Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանության թանգարանը համալրվեց Վատիկանի արխիվներից ձեռք բերված արժեքավոր փաստաթղթերով

Հայոց ցեղասպանության թանգարանը համալրվեց Վատիկանի արխիվներից ձեռք 
բերված արժեքավոր փաստաթղթերով

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը համալրվեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ արժեքավոր փաստաթղթերով, որոնք ձեռք են բերվել Վատիկանի գաղտնի արխիվներից: Իտալահայ գործարար Արթուր Ասատրյանի միջոցներով ձեռք բերված փաստաթղթերը սեպտեմբերի 19-ին հանձնվեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:

Փաստաթղթերը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանին հանձնեց «Ծագումով հայեր» հաղորդաշարի հեղինակ Մանանա Հակոբյանը:

Նա ընդգծեց, որ Վատիկանի արխիվներում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բավականին մեծ քանակի փաստաթղթեր կան, որոնց մի մասը իրենք հիմա հանձնում են Հայոց ցեղասպանության թանգարանին: «Այս պահին փաստաթղթերի մի մասի վրա աշխատում են մասնագետները, և համապատասխան հետազոտություն անցնելու հետո դրանք ևս կհանձնվեն թանգարանին: «Ձեռք բերված փաստաթղթերը նոր են, դրանք թվայնացված են, սակայն դեռ ուսումնասիրված չեն: Գիտեք, փաստաթղթերը շատ են, ես հստակ քանակը չգիտեմ: Մասնագետները հիմա դրանց մի մասը հետազոտում են, առանց հետազոտման չեն կարող որևէ բան հանձնել Ցեղասպանության թանգարանին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Հակոբյանը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը նշեց, որ փաստաթղթերը դեռ պետք է ուսումնասիրվեն, սակայն նկատեց, որ դրանցում Հայոց ցեղասպանության տարիներին Օսմանյան Կայսրությունում աշխատող Վատիկանի ներկայացուցիչների բլանկներն են: «Այսինքն, խոսքն այդ տարիներին Օսմանյան Կայսրությունում աշխատող դեսպանների մասին է: Փաստաթղթերը, ինչպես առաջին հայացքից հասկացա, դիվանագիտական գրագրումներ են, կան ինչպես ձեռագիր, այնպես էլ մեքենագիր գրագրումներ: Շատ արժեքավոր փաստաթղթեր են, որոնք իրենց տեղը կունենան մեր թանգարանում: Առաջիկայում մենք մանրամասն կուսումնասիրենք դրանք»,- մանրամասնեց Սուրեն Մանուկյանը՝ ընդգծելով, որ փաստաթղթերը 2014-2017թթ. ընկած ժամանակահատվածում Օսմանյան Կայսրությունում կատարված իրադարձությունների վերաբերյալ են:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am