Կառավարությունում քննարկվել են համայնքային զարգացմանն ուղղված ծրագրերը
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերին վերաբերող հարցեր:
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը զեկուցել է այդ նպատակով Հայաստանի մի քանի մարզում կատարված ուսումնասիրությունների արդյունքների մասին: Նշվել է, որ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում ամփոփվել է արդեն շուրջ 50 ծրագիր, որոնք ուղղված են բնակչության՝ եկամուտներ ստանալու հնարավորությունների ավելացմանը, ներդրումային միջավայրի և սոցիալական վիճակի բարելավմանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Կարապետյանը հանձնարարել է շարունակել աշխատանքները և լրամշակել համայնքային զարգացման նպատակով մշակված ծրագրերը՝ կարևորելով դրանց հիմքում հստակ բիզնես տրամաբանության ներդնումը, որը կնպաստի համայնքներում տնտեսական ակտիվության խթանմանը, ենթակառուցվածքների զարգացմանը և աշխատատեղերի ստեղծմանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում