ԿԲ-ի և KfW-ի միջև ստորագրվել է 15 մլն եվրո արժողությամբ վարկային պայմանագիր

16:10, 19 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկի և Գերմանիայի Դաշնության KfW զարգացման բանկի միջև դեկտեմբերի 18-ին  ստորագրվել է «Միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների էներգախնայողական նախագծերի ֆինանսավորման» ծրագրի վարկային պայմանագիր՝ ընդհանուր 15 մլն եվրո արժողությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Վարկային միջոցների տեղաբաշխումն իրականացվելու է առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով, որոնք կրելու են միջոցների տեղաբաշխման վարկային ռիսկը:

Միջոցներն ուղղվելու են միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների կողմից էներգախնայողական նախագծերի վարկավորմանը` նոր հնարավորություններ ընձեռելով ձեռնարկություններին վերազինվել ավելի էներգոարդյունավետ ու ժամանակակից սարքավորումներով:

Գործակցության շրջանակում նախատեսվում է նաև տեխնիկական աջակցության միջոցառումներ, որոնց ներքո ծրագրի շահառուներին կտրամադրվի համապատասխան խորհրդատվություն:


© 2009 ARMENPRESS.am