Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«ProWine China»-ն հայկական խմիչքների համար կարող է դառնալ չինական շուկա մուտք գործելու դարպասը

«ProWine China»-ն հայկական խմիչքների համար կարող է դառնալ չինական շուկա 
մուտք գործելու դարպասը

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ալկոհոլային խմիչքները միասնական ազգային տաղավարով ներկայացվել են «ProWine China 2017» գինիների և ալկոհոլային խմիչքների միջազգային ամենամյա ցուցահանդեսին: Կազմակերպիչները հույս ունեն, որ մասնակցության արդյունքում հայ արտադրողները գործարար կապեր հաստատելու և իրացման նոր շուկաներ գտնելու հնարավորություններ կունենան: Թեմայի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ առևտրային ներկայացուցիչ Հրանտ Աբաջյանի հետ:

-Հայաստանն ինչպե՞ս է ներկայացված «Prօwine China 2017»-ին: Քանի ընկերություն է ներկայացված:

-Չինաստանի Շանհայ քաղաքում նոյեմբերի 14-ին մեկնարկել է «ProWine China 2017» գինիների և ալկոհոլային խմիչքների միջազգային ամենամյա ցուցահանդեսը: Ցանկանում եմ ընդգծել, որ այս տարի առաջին անգամ Հայաստանը ներկայանում է ProWine-ում միասնական ազգային տաղավարով: Առաջիկա երեք օրերի ընթացքում հայկական 13 ընկերություններ իրենց ալկոհոլային արտադրանքը կներկայացնեն այս հեղինակավոր ցուցահանդեսի այցելուներին:

-Ովքե՞ր են զբաղվել նախապատրաստական աշխատանքներով, ո՞ւմ ջանքերով է կայացել ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը:
-Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության կազմակերպչական աշխատանքները պետական աջակցության ծրագրերի շրջանակներում կատարվել են Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից: Հիմնադրամների խնդրանքով, Հայաստանի ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորինս արդյունավետ դարձնելու նպատակով ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը և ՉԺՀ-ում ՀՀ առևտրային ներկայացուցիչը ցուցաբերել են անհրաժեշտ աջակցություն հայկական տաղավար այցելուներ ներգրավելու, ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության մասին տեղեկատվությունը համապատասխան գործարար շրջանակներին փոխանցելու, չինարենի թարգմանիչներ տրամադրելու և այլնի հարցում:

-Ինչո՞ւ ընտրվեց հենց այս ցուցահանդեսը, մասնակիցների ի՞նչ շրջանակ է այն ապահովում:
-«ProWine China»-ն չինական շուկայում գործող գինիների և ալկոհոլային խմիչքների առաջատար միջազգային ցուցահանդեսն է: Այն շատ արդյունավետ հարթակ է միջազգային արտադրողների և տեղական մատակարարների համար՝ հնարավորություններ ընձեռելով վերջիններիս ներկայացնելու իրենց արտադրանքը, ծանոթանալու չինական շուկային և հաստատելու գործարար կապեր: Նշեմ, որ նախորդ տարի այս ցուցահանդեսին մասնակցել են շուրջ  650 արտադրող 37 երկրներից: Իսկ այցելուների թիվը՝ բաղկացած ալկոհոլային խմիչքներ ներկրողներից, մատակարարներից, վաճառքով զբաղվողներից գերազանցել է 12000-ը:

-Հայկական ալկոհոլային խմիչքների համար ի՞նչ հնարավորություններ կստեղծի այս ցուցահանդեսին մասնակցությունը:
-«ProWine China»-ն հայկական ալկոհոլային խմիչքների համար կարող է դառնալ չինական շուկա մուտք գործելու դարպասը: Այս և նմանատիպ այլ ցուցահանդեսներին Հայաստանի շարունակական մասնակցությունը կբարձրացնի չինական շուկայում հայկական գինու, կոնյակի և այլ ալկոհոլային խմիչքների ճանաչելիությունը՝ այդպիսով խթանելով հայկական ալկոհոլային արտադրանքի առաջխաղացումը չինական՝ աշխարհում ամենաարագ տեմպերով զարգացող շուկայում: Վստահ եմ, որ մեր հայկական արտադրանքն այստեղ իրացվելու լուրջ ներուժ ունի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]