Կառավարությունում ներկայացվել է Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագրի նախագիծը
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագրի նախագիծը և նպատակային միջոցառումները: Փաստաթուղթը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից և բխում է ՀՀ կառավարության ծրագրից:
Զեկուցողները ներկայացրել են այն միջոցառումներն ու գործիքակազմը, որոնց կիրառումը կնպաստի ժողովրդագրական կայուն զարգացման ապահովմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ծավալված քննարկումների արդյունքում վարչապետն անհրաժեշտ է համարել գնահատել, թե կոնկրետ որ միջոցառումն ինչպիսի հավանական ազդեցություն կարող է ունենալ ժողովրդագրական ընդհանուր պատկերի վրա: Նա նաև կարևոր է համարել միջազգային փորձի ուսումնասիրությունը և հանձնարարել է լրամշակել նախագիծը՝ հաշվի առնելով հնչեցված մոտեցումները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում