Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանը մտահոգ է Մերձավոր Արևելքում ինքնության հողի վրա ահաբեկչական խմբավորումների հանցագործությունների առնչությամբ. ՀՀ ԱԳ նախարար

Հայաստանը մտահոգ է Մերձավոր Արևելքում ինքնության հողի վրա ահաբեկչական 
խմբավորումների հանցագործությունների առնչությամբ. ՀՀ ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը շարունակում է մտահոգված մնալ Մերձավոր Արևելքում տիրող իրադրության և ահաբեկչական խմբավորումների կողմից ինքնության հողի վրա իրականացվող հանցագործությունների առնչությամբ, որոնք ուղղված են հատկապես ամենախոցելի համայնքների՝ քրիստոնյաների և մյուս կրոնական փոքրամասնությունների դեմ: Մի ժամանակ այս տարածաշրջանում ազգային ու կրոնական բազմազանությունը բարձրագույն արժեք էր։ Այժմ այդ ավանդույթները էապես խեղվել են։ Անհրաժեշտ է անկախ քաղաքական և կրոնական տարբերություններից աջակցություն ցուցաբերել տուժած համայնքների պաշտպանությանն ուղղված ջանքերին: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարարի Էդվարդ Նալբանդյանը՝ ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի բարեկամների խմբի նախարարական հանդիպմանն ունեցած ելույթում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպումը կրել է «Երիտասարդության ներգրավվածությունը՝ որպես ընդգրկուն հասարակությունների կառուցման և խաղաղության պահպանման օղակ»։

Ներկայացնում ենք ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթն ամբողջությամբ։

Հարգելի Բա՛րձր ներկայացուցիչ,

Հարգարժա՛ն նախարարներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ներդրում կատարելով երիտասարդության մեջ՝ ներդրում ենք կատարում ապագայի մեջ: Երիտասարդների մտքերի և սրտերի համար պայքարը որոշիչ է ապագա հասարակությունների ձևավորման համար: Քաղաքակրթությունների դաշինքի նպատակների թվում է ապագայի կառուցումը խաղաղ, սոցիալապես առավել ընդգրկուն աշխարհում՝ զերծ պատերազմներից, հակամարտություններից և բաժանարար գծերից: Ցավոք, անհանդուրժողականություն սերմանողները և ատելություն քարոզողները թիրախավորում են երիտասարդներին, ձգտում ծայրահեղական դարձնելով՝ օգտագործել նրանց որպես իրենց զազրելի նպատակներին հասնելու միջոց:

Իր երկրի երիտասարդությանը նպատակաուղղված և հետևողականորեն ծայրահեղականացնող ղեկավարությունը հեռու է իր հասարակությունը խաղաղությանը նախապատրաստելուց։ Ավելին, այն նպաստում է թշնամանքի ու ատելության վրա հիմնված միջավայրի ձևվորմանը, ինչը հակառակ է Քաղաքակրթությունների դաշինքի նպատակներին:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Հայաստանը շարունակում է հանձնառու լինել Դաշինքի նպատակներին: Հանդիսանալով աշխարհի հնագույն պետություններից մեկը, Հայաստանը գտնվել է տարբեր մշակույթների ու քաղաքակրթությունների խաչմերուկում, ինչը նպաստել է, որ մեր մոտ ձևավորվեն խորը արմատներ ունեցող ավանդույթներ՝ հիմնված այլ մշակույթների և կրոնների նկատմամբ հարգանքի, հանդուրժողականության և համակեցության վրա: Ահա թե ինչու Հայաստանում պահպանվում է հարուստ մշակութային ժառանգություն, որն ի թիվս այլոց, ներառում է Հելլենիստական դարաշրջանի տաճար, հնագույն եկեղեցիներ, միջնադարյան հրեական գերեզմանատուն, 18-րդ դարի մզկիթ, իսկ շուտով այստեղ կավարտվի աշխարհի ամենամեծ եզդիական տաճարի կառուցումը: Ահա թե ինչու հայերն ունեն լավագույնս ինտեգրված և հարգանք վայելող համայնքներ աշխարհի շուրջ հարյուր երկրներում:

Տիկնա՛յք և պարոնա՛յք.

Հայաստանը շարունակում է մտահոգված մնալ Մերձավոր Արևելքում տիրող իրադրության և ահաբեկչական խմբավորումների կողմից ինքնության հողի վրա իրականացվող հանցագործությունների առնչությամբ, որոնք ուղղված են հատկապես ամենախոցելի համայնքների՝ քրիստոնյաների և մյուս կրոնական փոքրամասնությունների դեմ: Մի ժամանակ այս տարածաշրջանում ազգային ու կրոնական բազմազանությունը բարձրագույն արժեք էր։ Այժմ այդ ավանդույթները էապես խեղվել են։ Անհրաժեշտ է անկախ քաղաքական և կրոնական տարբերություններից աջակցություն ցուցաբերել տուժած համայնքների պաշտպանությանն ուղղված ջանքերին:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Պատասխանատու ղեկավարությունը չի փորձում օգուտներ քաղել քաղաքակրթությունների միջև առկա տարբերություններից, այլ հանդուրժողականության ու փոխադարձ հարգանքի վրա խարսխված կամուրջներ է կառուցում տարբեր մշակութային և կրոնական ինքնություն ունեցող ժողովուրդների միջև: Սա է այն, ինչին պետք է հետևեն Քաղաքակրթությունների դաշնիքի անդամները, և սա է այն ժառանգությունը, որ պետք է փոխանցեն երիտասարդությանը՝ հանուն առավել խաղաղ և սոցիալապես ընդգրկուն աշխարհի:

Շնորհակալություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am