Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Դեկտեմբեր

ՀՀ Նախագահը ներկա է գտնվել «Հայկական ազգային երաժշտական գանձարան» ծրագրի շնորհանդեսին


ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը սեպտեմբերի 26-ի երեկոյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում ներկա են գտնվել «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի «Հայկական ազգային երաժշտական գանձարան» ծրագրի շնորհանդեսին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, միջոցառման շրջանակներում ներկայացվել են «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի կողմից վերջին շրջանի հրատարակությունները՝ Մակար Եկմալյանի «Պատարագի» ամբողջացված վերահրատարակությունը` լատինատառ տառադարձությամբ (տրանսլիտերացիայով) և հայ եկեղեցու երաժշտածիսական կարևորագույն մատյաններից մեկը` «Ժամագիրքը», որն առաջին անգամ է լույս տեսնում եվրոպական նոտագրությամբ և տպագրության միջազգային չափանիշներին համապատասխան: Երկու մատյաններն էլ հրատարակվել են երաժշտագիտական նախաբաններով, վերլուծություններով և բացատրություններով` հայերեն և անգլերեն: 

«Մշակութային վերածնունդ» հիմնադրամի հիմնադիր-նախագահ Արթուր Ջանիբեկյանը ներկայացրել է «Հայկական ազգային երաժշտական գանձատուփը»՝ շարժական նվագարկիչը, որպես «Հայկական ազգային երաժշտական գանձարան» ծրագրի խորհրդանիշ, որտեղ զետեղված են հիմնադրամի կողմից ձայնագրված և թվայնացված 500-ից ավելի ժողովրդական, հոգևոր և աշուղական երաժշտական նմուշներ: Արթուր Ջանիբեկյանը «Հայկական ազգային երաժշտական գանձատուփ»-ի առաջին նմուշը ընծայել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:

Իրականացված հսկայածավալ աշխատանքը, որ եղել է Կոմիտաս Վարդապետի կյանքի երազանքը, նրա ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին, որպես նվեր է մատուցվել մեծ Վարդապետի հիշատակին:

Երեկոյի ընթացքում ցուցադրվել է ֆիլմ` հայ ավանդական երաժշտության և «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի ծավալած գործունեության մասին:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքից հետո շնորհանդեսն ավարտվել է Երևանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ և Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ «Ժամագրքից» և «Պատարագից» հատվածների ներկայացմամբ:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ