Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայաստանը շարունակելու է խորացնել իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում ու ԵԱՏՄ-ում. Էդուարդ Շարմազանով

Հայաստանը շարունակելու է խորացնել իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում ու ԵԱՏՄ-ում. 
Էդուարդ Շարմազանով

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն արտաքին քաղաքականություն իրականացնելիս սպասարկում է բացառապես իր պետական ու ազգային շահերը: Այս մասին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը՝ նոյեմբերի 27-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատի ԱՊՀ ՄԽՎ-ի Հայաստանի ներկայացուցչությունում՝ պատասխանելով Սանկտ Պետերբուրգում «Արմենպրես»-ի թղթակցի հարցին՝ ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության և Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ:

«Հայաստանն իրականացնում է արտաքին քաղաքականություն՝ հաշվի առնելով իր պետական ու ազգային շահերը եւ սպասարկում է բացառապես այդ շահերը: Եվրամիության հետ համաձայնագիրը հնարավորություն կտա շարունակել ժողովրդավարական բարեփոխումները: Այս պահին Երեւանում ընթանում են խորհրդարանական լսումներ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցով: Պետք է նշեմ, որ այդ օրակարգը արհեստական է: Կարծում եմ մենք պետք է ոչ թե դադարեցնենք, այլ ակտիվացնենք ու խորացնենք մեր մասնակցությունը ԵԱՏՄ-ում: Հայաստանը շարունակելու է խորացնել իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում ու ԵԱՏՄ-ում»,-նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 2015թ. հունվարի 1-ից, ստորագրել են Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ երկրների նախագահները 2014թ. մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն նիստում: Հայաստանի Հանրապետության՝ ԵԱՏՄ-ին միանալու պայմանագիրը ստորագրվել է 2014թ. հոկտեմբերի 10-ին և ուժի մեջ մտել 2015թ. հունվարի 2-ին:

Հավաքական անվտանգության մասին Պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից:

Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է օրեր առաջ՝ նոյեմբերի 24-ին Բրյուսելում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am