Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Ուղղափառության Միջխորհրդարանական Վեհաժողով - արարման 25 տարի. hայացք ապագային. Արտաշես Գեղամյան


ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկ ամիս էլ չի անցել Սոչի քաղաքում Ուղղափառության Միջխորհրդարանական Վեհաժողովի (այսուհետ՝ ՈւՄՎ) Միջազգային քարտուղարության, հանձնաժողովների նախագահների և զեկուցողների նիստի աշխատանքներից։ Փոքրիշատե պատկերացում կազմելու համար բազմակողմ այն աշխատանքի մասին, որն իրականացվում է ՈւՄՎ-ի կողմից, բավական է ծանոթանալ Միջազգային քարտուղարության նիստի օրակարգին, էլ չենք ասում ՈւՄՎ Գլխավոր վեհաժողովի նիստերի ժամանակ բուռն քննարկումների մասին։

Վերլուծելով այդ ամենը՝ մենք կդառնանք ՈւՄՎ բազմակողմ գործունեության, Համաաֆրիկյան խորհրդարանի հետ ՈւՄՎ տարեցտարի ընդլայնվող կապերի, Իսլամական խորհրդատվական խորհրդի, Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի՝ Մեջլիսի, Սիրիայի Ժողովրդական խորհրդի (բարձրագույն օրենսդիր մարմնի), Լիբանանի Ազգային ասամբլեայի հետ համագործակցության հաստատման վկաները։ Ընդ որում, ուրախալի է փաստել, որ այս աշխատանքին ամենաակտիվ մասնակցությունն են ցուցաբերում մեր հայրենակիցները՝ Իրանի խորհրդարանի պատգամավոր Ժորժիկ Աբրամյանը, Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը։

Հարկ է նշել նաև, որ ՈւՄՎ-ն հետևողականորեն իրականացնում է ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի (այսուհետ՝ ԵԱՀԿ ԽՎ) հետ համագործակցության շրջանակների հստակեցման ուղեգիծ։ Եվ առաջին դրական քայլերն այս ուղղությամբ արդեն արված են։ Այսպես, ԵԱՀԿ ԽՎ-ի գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելան 2017թ. հոկտեմբերի 9-ին նամակ էր ուղարկել ՈւՄՎ Գլխավոր վեհաժողովի նախագահ Սերգեյ Ալեքսանդրովիչ Պոպովին և ՈւՄՎ գլխավոր քարտուղար, դոկտոր Անդրեաս Միխայլիդիսին, որտեղ ԵԱՀԿ ԽՎ-ի անունից պատրաստակամություն էր հայտնել հնարավորությունների և ուղիների որոնման հարցում՝ ԵԱՀԿ ԽՎ-ի և ՈւՄՎ-ի միջև համագործակցության հաստատման նպատակով։

Ս.թ. հոկտեմբերի 24-ին ՈւՄՎ միջազգային քարտուղարության նիստի ընթացքում լսվեց նաև հետևյալ հարցը. «ՈւՄՎ գլխավոր քարտուղար, դոկտոր Անդրեաս Միխայլիդիսը և ՈւՄՎ  մշակույթի հանձնաժողովի նախագահ պրն Արտաշես Գեղամյանը (Հայաստան) տեղեկացնում են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության առաջարկի մասին»։ Այս և օրակարգի այլ հարցերի քննարկման ընթացքում ծավալվեց շահագրգիռ բանավեճ, որին ելույթով մասնակցեց նաև ձեր խոնարհ ծառան՝ Արտաշես Գեղամյանը, թե՛ որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, թե՛ որպես Ուղղափառության Միջխորհրդարանական Վեհաժողովի մշակույթի հանձնաժողովի նախագահ։ Ստորև ներկայացնում եմ որոշ մեջբերումներ իմ ելույթներից։

Մասնավորապես, «Թեհրան ՈւՄՎ պատվիրակության այցելության հետաձգման պատճառների մասին» հարցի քննարկման ժամանակ, որի ընթացքում նախատեսվում էր լսել Իրանի խորհրդարանի պատգամավոր Ժորժիկ Աբրամյանի տեղեկատվությունը, նրա բացակայության պատճառով բանավեճը, ըստ իս, ընթանալու էր ոչ այնքան կառուցողական հունով։ Այսպես, որոշ հռետորներ արտահայտություններ արեցին, որոնք, մեղմ ասած, չէին արտացոլում արդի աշխարհաքաղաքական իրողությունները, ավելին՝ դարձան այդ հնագույն քաղաքակրթության քաղաքական մշակույթի մակերեսային իմացության վկայությունը։ Ես՝ որպես Հայաստանի, որն Իրանի հետ բարեկամական գործընկերային հարաբերություններ ունի, ներկայացուցիչ, ստիպված եղա ՈւՄՎ գործընկերներիս հիշեցնել, որ Իրանի Իսլամական Հանրապետության պետականության պատմությունը հնագույններից մեկն է աշխարհում, որը 5-հազարամյա վաղեմություն ունի (սկսած Էլամի պետության ժամանակներից)։

Ի դեպ, որպեսզի լսարանի ուշադրությունը խիստ չսրեմ ՈւՄՎ Միջազգային քարտուղարության նիստի աշխատանքին Իրանի խորհրդարանի պատգամավոր Ժորժիկ Աբրամյանի չմասնակցելու հնարավոր պատճառների վրա, ստիպված եղա փոքր-ինչ «լիցքաթափել» իրադրությունը՝ նշելով. «Կարծում եմ, որ մեր գործընկերոջ բացակայությունը և Իրանի Իսլամական Հանրապետություն ՈւՄՎ պատվիրակության այցի հետաձգումը բնավ կապված չեն այն բանի հետ, որ Հունաստանի Հանրապետության պատվիրակության կազմում փոփոխություններ են տեղի ունեցել։ Ավելի վաղ ելույթ ունեցած մեր հույն գործընկեր Իոանիս Սարակյոտիսը մեզ պատմել էր այն մասին, որ ինքը Հունաստանի Հանրապետության խորհրդարան ընտրվել է այն տարածքից, որտեղ երկուսուկես հազարամյակ առաջ տեղի է ունեցել հանրահայտ Թերմոպիլեի ճակատամարտը (մ.թ.ա. 480-479թթ. հույն-պարսկական պատերազմի ընթացքում), որում հունական զորքերը (սպարտացիներին) ղեկավարում էր Սպարտայի քաջ արքա Լեոնիդասը, և այս առնչությամբ ուզում եմ հույս հայտնել, որ այդ հանգամանքը Իրանի մեր գործընկերներին տխուր հիշողությունների չի մղել, երբ խիզախ սպարտացիները, թեսալացիներն ու թեբեացիները հերոսաբար ընկան Թերմոպիլեի ճակատամարտում՝ մարտնչելով թվաքանակով մի քանի տասնյակ անգամ իրենց գերազանցող պարսիկների դեմ։ Համոզված եմ, որ այս հուշերը ՈւՄՎ Իրան կատարելիք այցի հետաձգման, ինչպես և  մեր նիստին նրանց պատգամավորի բացակայության վրա չեն ազդել։

Սա, իհարկե, ասում եմ որպես կատակ։

Հարգելի գործընկերներ, իսկ ինչ վերաբերում է մեր գործընկերոջ ակնարկին և նրա հայտնած մտահոգությանը ՈւՄՎ-ի և Իրանի Մեջլիսի միջև ավելի սերտ համագործակցության շարունակման նպատակահարմարության մասին՝ այդ երկրի հանդեպ ԱՄՆ մտցրած նոր պատժամիջոցների հետ կապված, ապա կուզենայի նշել հետևյալը։ Իրանը և միջազգային միջնորդների «վեցնյակը» (ՄԱԿ Անվտանգության խորհրդի բոլոր մշտական անդամները՝ ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա), ինչպես հայտնի է, 2015թ. հուլիսի կեսին պայմանավորվածություն ձեռք բերեցին Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ և ստորագրեցին գործողությունների համապարփակ համատեղ պլան (ԳՀՀՊ)։ Իրանի Իսլամական Հանրապետությունը պարտավորվեց սահմանափակել ուրանի հարստացման աշխատանքները՝ ավելի վաղ ընդունված պատժամիջոցները չեղարկելու դիմաց։ Եվ ահա, Եվրամիությունը մեկնաբանեց Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները։ «Այս փուլում մենք կարծում ենք, որ բոլոր կողմերը կատարում են պայմանագրով ստանձնած պարտավորությունները», – ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչ Քաթրին Ռեյն ի պատասխան Վաշինգտոնի մտցրած նոր պատժամիջոցների։ Ավելին՝ բոլորովին վերջերս՝ 2017թ. հոկտեմբերի 16-ին, Ֆեդերիկա Մոգերինին, պատասխանելով Իրանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ ԱՄՆ-ի հետ հնարավոր պայմանավորվածությունների մասին հարցին, ասել է. «Մենք չենք քննարկել և չենք քննարկում Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ մտցնելը»։ Սա՝ Իրանի Մեջլիսի հետ ՈւՄՎ համագործակցության նպատակահարմարության հաշվով։

Այժմ՝ ըստ էության, ՈւՄՎ-ի և ԵԱՀԿ ԽՎ-ի միջև համագործակցության հաստատման հարցի մասին։ Չեմ կարող չնշել ահա թե ինչի մասին։ 17 տարի շարունակ, բացի 2007-2012 թթ. հինգ տարիներից, ես եղել եմ ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության կազմում, իսկ վերջին 5 տարիներին ղեկավարել եմ այդ կազմակերպությունում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը և ամենայն հիմնավորվածությամբ ուզում եմ առարկել ինձնից առաջ ելույթ ունեցած հռետորին, որն իր ելույթում, անդրադառնալով ՈւՄՎ-ի և ԵԱՀԿ ԽՎ-ի միջև համագործակցությանը, խոսում էր հարգանքի արժանի այդ կազմակերպությունում իբր առկա ճգնաժամի մասին, որի անդամներ են հանդիսանում 57 պետություններ, ներառյալ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Կանադան, Հունաստանը և այլն։ Այս պնդումն ընդհանուր ոչինչ չունի իրականության հետ։ Այսպես, այդտեղ հնչած տեղեկությունն այն մասին, թե ԵԱՀԿ ԽՎ-ն նոր է հաղթահարել ճգնաժամը, չի համապատասխանում իրականությանը։ Ընդհակառակը, ԵԱՀԿ ԽՎ-ն կայուն գործող հեղինակավոր միջազգային կազմակերպություն է, որը բազմաթիվ միջազգային կազմակերպություններից ամենապակասն է ենթարկված գլոբալ կոնյունկտուրայի ազդեցությանը, որը թելադրում են համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնները։ Ամենայն հավանականությամբ, մեր գործընկերը նկատի ուներ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (այսուհետ՝ ԵԽԽՎ)։ Այո, այդ կազմակերպությունը վերջերս ճգնաժամի մեջ էր, որը ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հրաժարականով արդեն հաղթահարվել է։ Այսպես, ի կատարումն ՈւՄՎ ղեկավարության հետ ունեցած իմ պայմանավորվածության՝ ես նամակ եմ գրել ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահ Քրիստին Մուտոնենին և գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելային, որում, մասնավորապես, խնդրել եմ համագործակցություն հաստատել և վստահություն եմ հայտնել, որ մեր կազմակերպությունների միջև համագործակցությունը կծառայի խաղաղության և անվտանգության ամրապնդման գործին ոչ միայն ԵԱՀԿ, այլև այն երկրների տարածքում, որոնք ներկայացված են Ուղղափառության Խորհրդարանական Վեհաժողովում։ Այնուհետև ԵԱՀԿ ԽՎ ղեկավարությանը նամակ է ուղարկվել ՈւՄՎ գլխավոր քարտուղարի և նախագահի ստորագրություններով, որում, մասնավորապես, նշվում էր. «Հարգելի գործընկերներ, ահա արդեն 24 տարի ՈւՄՎ-ն չթուլացող հետաքրքրությամբ հետևում է ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի գործունեությանը։ Գոհունակությամբ ուզում ենք փաստել, որ մեր տագնապալի ժամանակներում ԵԱՀԿ ԽՎ-ն հանդես է գալիս որպես խաղաղության և անվտանգության աջակցման հզոր գործոն Վանկուվերից մինչև Վլադիվոստոկ տարածքում։ Մեզ ոգեշնչում է ձեր ակտիվությունը, անկաշկանդությունը, մեր երկրների անվտանգության սպառնալիքներին օպերատիվ և արիաբար արձագանքելը։ Մենք ողջունում ենք միջազգային այն կազմակերպությունների հետ ԵԱՀԿ ԽՎ-ի սերտ փոխգործակցությանն ուղղված ձեր ջանքերը, որոնց համար թանկ է խաղաղության և անվտանգության ճակատագիրը... Հայաստանի խորհրդարանի մեր գործընկերը՝ պարոն Արտաշես Գեղամյանը, որը երկար տարիներ մասնակցում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքին, վերջերս հիշեցրեց մեզ համագործակցության հնարավորության մասին և հորդորեց համատեղ դիտարկել երկու կազմակերպությունների քարտուղարությունների միջև առաջին հանդիպումն անցկացնելու հնարավորությունը։

Ակնկալելով Ձեր դրական պատասխանը՝

հարգանքով

Գլխավոր քարտուղար, դոկտոր Անդրեաս Միխայլիդիս, Հունաստանի խորհրդարանի պատգամավոր, Գլխավոր վեհաժողովի նախագահ Սերգեյ Պոպով, Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի, Դաշնային ժողովի անդամ»։           

Ուրախ եմ նշել, որ արդեն մի քանի օր անց ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելան գրեց պատասխան նամակը, որի տեքստը կցվում է.

 

«Նորին Գերազանցություն պարոն Սերգեյ Պոպովին,

ՈւՄՎ Գլխավոր վեհաժողովի նախագահին,

Նորին Գերազանցություն պարոն Անդրեաս Միխայլիդիսին,

ՈւՄՎ գլխավոր քարտուղարին

Կոպենհագեն, 9 հոկտեմբերի 2017թ.

 

Հարգելի պարոն Պոպով,

Հարգելի պարոն Միխայլիդիս,

 

Շնորհակալություն սեպտեմբերի 21-ի ձեր սիրալիր նամակի համար, որում պարզաբանվում է Ուղղափառության Միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքը։

Ես ողջունում եմ մեր երկու վեհաժողովների միջև շփում հաստատելու այս հնարավորությունը։

Ինչպես գիտեք, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը մասնակցում է ԵԱՀԿ տարածաշրջանում համախոհ կազմակերպությունների հետ համագործակցությանը մի ամբողջ շարք հարցերի վերաբերյալ։ Ես կխորհրդակցեմ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ղեկավարության հետ հաջորդ հասանելի հնարավորության պարագայում ՈւՄՎ-ի հետ հետագա համագործակցության ուղղությունների մասին և այս հարցում ձեզ հետ շփումները շարունակելու հույս ունեմ։

Շնորհակալություն ձեր տրամադրած ժամանակի և ուշադրության համար։

 

Հարգանքով՝ Ռոբերտո Մոնտելա,ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար»։

 

Հարգելի գործընկերներ, կարծում եմ, որ առաջիկայում մենք աշխատանքային կարգով կորոշենք այն հարցերը, որոնք կարող են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնել ԵԱՀԿ ԽՎ-ի և ՈւՄՎ-ի համար և կդրվեն մեր համագործակցության հիմքում»։

ՈւՄՎ Միջազգային քարտուղարության նիստում այլ հարցերի, մասնավորապես՝ սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների շուրջ բանավեճերի ընթացքում խոսակցություն եղավ բանակցային գործընթացի մասին, որն անցկացվում է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։ Հռետորներից մեկը կարծիք հայտնեց սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Թուրքիայի, իբր, դրական դերի մասին, որը Ռուսաստանի և Իրանի հետ միասին նախաձեռնել է Աստանայի բանակցային  գործընթացը։

Ստիպված էի իմ կարծիքը հայտնել այդ հարցի վերաբերյալ։ Այո, հարկ է նշել, որ անցած տարվա դեկտեմբերի 21-ին Մոսկվայում տեղի ունեցավ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպում, որի ժամանակ ընդունվեց համատեղ հայտարարություն համաձայնեցված միջոցառումների մասին՝ ուղղված սիրիական հակամարտության դադարեցման քաղաքական գործընթացի աշխուժացմանը։ Ինչպես  հանդիպման արդյունքը մեկնաբանեց ՌԴ ԱԳՆ ղեկավար Ս. Լավրովը, Ռուսաստան–Իրան–Թուրքիա ձևաչափն առավել արդյունավետն է սիրիական կարգավորման համար. «Սա փորձ չէ ստվեր նետել մեր մյուս բոլոր գործընկերների՝ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում առաջընթացի հասնելու ջանքերի վրա, սա պարզապես փաստի արձանագրում է»։ ՌԴ պաշտպանության նախարար Ս. Շոյգուն, իր հերթին, ասաց. «ԱՄՆ-ի կամ նրա գործընկերների ձեռնարկած համատեղ գործողությունների մասին պայմանավորվելու բոլոր նախկին փորձերը դատապարտված էին ձախողման։ Նրանցից ոչ ոք իրական ազդեցություն չուներ «երկրում» իրավիճակի վրա։ Թուրքիան, անշուշտ, նման ազդեցություն ունի, դա ժխտելն արդյունավետ չէր լինի, թեև Անկարայի ռազմական դերն ավելի շուտ նկատելի է սիրիական տարածքում իր սեփական շահերի պաշտպանության հարցում»։ Միևնույն ժամանակ, բավականաչափ տեղեկատվություն ունենալով սիրիական հակամարտության հրահրման գործում Թուրքիայի անբարեհաճ դերի մասին՝ ՈւՄՎ Միջազգային քարտուղարության նիստում ես պարտքս համարեցի կարճ հայտարարություն անել այն մասին, որ Թուրքիան Սիրիայում ռազմական գործողությունների հենց սկզբից ահաբեկիչների հանցակիցն է եղել։ Հենց նրա տարածքով են իրականացվել ԻԼԻՊ-ի և «Ջեբհաթ ան-Նուսրայի», ինչպես նաև մյուս ահաբեկչական խմբավորումների գրոհայինների ֆինանսավորումն ու մատակարարումը։ Այս առնչությամբ տարակուսանք է հարուցում այն, որ հիմա Թուրքիան ուզում է այն երկրների շարքում, որոնք իսկապես նպաստում են սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը, գրանցվել մի ինչ-որ խաղաղարարի դերում։ Ավելին՝ ՈւՄՎ գործընկերներիս ստիպված էի հիշեցնել նաև այն մասին, որ «Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին՝ Բիլալը, ինչպես պարզվեց, բավական սերտ շփումներ ունի ԻԼԻՊ-ի գրոհայինների հետ։ Ընդհուպ մինչև այնտեղ, որ նրանց հետ լուսանկարվում է ուրախ ժպիտը դեմքին։ Ընդ որում՝ հենց Բիլալ Էրդողանն է դե-ֆակտո վերահսկում Թուրքիայի նավթի շուկաները և նավթ գնում իսլամիստներից ստվերային շուկայում... Ըստ էության, գրոհայինների նավթի պահեստարաններին ռուսաստանյան Օդատիեզերական ուժերի հարվածներն են հենց թուրքական իշխանությունների համար դարձել վերջին կաթիլը։ Անկարան պարզապես զգացել է, որ կորցնում է եկամտի աղբյուրը (www.vesti.ru <https://www.vesti.ru/> Вести.Ru: Нефть и дружба с ИГИЛ: секреты семьи Реджепа Эрдогана)»։ Այս առումով իմ խոսքում ես նշեցի. «Եթե մենք անընդհատ փաստենք  Էրդողանի ընտանիքի բիզնես-կապերը գրոհայինների հետ և միևնույն ժամանակ ոչինչ չձեռնարկենք, հավատացեք, որ նման մոտեցումը մեր կողմից ոչ այլ ինչ կլինի, եթե ոչ՝ ահաբեկիչների հանցակցի հանդարտեցում»։

Չէի ցանկանա այս տագնապալի նոտայով ավարտել հոդվածս։ Նշեմ, որ 2018 թ. տեղի կունենան հոբելյանական միջոցառումներ Ուղղափառության Միջխորհրդարանական վեհաժողովի 25-ամյակի առիթով, իսկ հունիսի 25–30-ին Աթենքում կկայանա ՈւՄՎ 25-րդ Գլխավոր Վեհաժողովը։ Կարծում եմ, որ հոբելյանական տարվա կարգախոսը կարող էր դառնալ՝ Ուղղափառության Միջխորհրդարանական Վեհաժողով – արարման 25 տարի. հայացք ապագային։ Եվ կցանկանայի վստահություն հայտնել, որ Երկիր մոլորակի ապագան կլինի լուսավոր ու անվտանգ, եթե աշխարհում հաղթանակեն քրիստոնեական արժեքները, որոնց հաստատման հետևողական ջատագովն է Ուղղափառության Միջխորհրդարանական Վեհաժողովը։        

 

Արտաշես Գեղամյան,

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հանրապետական կուսակցությունից,

ՈւՄՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ,

«Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ