Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանը պատրաստ է մասնակցելու Սիրիայում խաղաղարար ջանքեր ձեռնարկելու շուրջ հնարավոր քննարկմանը. ՀՀ Նախագահ

Հայաստանը պատրաստ է մասնակցելու Սիրիայում խաղաղարար ջանքեր ձեռնարկելու 
շուրջ հնարավոր քննարկմանը. ՀՀ Նախագահ

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պատրաստակամ է մասնակցելու Սիրիայում ՄԱԿ-ի հովանու և համապատասխան մանդատի ներքո խաղաղարար ջանքեր ձեռնարկելու շուրջ հնարավոր քննարկմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին սեպտեմբերի 19-ին Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին իր ելույթում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

«Ցավոք, շարունակում է լուրջ մարտահրավեր մնալ Մերձավոր Արևելքում առկա անկայունությունը: Մենք մեծ ցավով ենք հետևում Սիրիայի ճգնաժամին և հումանիտար իրավիճակին, որից տուժում է քաղաքացիական բնակչությունը, այդ թվում նաև այդ երկրի հայ համայնքը: Հայաստանն իր հնարավորությունների սահմաններում ձգտում է դույզն-ինչ մեղմել Սիրիայի ժողովրդի տառապանքները՝ տրամադրելով մարդասիրական օգնություն: Մենք նաև պատրաստակամ ենք մասնակցելու Սիրիայում ՄԱԿ-ի հովանու և համապատասխան մանդատի ներքո խաղաղարար ջանքեր ձեռնարկելու շուրջ հնարավոր քննարկմանը»,-ասել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ Նախագահի խոսքով՝ Հայաստանը, լինելով բարդ տարածաշրջանում տեղակայված, դեպի ծով ելք չունեցող երկիր, ունենալով սակավ բնական պաշարներ, շարունակաբար հայտարարել է, որ իր ամենաարժեքավոր պաշարը մարդն է: Հիրավի, ոչ միայն Հայաստանում, այլև Միավորված ազգերի մեր ամբողջ ընտանիքում ամեն ինչի կենտրոնում պետք է պահել մարդուն, պետք է ձգտել խաղաղության և արժանապատիվ կյանքի բոլորի համար՝ կայուն մոլորակի վրա:

«Կասկած չունեմ, որ Միավորված ազգերի մեր ընտանիքը կարող է ապահովել համագործակցության այն նոր որակը, որը թույլ կտա դիմագրավել ժամանակակից գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերները: Հենց այդ նպատակով է, որ Հայաստանը մասնակցում է ՄԱԿ-ի մի շարք խաղաղապահ գործողությունների: Ավելին, մենք պատրաստակամ ենք ավելացնելու Լիբանանում՝ ՅՈՒՆԻՖԻԼ և Մալիում՝ ՄԻՆՈՒՍՄԱ առաքելություններում մեր մասնակցությունը»,-նշել է Հայաստանի ղեկավարը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am