Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռուսաստանն ու Հայաստանը միավորում են իրապես դաշնակցային հարաբերությունները. Պուտին

Ռուսաստանն ու Հայաստանը միավորում են իրապես դաշնակցային հարաբերությունները. Պուտին

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ու Ռուսաստանը միասնական են երկու երկրների բազմաշերտ փոխգործակցությունը բարձր գնահատելու հարցում: Երկկողմ կապերը հաջողությամբ և դինամիկ կերպով զարգանում են բոլոր ուղղություններով՝ ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ բազմակողմ կազմակերպությունների` ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Տրետյակովյան պատկերասրահում «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» բացման հանդիսավոր արարողությանը իր խոսքում նշեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ռուսաստանն ու Հայաստանը միավորում են իրապես դաշնակցային հարաբերությունները: Մեր երկրներն անկեղծորեն ձգտում են փոխշահավետ համագործակցության և բոլոր ուղղություններով գործընկերային ռազմավարական փոխգործակցության ամրապնդման: Մեզ միավորում է ընդհանուր բազմադարյա պատմությունը, հոգևոր բարեկամությունը, միմյանց ավանդույթների և սովորույթների հանդեպ անկեղծ հետաքրքրությունը: Դարերի խորքը գնացող մարդկային, ընկերական, ընտանեկան կապերը փոխանցվում են սերնդեսերունդ: Եվ պատահական չէ այն հատուկ ուշադրությունը, որ  մենք հատկացնում ենք հումանիտար համագործակցությանը, մշակույթի, կրթության, արվեստի ոլորտներում սերտ կապերի պահպանմանը»,- ասաց Պուտինը:

Նա հիշեցրեց, որ 2017 թվականի ապրիլին լրացավ հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, իսկ օգոստոսին` Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 20-ամյակը:

«Հայաստանի մշակույթի օրերը ևս մեկ հնարավորություն են Ռուսաստանի քաղաքացիների համար ծանոթանալու մեր բարեկամ երկրի հինավուրց ժողովրդի պատմական-մշակութային ժառանգության նոր եզրերին: Եվ այստեղ կցանկանայի շեշտել սպասվող միջոցառումների հագեցվածությունն ու բազմազանությունը, որոնք մինչև նոյեմբերի վերջ կանցկացվեն Ռուսաստանի ողջ տարածքում: Դա Երևանի դրամատիկական թատրոնի ներկայացումները, պետական երիտասարդական նվագախմբի և պարի անսամբլի համերգները, ֆիլմերի ցուցադրությունները, թանկարժեք իրերի և ազգային հագուստների ցուցադրություններն են: Այսօր Մոսկվայում Հայ առաքելական եկեղեցու եկեղեցական համալիրում հաջողությամբ կայացել է «Հովեր» պետական կամերային երգչախմբի ելույթը: Հյուրերին է ընդունել նաև ճարտարապետական հուշարձանների` խաչքարերի ցուցահանդեսը: Տրետյակովյան պատկերասրահում բացվում է ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ականավոր գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի աշխատանքների ցուցահանդեսը, ով իր ստեղծագործության մեջ օրգանական կերպով միավորել է ռուսական դպրոցի ոճը, Արևելքի ավանդույթները և 20-րդ դարի եվրոպական արվեստը: Նրա աշխատանքները, անունը` մեր ընդհանուր ժառանգությունն է: Եվ իհարկե, և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի հպարտությունը»,- հայտարարեց ՌԴ նախագահը: Նա շեշտեց, որ հենց նման վառ, բաց նախագծերը, ինչպիսիք են մշակույթի օրերը, մերձեցնում և միավորում են երկու երկրներին, մարդկանց մոտ առաջացնում են անկեղծ զգացմունքներ, ծառայում են բարեկամության և համագործակցության ամրապնդմանը: Նա համոզվածություն է հայտնել, որ առաջիկայում ևս հումանիտար ոլորտը կարևոր դեր կխաղա հայ-ռուսական փոխգործակցության մեջ, ինչը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին:

Պուտինը ՀՀ Նախագահին փոխանցեց Միխայիլ Վռուբելի հայտնի կտավը, որը 1995 թվականին գողացվել էր Երևանում Ռուսական արվեստի թանգարանից: «Ես ուրախ եմ այսօր փոխանցել Միխայիլ Վրուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» կտավը: Այն նկարվել է 1891թ-ին և մտնում է Միխայիլ Լերմոնտովի «Դևը» պոեմի մոտիվներով արված նկարազարդումների շարքի մեջ: Ավելի քան 20 տարի առաջ` 1995թ-ին, այն գողացվել է Երևանում ռուսական արվեստի թանգարանից: Անցած տարի կտավը գտնվել է: Տրետյակովյան պատկերասրահի լավագույն վերականգնողները նրան բերել են սկզբնական տեսքին: Հենց նոր մեզ այդ մասին պատմում էին` յոթ ամիս աշխատել են ամեն օր: Եվ հիմա Երևանում ռուսական արվեստի թանգարանի այցելուները կրկին կկարողանան տեսնել հայտնի ռուս նկարչի աշխատանքը»,- ասաց ՌԴ նախագահը:

Եզրափակելով խոսքը՝ նա շնորհակալություն հայտնեց «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» բոլոր մասնակիցներին և կազմակերպիչներին, իսկ նրանց հյուրերին մաղթեց վառ, հիշվող տպավորություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am