոնե 150-200 մլն դրամի շրջանառություն ապահովել: Այդպես կբարելավի կինոնկարների որակը, անընդհատ նոր ժապավեններ կստեղծվեն, և հայկական կինոարտադրությունն էլ ավելի կբարելավի իր դիրքերը միջազգային շուկայում:
- Կարևորելով «Կինոյի մասին» օրենքի ընդունումը` հարցազրույցներից մեկում նշել եք, որ այն լայն հեռանկարներ կբացի արտաքին ներդրողների առաջ, կնպաստի Հայաստանում ֆիլմարտադրության զարգացմանը: Նախագծեր էին նախատեսվում ռուսական, իրանական և այլ շուկաների հետ: Ի՞նչ փուլում է այդ գործընթացը:
- «Կինոյի մասին» օրենքը շատ կարևոր է: Այն ներկայումս շրջանառվում է: Մենք փորձում ենք խրախուսել արտասահմանյան ֆիլմարտադրողներին: Համաձայն դրա՝ Հայաստանում 100 մլն դրամից ավելի ներդրում կատարած արտասահմանյան ընկերությունը հետ կստանա ներդրված գումարի 20 տոկոսը:
Ներկայումս նախնական պայմանավորվածություններ ունենք և՛ իրանական, և՛ չինական, և՛ ռուսական կինոարտադրողների հետ: Պարսկաստանում տարվա կտրվածքով գեղարվեստական, վավերագրական, անիմացիոն բազմաթիվ ֆիլմեր են նկարահանվում: Իրանի հետ համագործակցության առաջին փորձը «Եվա» ժապավենն է:
Ցանկանում ենք Հայաստանում վիզուալ էֆեկտների և անիմացիայի կենտրոն ստեղծել, վիզուալ քաղաք: Մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, անիմացիան բավականին զարգացած են, բայց չկա միասնական կառույց, և չի ստացվում աշխատել արտասահմանյան արտադրողների հետ: Հայտնվում են տարբեր երկրների միջնորդներ, որոնք գումարի մեծ մասը յուրացնում են: Եթե կարողանանք միավորել և լիցենզավորված ծրագրերով աշխատել հենց արտադրողների հետ, Հայաստանի համար շատ լուրջ եկամուտ կապահովենք:
- Ձեր ուշադրության կենտրոնում եք պահել նաև թանգարանային ոլորտը:
Հայաստանի ազգային պատկերասրահում նախատեսվում էր 360 աստիճան վիրտուալ թանգարան բացել: Գյումրիում փոստի թանգարաններ ստեղծել: Այդ նպատակով ի՞նչ ներդրումներ են կատարվել:
-360 աստիճան թանգարանում հայ կերպարվեստի հրաշալի նմուշները կցուցադրվեն 360 աստիճան համակարգով՝ համադրված հայ դասական երաժշտության հետ: Թանգարանի բացման համար խոշոր ներդրումներ են հարկավոր: Այդ ուղղությամբ դեռ բանակցում ենք մասնավոր ներդրողների հետ:
Ընդգծեմ, որ 2017-ին մշակույթի բնագավառում մասնավոր ներդրողների կողմից կատարվել է մեկ մլն դոլարից ավելի ներդրում: Դա աննախադեպ երևույթ է մեր իրականության մեջ:
Գյումրու Վարդան Աճեմյան 5 հասցեում կա մի հուշարձան, որի մի մասում գործում է տեղի մարզային հրաշալի գրադարանը: Շենքի մնացյալ հատվածը բաժանված է երկու մասի: Մի հատվածում, ըստ պայմանավորվածության, 2018-ին կառուցվելու է հայկական և ռուսական փոստի թանգարան: Մնացյալ մասում հետագայում կստեղծվեն երկու թանգարաններ՝ Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղը և երկրաբանական թանգարանը: Վերջիններիս վերաբերյալ դեռ բանակցություններ են իրականացվում:
- 2017-ին նախատեսված էր 7 պատմամշակութային հուշարձանների վերականգնման աշխատանքներն ավարտին հասցնել: Գո՞հ եք արդյունքից: Հաջորդ տարի ո՞ր պատմամշակութային համալիրներն են ամրակայվելու:
- Այս տարի լրագրողների հետ միասին շրջայց կատարեցինք 7 պատմամշակութային հուշարձաններում (Արտավազիկ, Սանահին, Քոբայր և այլն), որոնք վերականգնման փուլում են: Տեսանք, որ շինարարների անբարեխիղճ աշխատանքի, մրցույթների վատ կազմակերպման և այլ պատճառներով աշխատանքները դեռ ընթանում էին: 2017-ին նշված ծավալները պետք է ավարտել մինչև 2018-ի հունիսը, այնուհետև կշարունակվեն 2018 թվականի ծավալները: Մրցույթը կհայտարարվի հունվարի 15-ին:
Պարզապես կա վատ ավանդույթ, երբ մրցույթին մասնակցող կազմակերպությունը, որն օբյեկտիվ պատճառներով չի շահում, բողոքարկում է, և դա մեկ-երկու ամսով կարող է հետաձգել աշխատանքը: Այդ պատճառով պետական աշխատանքի ծավալները կարող են կանգնել, մինչև այդ բողոքը քննարկվի, և պարզ դառնա՝ ով է ճիշտ և այլն: Հուսամ՝ այս տարի նման բան չի լինի:
Ընդգծեմ՝ այսուհետ հեղինակային և տեխնիկական վերահսկողությունից բացի, բոլորս կարող ենք կատարվող աշխատանքներին հետևել նաև շինհրապարակում տեղադրվելիք երեք տեսախցիկների միջոցով: Համագործակցելու ենք հոգևոր սպասավորների հետ, որոնք նույնպես հետևելու են շինարարության ընթացքին: 2018-ին վերականգնման փուլում գտնվող յոթ համալիրներին կմիանան ևս յոթը:
- Կխնդրեի անդրադառնալ գրահրատարակչության բնագավառին, նոր գրախանութների բացմանը, գրքերի թվայնացմանը:
- Այս տարի փոխվեցին նաև գրքի պետական պատվերի և աջակցության ծրագրերը: Պետական աջակցության ծրագիրն իրականացրեցինք Երևանյան գրքի փառատոնի շրջանակում: Սա աջակցություն է ուղիղ գրողին, նա է ընտրում իր հրատարակչին: Փառատոնին բաց, թափանցիկ մրցույթի արդյունքում եղան հաղթողներ, որոնք տարբեր գումարային մրցանակներ ստացան: Այդ գումարները կուղղվեն հեղինակների գրքերի հրատարակմանը:
Թվայնացման ծրագիրը Հայաստանում որոշակի տոկոսայնությամբ է առաջ գնում: Եվրոպական երկրներում գրականության մոտ հիսուն տոկոսը թվայնացված տարբերակով է հրատարակվում: Մենք դեռ այդ մակարդակին չենք հասել, սակայն աշխատում ենք այդ ուղղությամբ: Մեծ ուշադրություն ենք դարձնելու նաև հաշմանդամների համար նախատեսված գրականությանը:
Ինչպես ֆիլմարտադրության, այնպես էլ գրադարանների դեպքում պետք է գրականության սպառման ցանցը մեծացնել: Հաջորդ տարի կավարտենք Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դիմաց կառուցվող հսկայական գրախանութը: Այնտեղ հնարավոր կլինի կազմակերպել գրքերի շնորհանդեսներ, երեխաները կարող են լավ ժամանակ անցկացնել, ընթերցել, մուլտֆիլմեր դիտել: Այն նոր մոդելի գրախանութ կլինի:
Ցանկանում ենք Գ. Սունդուկյանի անվան մայր թատրոնի ճեմասրահում և ձմեռային այգում առաջիկայում հետաքրքիր գրախանութներ բացել:
Գրաբուսների ծրագիրն եմ շատ կարևորում: 2018-ին Հայաստանի տարբեր մարզերում տասը գրաբուսներ կշրջեն: Գրաբուսներում գրքերը երեսուն տոկոս զեղչով կվաճառվեն: Դրանք նաև գրադարանային ծառայություններ կմատուցեն: Սա գրքի հանրահռչակման լավագույն տարբերակն է:
- Չնայած կատարված լայնածավալ աշխատանքներին` այնուամենայնիվ հնչում են քննադատություններ: Ինչպե՞ս եք վերաբերում դրանց:
- Բնական եմ համարում քննադատությունները: Դրանք մեր շարժիչ ուժն են. տեղի թե անտեղի, չնայած անտեղի չի լինում, քանի որ յուրաքանչյուր մարդ ճշմարտությունը տեսնում է իր մտածողության սահմաններում, ուստի դատելու իրավունք չունեմ: Եթե աշխատում ես, եթե փորձում ես շտկել ինչ-որ բնագավառ, ապա անպայման անցնում ես որոշակի սահմաններ, կոտրում կարծրատիպեր: Դա էլ կարող է հանգեցնել քննադատության:
- Պարոն Ամիրյան, մոտենում են տոները: Որտե՞ղ, ի՞նչ միջավայրում եք պատրաստվում նշել Ամանորը:
- Կարծում եմ՝ Նոր տարին ընտանեկան տոն է: Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարին Ամանորը նշելու եմ կնոջս, երեխաներիս, նաև թոռնիկիս հետը, որը նոր է լույս աշխարհ եկել: Բոլորին հաջողակ տարի եմ մաղթում:
Հարցազրույցը՝ Անժելա Համբարձումյանի
Լուսանկարները՝ Ֆելիքս Առուստամյանի
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում