Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայաստանյան եվրաբոնդերը գնած օտարերկրյա ներդրողները վստահում են ՀՀ կառավարության քաղաքականությանը

 Հայաստանյան եվրաբոնդերը գնած օտարերկրյա ներդրողները վստահում են ՀՀ 
կառավարության քաղաքականությանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քանի դեռ հայաստանյան եվրաբոնդերի շահութաբերության անկում կամ դրանց ակնհայտ օտարման միտում չի նկատվում, ուրեմն կառավարության ֆինանսական կամ հարկաբյուջետային քաղաքականությունը վստահություն է ներշնչում Հայաստանի արժեթղթերում ներդրում կատարածներին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով 500 միլիոն դոլար արժողությամբ եվրաբոնդերի և բյուջեի դեֆիցիտը ներքին պարտքի թողարկման միջոցով ֆինանսավորելու որոշումներին։ «Առաջին անգամ մենք քննարկում ենք արտաքին պարտքի կառավարման նոր ռազմավարություն և փորձելու ենք աստիճանաբար արտաքին պարտքի մեջ մեծացնել մեր ներքին պարտքի կշիռը։ Ավելի շատ կփորձենք պարտք վերցնել մեր սեփական ռեզիդենտներից, այսինքն՝ կարճաժամկետ պետական պարտատոմսերի թողարկման ճանապարհով»,-ասաց պատգամավորը։ Նրա դիտարկմամբ՝ այն դեպքում, երբ ներքին պարտքը գերազանցում է արտաքին պարտքը, պարտքի պատճառով ճգնաժամի մեջ հայտնվելու հավանականությունը էապես նվազում է, քանի որ երկրի ներսում կարգավորումներ անելն ավելի հեշտ է։

Պատգամավորը նկատեց, որ դեռևս վերջնական գնահատական չկա այն հարցադրմանը, թե արդյոք, արտաքին պարտքում եվրաբոնդերի առկայությունն արդարացված է, թե ոչ։ «Եվրաբոնդերը մի շատ հետաքրքիր ցուցիչ են, օրինակ, համոզված եք, չէ՞, որ այն ընկերությունները, որոնք գնել են հայաստանյան եվրաբոնդերը, այսինքն՝ վարկ են տվել մեզ, նրանք շատ ուշադիր հետևում են Հայաստանի կառավարության իրականացրած քաղաքականությանը, ու եթե մի փոքր սպառնալիք զգան իրենց շահերին, իսկույն այդ եվրաբոնդերը կվաճառեն, կազատվեն դրանցից, ինչը մենք այսօր չենք տեսնում»,-հավելեց Խոսրով Հարությունյանը։

Իսկ առկա վստահությունը, ըստ պատգամավորի, պայմանավորված է իրականացվող քաղաքականության կանխատեսելիությամբ։ Նրա խոսքով՝ կառավարությունը չի գնում պոպուլիստական քայլերի ճանապարհով, ինչը, հնարավոր է, հետագայում սպառնալիքի տակ դներ այդ նույն պարտատերերի փողերը։

«Բացի այդ՝ կան պարամետրեր ու ցուցանիշներ, օրինակ, արտաքին պարտքի ամենամյա սպասարկման գումարի տեսակարար կշիռը բյուջետային եկամուտների մեջ, պարտքի առավելագույն շեմը և այլն, որոնցով նույնպես կարելի է գնահատել, թե այն պարտքային քաղաքականությունը, որ վարում է կառավարությունը, օգտակար է, թե չէ։ Այսպիսի վերլուծություն անում են նաև նրանք, ովքեր ՀՀ կառավարությանը  գումար են տվել, քանի որ նրանք ամեն ինչ անում են, որ չկորցնեն այն»,-ավելացրեց մեր զրուցակիցը։

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն օրերս Reuters-ին տված հարցազրույցում ասել է, որ կառավարությունը պլանավորել է 2019 կամ 2020 թվականներին 500 միլիոն դոլար արժողությամբ եվրաբոնդեր թողարկել` վերաֆինանսավորելու 2013 թվականին թողարկած յոթ տարի մարման ժամկետով պարտատոմսերը:

Նախարարն ասել է, որ կառավարությունն առաջիկա տարիներին արտերկրից գումար ներգրավելու կարիք չունի և կֆինանսավորի բյուջեի դեֆիցիտը ներքին պարտքի թողարկման միջոցով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am