Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Ապրիլ

Մտավորականները ծաղիկներ խոնարհեցին Եղիշե Չարենցի հուշարձանին


ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եղիշե Չարենցի մահվան 80-ամյա տարելիցին հայ գրողները, ուսուցիչներն ու աշակերտները Երևանում ծաղիկներ դրեցին մեծ գրողի հուշարձանին:

«Չնայած Եղիշե Չարենցը կարճ է ապրել` նրա կյանքի ամեն վայրկյանը, րոպեն լի էին հայոց պատմության և՛ բերկրալից, և՛ ողբերգական էջերով: Պատահական չէ, որ հայոց պատմության քառուղիները Չարենցը վերլուծեց ու պոեմի տեսքով հանձնեց հայ ժողովրդին: Չարենցի պոեզիայում, արձակում սինթեզված է ողջ համաշխարհային գրականությունը: Չարենցն իր ժամանակների անաչառ գնահատականն էր տալիս. հենց դրա համար էլ պատժվեց, բանտարկվեց: Պետք է հիշենք Չարենցին, բռնաճնշման ենթարկված մյուս գրողներին, որոնք էական դեր են կատարել հայ գրականության կայացման գործում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի խոսքով` Չարենցը վիթխարի գրող էր, որը չէր կարող ապրել իր ժամանակի հեղձուցիչ սահմաններում: «Նա կամ պիտի խորտակեր այդ սահմանները, պայթեցներ դրանք, կամ պիտի դառնար դրանց զոհը: Չարենցը երկուսն էլ արեց: Նա ուրվագծեց հոգևոր հայրենիք, որն անեզր է, տիեզերական: Չարենցը մեր պատմության խորխորատներից այնպիսի լույս բխեցրեց, որը մինչ օրս պայծառացնում է ու հավերժ պետք է լուսավորի հայ մշակույթը»,- ասաց Վարդանյանը:

«Նա ապրեց քառասուն տարի, և նրա կյանքն ավարտվեց իր արարչական գործի ճանապարհի կեսին: Վերջին տարիներին Եղիշե Չարենցը հազվադեպ էր տանից դուրս գալիս, և ոչ ոք նրան չէր այցելում: 1937-ին` իր քառասնամյակի օրերին, նա գրել էր, որ տոնում է կրկնակի հոբելյանը՝ իբրև մենակ և հալածական պոետ աքսորյալ սեփական հայրենիքում»,-նշեց Եղիշե Չարենցի թոռնուհի Գոհար Չարենցը: Նա ընդգծեց, որ Չարենցը կապրի, քանի դեռ կա հայ մարդը:

Միջոցառումն իրականացվեց ՀԳՄ նախաձեռնությամբ:

Եղիշե Չարենցը  ծնվել է 1897 թվականի մարտի 13-ին:  1908-1912 թվականներին սովորել է Կարսի հայկական, ապա ռուսական ռեալական ուսումնարաններում,  այնուհետև` Մոսկվայի Շանյավսկու անվան ժողովրդական համալսարանում: 1922-ին որպես ազատ ունկնդիր ընդունվել է Վ. Բրյուսովի հիմնած Գեղարվեստական գրականության բարձրագույն ինստիտուտը, բայց չի ավարտել:

Հեղափոխությամբ ոգևորված՝ Չարենցը Ռուսաստանում մասնակցել է քաղաքացիական կռիվներին, իսկ Հայաստանում՝ 1920-ին՝ Մայիսյան, 1921-ին՝ Փետրվարյան ապստամբություններին: 1920-ին աշխատել է Հայաստանի լուսժողկոմատում որպես արվեստի բաժնի վարիչ

1922 թվականին Գևորգ Աբովի և Ազատ Վշտունու հետ համատեղ «Երեքի դեկլարացիան» հրապարակելուց հետո սկսվել է Չարենցի բուռն գրական-կազմակերպչական գործունեությունը: 1924-1925 թվականերին եղել է Թուրքիայում, Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում: 1925-ի կեսերից ղեկավարել է «Նոյեմբեր» գրական խմբակցությունը: 1928-1935 թվականներին աշխատել է Հայպետհրատում՝ լույս ընծայելով հայ դասական և ժամանակակից գրականության բարձրարժեք նմուշներ:

1935-ի փետրվարից Չարենցի դեմ սկսվել են քաղաքական հալածանքներ: 1937-ի հուլիսին բռնադատվել է, նոյեմբերի 27-ին՝ մահացել Երևանի բանտի հիվանդանոցում: Արդարացվել է ետմահու:

Նրա հայտնի գործերն են «Դանթեական առասպել», «Սոմա», «Ամբոխները խելագարված», «Երկիր Նաիրի» ստեղծագործությունները և այլն:

Չարենցը թարգմանել է Յոհան Վոլֆգանգ Գյոթեի, Հայնրիխ Հայնեի, Վիկտոր Հյուգոյի, Ռայներ Մարիա Ռիլկեի, Ալեքսանդր Պուշկինի, Նիկոլայ Նեկրասովի, Միխայիլ Լերմոնտովի, Մաքսիմ Գորկու, Վլադիմիր Մայակովսկու, Սերգեյ Եսենինի և ուրիշների գործերից, հանրակրթական դպրոցների համար կազմել է դասագրքեր, խմբագրել ու հրատարակել է հայ բանահյուսության նմուշներ, հայ դասական գրողների գրքեր:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ