Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Դեկտեմբեր

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մտահոգությամբ հետևում է Երուսաղեմի վերջին զարգացումներին


ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը լուրջ անհանգստություն է առաջ բերել ինչպես Հայ Եկեղեցում, այնպես և քրիստոնեական Քույր Եկեղեցիների ու կրոնական այլ հարանվանությունների մոտ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մտահոգությամբ հետևում է Երուսաղեմի վերջին զարգացումներին:

«Հայ Եկեղեցին կարևոր դերակատարություն ունի Ս. Տեղյաց պահպանության գործում: Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունն է իրականացնում իր ուխտյալ միաբանությամբ դժվարին այդ առաքելությունը` քրիստոնյաներիս համար սրբազան այդ հողում պաշտպանելով հայոց պատմական ներկայությունը և դարերով ձևավորված կանոնակարգերն ու իր իրավունքները: Վստահ ենք, որ միջազգային հանրության կողմից ամեն ջանք կգործադրվի հանուն խաղաղության, ինչպես նաև քրիստոնեական եկեղեցիների դարավոր իրավունքների հարգման ու անխաթար պահպանման համար: Մայր Աթոռը Երուսաղեմի Հայոց պատրիարքության հետ համախորհուրդ անհրաժեշտ քայլերը կձեռնարկի այս ուղղությամբ»,– «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 6-ին հանդես եկավ հայտարարությամբ՝ Երուսաղեմը ճանաչելով Իսրայելի մայրաքաղաք և հաստատելով ԱՄՆ դեսպանատունն այնտեղ տեղափոխելու ծրագիրը: Թրամփը նշել է, որ կատարում է նախընտրական քարոզարշավի ժամանակ տված խոստումը: ԱՄՆ Կոնգրեսը 1995-ին որոշում էր կայացրել էր Իսրայելի մայրաքաղաքը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ, սակայն ԱՄՆ նախագահները վեց ամիսը մեկ հետաձգում էին այս որոշման իրագործումը` արաբական և մահմեդական աշխարհի միջև լարվածությունը չսրելու համար:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ