Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Հայաստանը մտադիր է ընդլայնել ԵՄ հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում. Էդվարդ Նալբանդյան

Հայաստանը մտադիր է ընդլայնել ԵՄ հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում. 
Էդվարդ Նալբանդյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը սերտ հարաբերություններ ունի Եվրամիության հետ և մտադիր է ընդլայնել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի հետ համատեղ ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Մեր շփումները, հանդիպումները, երկխոսությունները պարբերական բնույթ են կրում: Այսօրվա այցելությունը ևս մեկ հնարավորություն է ընձեռում շարունակել մեր քննարկումները Երևանում: Եվրամիությունը նշանակալի աջակցություն է ցուցաբերում Հայաստանում ընթացող բարեփոխումներին, սատարում մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության շարունակական խթանմանը, ժողովրդավարական ինստիտուտների առավել ամրապնդմանը և դատական համակարգի արդյունավետ կառավարման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող ջանքերին: Ես կցանկանայի հատուկ ընդգծել մեր համագործակցությունը նախորդ տարի ապրիլին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների համատեքստում: Ռիգայի Արևելյան գործընկերության գագաթաժողովի համատեղ հռչակագրի ոգուն համապատասխան վերջին երկու տարիների ընթացքում մեր համագործակցությունը կարևոր ձեռքբերումներ է գրանցել»,- ասաց նախարարը՝  ընդգծելով, որ Հայաստանը միացել է «Հորիզոն 2020»-ին, ավարտվել են «Ստեղծագործ Եվրոպա», «Ընդհանուր ավիացիոն գոտու միանալու» մասին բանակցությունները, ավարտվել է նաև Հայաստանի և Եվրամիության առաջնահերթությունների փաստաթղթի համաձայնեցումը:

Էդվարդ Նալբանդյանը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ նախաստորագրվել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի ստորագրումը նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գագաթնաժողովի կարևոր ձեռքբերումներից մեկը կարելի է համարել:

«Յոհաննես Հանի հետ հանդիպմանը բրյուսելյան գալիք գագաթնաժողովին համաձայնագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքների մասին քննարկումները կարևոր տեղ են զբաղեցրել»,-ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Նա ներկայացրեց, որ Յոհաննես Հանի հետ նաեւ քննարկել է տարածաշրջանային խնդիրները՝ Մերձավորարևելյան իրավիճակը, զարգացումները Սիրիայում:

«Պարոն Հանին ներկայացրի ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման նախապատրաստման մասին: Պարոն Հանը վերահաստատեց Եվրամիության անվերապահ և ամբողջական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին»,-ընդգծեց նախարարը:

Հոկտեմբերի 2-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը: Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am