ԿԲ-ի և KfW-ի միջև ստորագրվել է 15 մլն եվրո արժողությամբ վարկային պայմանագիր
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկի և Գերմանիայի Դաշնության KfW զարգացման բանկի միջև դեկտեմբերի 18-ին ստորագրվել է «Միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների էներգախնայողական նախագծերի ֆինանսավորման» ծրագրի վարկային պայմանագիր՝ ընդհանուր 15 մլն եվրո արժողությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Վարկային միջոցների տեղաբաշխումն իրականացվելու է առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով, որոնք կրելու են միջոցների տեղաբաշխման վարկային ռիսկը:
Միջոցներն ուղղվելու են միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների կողմից էներգախնայողական նախագծերի վարկավորմանը` նոր հնարավորություններ ընձեռելով ձեռնարկություններին վերազինվել ավելի էներգոարդյունավետ ու ժամանակակից սարքավորումներով:
Գործակցության շրջանակում նախատեսվում է նաև տեխնիկական աջակցության միջոցառումներ, որոնց ներքո ծրագրի շահառուներին կտրամադրվի համապատասխան խորհրդատվություն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում