Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կարող են որդիներիս դեմ հետաքննություն սկսել. Թուրքիայի վարչապետն արձագանքել է Paradise Papers-ի հրապարակմանը

Կարող են որդիներիս դեմ հետաքննություն սկսել. Թուրքիայի վարչապետն արձագանքել 
է Paradise Papers-ի հրապարակմանը

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն արձագանքել է Հետաքննական լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) կողմից հրապարակված օֆշորային նոր բացահայտումների շրջանակում իր որդիների ներգրավվածության մասին հրապարակումներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Նա հայտարարել է, որ իր որդիների նկատմամբ կարող են հետաքննություն սկսել, սակայն նրանց արարքներում որևէ քրեորեն դատապարտելի քայլ չի եղել:

«Երբ սկսում էի քաղաքականությամբ զբաղվել, երեխաներիս խորհուրդ տվեցի պետության հետ երբեք որևէ գործարքի մեջ չմտնել, չմոտենալ դրան: Ծովագնացությունը մի գործ է, որն ընդունված է աշխարհի բոլոր կողմերում: Այստեղ որևէ գաղտնի կողմ չկա»,- հայտարարել է Յըլդըրըմը:

Վարչապետն ընդգծել է, որ նմանօրինակ խոսակցություններ տարածվել էին նաև 2014 թվականի ընտրությունների ժամանակ: «Ես անձեռնմխելիություն ունեմ, սակայն երեխաներս չունեն: Նրանք նկատմամբ կարող են ցանկացած տեսակի հետաքննություն սկսել»,- ասել է Յըլդըրըմը:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի որդիները՝ Էրքամ և Բյուլենթ Յըլդըրըմները, հայտնվել են Paradise Papers-ի օֆշորային սկանդալում:

Կոնսորցիումի հրապարակած նյութերում նշվում է, որ եղբայրները Մալթայում գրանցված երկու ընկերությունների միակ սեփականատերերն են: Առաջինը՝ Hawke Bay Marine Co. Ltd-ն, ստեղծվել է 2004 թվականի ապրիլին: Ընկերությունն ունի կամ ղեկավարում է բեռնափոխադրող նավերով: Երկրորդ ընկերությունը՝ Black Eagle Marine Co. Ltd-ը, գրանցվել է 2007 թվականին: Գրանցված փաստաթղթերը ցույց են տալիս, որ Էրքամը, ով ընկերությունների բաժնետոմսերի մեծ մասի սեփականատերն է, նաև այդ երկու ընկերությունների տնօրենն է: Երկու ընկերություններն էլ 2017 թվականի հոկտեմբերի դրությամբ Մալթայի ընկերությունների ռեգիստրում գրանցված են որպես ակտիվ գործող ընկերություններ:

Կոնսորցիումից հայտնել են, որ Էրքամ և Բյուլենթ Յըլդըրըմները հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալ հրապարակված նյութերի վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am