Տնտեսություն

Վարդան Արամյանը ներկայացրեց 2018 թ. տնտեսական առաջնահերթությունները

2 րոպեի ընթերցում

Վարդան Արամյանը ներկայացրեց 2018 թ. տնտեսական առաջնահերթությունները

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 2018 թ. պետական բյուջեով տնտեսական բլոկին ուղղված հիմնական կապիտալ ծախսերը գնալու են երեք ուղղությամբ՝ ճանապարհաշինություն-տրանսպորտ, ջրային տնտեսություն և էներգետիկա: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2018 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «Իրականում, եթե մենք հավակնում ենք բարձր տնտեսական աճի, ենթակառուցվածքները պետք է այդ հնարավորությունը տան: Օրինակ, եթե մենք ոռոգման համակարգերի մասով որևէ գործողություն չանենք և դրանք մնան այսպիսի անմխիթար վիճակում, ջրի կորուստները բարձր լինեն, անջրդի հողերը՝ շատ, որքան ուզում է կառավարությունն այլ գործիքներով սուբսիդավորել գյուղատնտեսությունը, դրա արդյունքը չի մեծանա: Որպեսզի արդյունքը լինի առավելագույն, նախ պետք է ենթակառուցվածքների ներդրում կատարել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արամյանը:

Նրա խոսքով՝ որքան էլ կառավարությունը ցանկանա, որպեսզի, օրինակ, Գյումրին դառնա զբոսաշրջային կենտրոն, միայն ասելով կամ միայն Ռուսթավելի փողոցը վերակառուցելով չի լինի: «Ռուսթավելի փողոցի վերակառուցումը կարևորագույն նախագիծ է, սակայն, որպեսզի դրա արդյունքը մաքսիմալացվի, պետք է լինի ճանապարհը, որը Երևանը կկապի Գյումրիի հետ, և մարդկանց տեղաշարժը մեծանա: Նույնը վերաբերում է մյուս համայնքներին, որտեղ կենսական նշանակություն ունեցող ճանապարհները պետք է լինեն բարեկարգ վիճակում: Հետևաբար, մենք պետք է ենթակառուցվածքների ուղղությամբ ներդրում կատարենք»,- նշեց նախարարը:

Անդրադառնալով էներգետիկ ոլորտի կարևորությանն ու առաջնայնությանը՝ Արամյանն ընդգծեց, որ չկա մի երկիր, որտեղ կան էներգետիկ խնդիրներ, և այդ երկրի կառավարությունը հայտարարի, որ միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածում թիրախավորում է մրցունակություն և տնտեսական պոտենցիալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում