Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանում դեկտեմբերից 13 տարեկան մոտ 15 հազար աղջկա պատվաստում կիրականացվի պապիլոմա վիրուսի դեմ

Հայաստանում դեկտեմբերից 13 տարեկան մոտ 15 հազար աղջկա պատվաստում 
կիրականացվի պապիլոմա վիրուսի դեմ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դեկտեմբերից պատվաստումների օրացույցում նոր պատվաստում է ներառվելու: Դեկտեմբերի երկրորդ տասնօրյակից սկսած 13 տարեկան աղջիկները պատվաստվելու են պապիլոմա վիրուսի դեմ: Սպասվող պատվաստման վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ առողջապահության նախարարության Իմունկանխարգելման ազգային ծրագրի համակարգող, Հիվանդությունների գրանցման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական Գայանե Սահակյանի հետ:

-Դեկտեմբերին 13 տարեկան աղջիկների շրջանում սկսվում է պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների գործընթացը: Այն նախապատրաստական ի՞նչ փուլում է և արդյո՞ք կան նախնական տվյալներ, թե քանի աղջիկ է պատվաստվելու:

-Այո, դեկտեմբերի երկրորդ տասնօրյակից սկսած՝ նախատեսվում է սկսել 13 տարեկան աղջիկների շրջանում պատվաստվումները պապիլոմա վիրուսի դեմ: 2016 թվականի վիճակագրական տվյալներով, երկրում հաշվառված է 13 տարեկան մոտ 16 հազար աղջիկ: Մեր հաշվարկով կպատվաստվեն մոտ 15 հազարը: Այս պահին մենք նախապատրաստական ակտիվ փուլում ենք: Բուժաշխատողների շրջանում իրականացնում ենք դասընթացներ, լայն թափով կատարում ենք իրազեկման աշխատանքներ, որից հետո Առողջապահության նախարարությունը հանդես կգա հայտարարությամբ և պատվաստումները կսկսվեն ամբուլատոր պոլիկլինիկական հիմնարկներում:

-Տիկին Սահակյան, որոշ քաղաքացիների շրջանում մտահոգություն կա այս պատվաստումների վերաբերյալ, խոսվում է բացասական հետևանքների մասին, տարբեր տեղեկատվական հարթակներից մեջբերվում են տեսանյութեր, հոդվածներ: Ի՞նչ կասեք այդ մասին:

-Ես տեղյակ եմ հասարակության շրջանում առկա մտահոգությունների, անհանգստությունների վերաբերյալ: Պետք է նշեմ, որ տեղեկատվական հարթակներից այդ հղումները, տեսանյութերն առանձին դրվագներ են: Գիտականորեն ապացուցված տեղեկատվությունը, որ կա համապատասխան միջազգային կազմակերպություններում, չեն համապատասխանում վերը նշված հղումներին: Գոյություն ունի Պատվաստանյութերի անվտանգության գլոբալ խորհրդատվական հանձնաժողով, որը պարբերաբար դիտարկում  է պատվաստանյութերի անվտանգությանն ու արդյունավետությանը վերաբերող հարցերը, դրանք քննարկում է: Վերջին քննարկումը եղել է հենց այս տարի և դրան համահունչ թարմացվել է այս պատվաստանյութի հետ կապված առկա պաշտոնական դիրքորոշումը: Համաձայն այդ տվյալների՝ ավելի քան 270 մլն դեղաչափ պատվաստում է  կատարվել ամբողջ աշխարհում: Պատվաստումներից հետո լուրջ մտահոգության տեղիք տվող որևէ դեպք չի արձանագրվել, որը վկայում է, որ պատվաստումների կիրառումն անվտանգ է: Ինչպես մյուս պատվաստումների դեպքում, այս պարագայում ևս հնարավոր են սպասվող ռեակցիաներ՝ այտուց, կարմրություն, ցավի առաջացում: Այո, այն ցավ առաջացնում է, յուրաքանչյուր 10 պատվաստվածից  8-ի մոտ դա կարող է լինել, սակայն կարճ ժամանակով, հետո անցնում է:

-Տիկին Սահակյան, այս պատվաստմանը դեմ արտահայտողները նշում են, որ շատ երկրներ հրաժարվել են դրանից՝ կասկածի տակ դնելով պատվաստանյութի արդյունավետությունը: Դուք ասացիք բազմաթիվ երկրներում այն կիրառվում է, կնշե՞ք դրանք:

-Այսօր պատվաստումներ իրականացվում են ավելի քան 70 երկրում, այնպիսի երկրներում ինչպիսիք են ԱՄՆ-ը, Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, արևմտյան եվրոպական երկրները: Ցանկում կան պետություններ, որոնք 10-ից ավելի տարի իրականացնում են այս պատվաստումը, և նրանցից որևէ մեկը չի դադարեցրել: Հավանաբար խոսքը Ճապոնիայի մասին է, այնտեղ դա չի ընդհատվել, պարզապես այնտեղ պատվաստումների մասով պետական մասշտաբով հանրային իրազեկման աշխատանք չի կատարվում: Յուրաքանչյուր բուժաշխատակից իր աշխատանքի շրջանակում ինքն է աշխատում ծնողների հետ:

-Կխնդրեմ, որպես մասնագետ ներկայացնեք հակացուցումները, ո՞ր դեպքում չի թույլատրվում պատվաստել երեխային:

-Ինչպես այս պատվաստանյութի, այնպես էլ մյուսների դեպքում հակացուցումները ընդհանուր են: Եթե պատվաստվողի մոտ կա սուր վիճակ, տվյալ պահին պատվաստում չի իրականացվում: Երբ նրա վիճակը գնահատվում է բարվոք, նոր արվում է:

-Դուք նշեցիք, որ 70 երկրում այս պատվաստումը ներդրված է: Այդ երկրների փորձը հաշվի առնելով, ի՞նչ կանխատեսումներ կան:

-Այդ երկրների փորձը հաշվի առնելով, մեզ մոտ դրական կանխատեսումներ կան: Այդ երկրներում գնահատումները ցույց են տվել, որ հիվանդացության նվազում է նկատվում: Դա խոսում է այն մասին, որ արգանդի պարանոցի քաղցկեղի հսկողությունը կհաջողվի, կկարողանանք 10-ից 7 աղջկա մոտ կանխել:

-Մեզ մոտ ի՞նչ վիճակագրություն կա արգանդի պարանոցի քաղցկեղով հիվանդացության վերաբերյալ, արդյո՞ք պատկերը մտահոգիչ է, որ ներդրվում է պատվաստման այս տեսակը:

-2016 թվականի վերջին տվյալներով՝ արգանդի պարանոցի քաղցկեղով  հիվանդ 2 հազար 990 կին հաշվառման մեջ է: Այս շարքը համալրվում է յուրաքանչյուր տարի միջինում մոտ 250 հիվանդության դեպքով, նոր դեպքերի մասին է խոսքը: Մահվան դեպքեր ևս լինում են, միջինը 100 կին յուրաքանչյուր տարի մահանում է  արգանդի պարանոցի քաղցկեղից: Այս խնդիրը մեզ մոտ լուրջ է: Ի դեպ, կանանց շրջանում քաղցկեղով հիվանդացության ընդհանուր պատկերում արգանդի պարանոցի քաղցկեղը կրծքագեղձի քաղցկեղից հետո երկրորդ տեղն է զբաղեցնում:

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am