Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Պուտինը սկզբունքային դիրքորոշում է ցուցաբերել՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին այցելելով Ծիծեռնակաբերդ. Զատուլին

Պուտինը սկզբունքային դիրքորոշում է ցուցաբերել՝ Ցեղասպանության 100-րդ 
տարելիցին այցելելով Ծիծեռնակաբերդ. Զատուլին

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը պատրաստ է հնարավորության դեպքում նպաստել հայ-թուրքական հարաբերություններում առկա լարվածության թուլացմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Սպուտնիկ»-ում կազմակերպված տեսակամուրջի ժամանակ ասաց ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը: «Մենք եղել ենք հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանն աջակցող կողմ: Դրա ստորագրման նախաձեռնողը Միացյալ Նահանգներն էր: Բարաք Օբամայի համար կարևոր էր իր աջակցությունը ցուցաբերել հայ-թուրքական հարաբերությունների մերձեցմանը, որպեսզի հեռանար Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին՝ դեռևս նախընտրական քարոզչության ժամանակ տված խոստումից, որն այդպես էլ չկատարեց»,- ասաց Զատուլինը: Նա հիշեցրեց, որ արձանագրությունների ստորագրումից հետո մի շարք հանգամանքներից ելնելով, մասնավորապես Ադրբեջանում փաստաթղթի ստորագրումը որպես դավաճանություն որակվելուց հետո Էրդողանը խախտեց գործընթացը՝ կանխելով արձանագրությունների հետագա առաջընթացը:

«Դրանից հետո հայ-թուրքական հարաբերությունները սառած կետում են: Մենք դրա կողմնակիցը չենք: Ցավոք, փոխկապակցվածություն կա՝ թուրքական կողմի ցանկացած քայլ բացասական է ընկալվում Ադրբեջանի կողմից»,- նշեց ՌԴ Պետդումայի պատգամավորը:

Նա փաստեց, որ Ռուսաստանի համար Թուրքիան պատմականորեն եղել և այսօր էլ մնում է որպես դժվար գործընկեր: Զատուլինն ասաց, որ ներկայում էլ ռուս-թուրքական հարաբերությունները հարթ չեն ընթանում: Մասնավորապես, որոշակի սրացումներ պայմանավորված են նաև Հայոց ցեղասպանության հարցում ՌԴ պաշտոնական դիրքորոշմամբ: «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիրը Պուտինը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին եկել էր Ծիծեռնակաբերդ, որտեղ ելույթ ունեցավ: Արդեն այդ ժամանակ թուրքական կողմն ակնարկներ էր անում այն մասին, թե հասկանալով ձեր դիրքորոշումն ակնկալում ենք, որ անձամբ ՌԴ նախագահը դրան չի մասնակցի: Պուտինն այս հարցում դրսևորեց սկզբունքայնություն: Դրանից հետո սկսվեց ռուս-թուրքական հարաբերությունների վատացում, որի գագաթնակետը դարձավ ռուսական ինքնաթիռի խոցումը»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերությունների ներկա վիճակին՝ Զատուլինը նշեց, որ այսօր թե Ռուսաստանը, թե Թուրքիան փորձում են համագործակցությունից օգուտ քաղել՝ դրանով ավելացնելով իրենց կշիռն ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ողջ աշխարհում:

«Անձամբ ես չեմ կարծում, որ ռուս-թուրքական հարաբերությունների զարգացումը երաշխավորված է: Ես Թուրքիան չեմ համարում Ռուսաստանի ռազմավարական գործընկեր, ես անկասկած տեսնում եմ տարբերությունը Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների ու Թուրքիայի և Ռուսաստանի գործընկերային հարաբերությունների մեջ»,- նշեց Զատուլինը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am