Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ավստրիայի անտառատերերի եւ անտառկառավարողների այցը «Զիկատար» կենտրոն

Ավստրիայի անտառատերերի եւ անտառկառավարողների այցը «Զիկատար» կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի 2 երկրամասերի  թվով 40  անտառատերեր եւ անտառկառավարողներ այցելել են Հայաստան, եղել հանրապետության տեսարժան վայրերում, նաեւ՝  Խոսրովի արգելոցի եւ Դիլիջանի անտառներում:  Սեպտեմբերի  6-ը  ավստրիացիների  Հայաստան այցի վերջին օրն էր:  Նրանք առավոտյան այցելեցին  Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կողբ գյուղի արհեստի եւ արվեստի կենտրոն,ուր նրանց դիմավորեցին ավանդական աղուհացով:  Ավստրիացիները  ծանոթացան կենտրոնում ներկայացված նկարներին, ձեռքի գործերին: Ապա ավստրիացի անտառատերերը եւ անտառկառավարողները եղան Կողբ գյուղից 10 կմ հեռավորությամբ գտնվող,  գեղատեսիլ, կուսական անտառում հառնող «Զիկատար» անտառային ուսուցման կենտրոնում:

Անտառագետ, կենսաբանական գիտությունների դոկտոր Անդրանիկ Ղուլիջանյանը պատմեց 150 հա անտառային տարածք ունեցող  «Զիկատար» կենտրոնի գործունեության մասին: Անտառագետ Հովիկ Սայադյանը  ներկայացրեց  ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Հողերի եւ անտառների կայուն կառավարում հյուսիս-արեւելյան Հայաստանի  լեռնային լանդշաֆտների համար» ծրագիրը: Ավստրիացի հյուրերը շրջեցին «Զիկատար» անտառային ուսուցման կենտրոնի անտառներում,  հիացան  բնությամբ,  եղան արհեստական լճակի մոտ, ծանոթացան   հաճարենու փորձարարական հրապարակին:  «Զիկատար» անտառային ուսուցման կենտրոնի անտառագետ Սեյրան Ազատյանը ներկայացրեց  1952 թ. ստեղծված, Հայաստանում եզակի  այդ փորձահրապարակում կատարվող աշխատանքները: Ավստրիացի անտառատերերը եւ անտառկառավարողները  հիացմունք հայտնեցին «Զիկատարի» բնության, ինչպես նաեւ՝  կազմակերպված հյուրասիրության վերաբերյալ:  Հյուրասիրությունը շարունակվեց  Կողբ գյուղում,  երբ  ավստրիացիները ծանոթացան անտառային  մրգերից պահածոների եւ օղու պատրաստման  նորաստեղծ  արտադրամասի աշխատանքներին:

Նրանք  համտեսեցին, վայելեցին  արտադրամասի  պահածոները եւ օղին:  Ավստրիացիներին եւս մեկ անակնկալ էր սպասում, նրանք  ծանոթացան Բնության համաշխարհային հիմնադրամի  դրամաշնորհով գործարկված արտադրամասում, ուր թեփից, անտառի թափոններից որպես վառելափայտ օգտագործվող  բրիկետներ են պատրաստում: Այդ արտադրամասը իր տեսակի մեջ միակն է Հայաստանում: Ավստրիայից ժամանած անտառատերերը եւ անտառկառավարողները ջերմ ընդունելության համար շնորհակալություն հայտնեցին  «Զիկատար» անտառային ուսուցման կենտրոնի տնօրեն Հայկ  Ղուլիջանյանին :

Նրանք Կողբից մեկնեցին Թբիլիսի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am