Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀԲ Doing Business 2017 զեկույցում Հայաստանը զբաղեցնում է 47-րդ տեղը. մեր երկիրը շարունակել է բարելավել իր գործարար կարգավորումները

ՀԲ Doing Business 2017 զեկույցում Հայաստանը զբաղեցնում է 47-րդ տեղը. մեր երկիրը շարունակել է բարելավել իր գործարար կարգավորումները

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային բանկի «Գործարարություն 2018. բարեփոխումների իրականացում աշխատատեղերի ստեղծման համար» զեկույցում Հայաստանը գործարարությամբ զբաղվելու դյուրինության առումով զբաղեցնում է 47-րդ տեղը՝ նախորդ տարվա 38-րդ տեղի համեմատ:  Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ՀԲ փորձագետների գնահատմամբ, նախկինում հրապարակված վարկանիշի այս փոփոխության հիմնական պատճառներն են այլ տնտեսությունների գործարարության կարգավորման միջավայրերի նշանակալի բարելավումները, մեթոդաբանական շտկումները և տվյալների վերանայումները:

 «Սահմանագծից հեռավորության ցուցանիշը, որը գնահատում է երկրի կանոնակարգման  աշխատանքների բացարձակ մակարդակը 0-ից 100 սանդղակով, որտեղ 0-ն համապատասխանում է ամենացածր կատարողականին, իսկ 100-ը՝ սահմանագիծն է, Հայաստանի միավորը «Գործարարության 2017 » զեկույցի 71.92-ի համեմատ «Գործարարություն 2018» զեկույցում դարձել է 72.51», - ասել է ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն: «Սա նշանակում է, որ վերջին տարվա ընթացքում Հայաստանն իր գործարար կարգավորումները բարելավել է, ինչպես արտացոլված են բացարձակ արտահայտությամբ Գործարարության զեկույցի ցուցանիշներում: Երկիրն իրապես շարունակում է փոքրացնել համաշխարհային կարգավորման սահմանագծից հեռավորությունը, ինչը դրական զարգացում է»,- ընդգծել է Բոսութղոն:

Մասնավորապես, «Գործարարություն» զեկույցի եզրահանգմամբ Հայաստանը 2016/17 թթ. զգալի փոփոխություններ է իրականացրել կարգավորման տեղական դաշտում.

Հայաստանը դյուրացրել է էլեկտրաէներգիայի ստացումը՝ միացման ընթացակարգերի համար պարտադրելով նոր ժամկետներ և կոմունալ ընկերությունում ներդնելով աշխարհագրական տեղեկությունների նոր համակարգ, դյուրացրել է գույքի գրանցումը՝ բարելավելով հողերի կառավարման համակարգի վեճերի կարգավորման մեխանիզմները:

Ընդհանուր առմամբ, ըստ ՀԲ-ի, 2017 թ. Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսությունները շարունակել են իրենց գործարար միջավայրի բարելավմանը, աշխատատեղերի ստեղծմանը և աճի խթանմանն ուղղված բարեփոխումների ակտիվ ծրագիրը՝ ըստ Համաշխարհային բանկի խմբի «Գործարարություն» (Դուինգ բիզնես)  զեկույցի հոբելյանական 15-րդ թողարկման: Այսօր հրապարակված՝ «Գործարարություն 2018. բարեփոխումների իրականացում աշխատատեղերի ստեղծման համար»  զեկույցում գրանցվել են վերջին տարվա ընթացքում տարածաշրջանում իրականացված 44  բարեփոխումները՝ նախընթաց 15 տարիներին ընդունած բարեփոխումների ընդհանուր թիվը հասցնելով 673-ի:

Տարածաշրջանի տնտեսություններից երկուսը՝ Կոսովոն  և Ուզբեկստանն առանձնանում են որպես տարվա լավագույն համաշխարհային բարելավողներ, իսկ տարածաշրջանի 24 տնտեսություններից 13-ը դասվում են Գործարարության համաշխարհային վարկանշային աղյուսակի լավագույն 50 երկրների թվում:

Անցյալ տարվա բարեփոխումները հիմնականում իրականացվել են գույքի գրանցման (8 բարեփոխումներով), վարկերի ստացման (յոթ) և փոքր բաժնետերերի պաշտպանության (վեց) ոլորտներում: Օրինակ՝ Վրաստանն ուժեղացրել է փոքր բաժնետերերի պաշտպանությունը՝ հստակեցնելով սեփականության և հսկողության կառուցվածքները:

Ռուսաստանի Դաշնությունը դյուրացրել է գույքի փոխանցումը՝ կրճատելով սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցման դիմելու համար անհրաժեշտ ժամանակը: Կոսովոյի բարեփոխումները ներառել են նոր օրենքների ընդունումը՝ անվճարունակության պատճառով լուծարումն ուժեղացնելու և վարկերի մատչելիությունը բարելավելու համար: Ուզբեկստանն ուժեղացրել է փոքր բաժնետերերի պաշտպանության միջոցները՝ ավելացնելով կորպորատիվ թափանցիկության պահանջները, իսկ Լիտվան դյուրացրել է էլեկտրաէներգիայի ստացումը՝ պարզեցնելով ընթացակարգերն ու նվազեցնելով միացման վճարները:

Ուկրաինան հեշտացրել է շինարարական թույլտվությունների տրամադրումը՝ զգալիորեն իջեցնելով վճարները: Անցյալ տարի տարածաշրջանում բարեփոխումներ իրականացրած մյուս տնտեսությունների թվում են՝ Ղազախստանը (երեք բարեփոխում), Ղրղզստանը (մեկ) և Տաջիկստանը (երկու): Ղազախստանը, օրինակ, պայմանագրերի կիրարկումը դյուրացրել է՝ հիմնական դատական գործընթացների համար սահմանելով ժամկետների լրացուցիչ չափանիշներ, որոնք  գործերի մեծ մասի դեպքում պահպանվում են: Ղրղզստանում իրականացված բարեփոխումները վարկերի մատչելիությունն ամրապնդել են երկու նոր որոշումներով, որոնք ստեղծում են գրավի միասնական և արդիական ռեգիստր և նաև բարելավել են վարկային հաշվետվական համակարգը՝ ընդունելով վարկային տեղեկությունների փոխանակման մասին նոր օրենք: Տաջիկստանը դյուրացրել է նոր գործ սկսելը՝ բարձրացնելով ավելացված արժեքի հարկի պարտադիր գրանցման համար հասույթի շեմը և վերացնելով մի ընթացակարգ՝ գույքի գրանցումը դյուրացնելու համար:

«Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսությունները շարունակում են ներկայացնել բարեփոխումների շատ ամուր ծրագիր»,- ասել է «Դուինգ բիզնես» ստորաբաժանման ծրագրի ղեկավար Սանտյագո  Կրոսի Դաունեսը՝ ավելացնելով, որ նշված բարեփոխումների ազդեցության տարածմանը զուգահեռ հավանական է, որ մենք տեսնենք ավելի դինամիկ մասնավոր հատված, որը կնպաստի տարածաշրջանում տնտեսական աճի խթանմանը:

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսությունները լավագույն արդյունքներն են արձանագրել Գործարարության՝ փոքր բաժնետերերի պաշտպանության և գույքի գրանցման ոլորտներում: Օրինակ՝  առևտրային գույքի փոխանցման համար պահանջվում է միջինը 20 օր՝ 49 օր համաշխարհային միջին ցուցանիշի համեմատ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am