Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանում բացվեց անվտանգության բարձր տեխնոլոգիաների ArmSecurity-2017 միջազգային ցուցահանդեսը

Հայաստանում բացվեց անվտանգության բարձր տեխնոլոգիաների ArmSecurity-2017 
միջազգային ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգմամբ սեպտեմբերի 2-ին մեկնարկեց «ArmSecurity-2017 » անվտանգության բարձր տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարյանը, ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը և ավելի քան 20 երկրի պաշտոնական պատվիրակության ներկայացուցիչներ:

ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը ողջունեց ներկաներին և նշեց, որ «Անվտանգ Հայաստան» խորագիրը կրող ցուցահանդեսը համահունչ է աղետների և ռիսկի կառավարման ներկա զարգացումներին:

«Որպես ՄԱԿ-ի անդամ երկիր Հայաստանը միացել է Սենդայի 2015-30 թվականների  գործողությունների ծրագրին, որը սահմանում է աղետների  ռիսկի նվազեցման  բնագավառում պետությունների կողմից  անհրաժեշտ ոլորտային և միջոլորտային նպատակաուղղված գործողություններ՝ տեղական, ազգային, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում: Աղետների ռիսկի կառավարման ազգային մակարդակում մենք  սահմանել ենք նպատակներ և խնդիրներ, որոնք արտացոլված են Կառավարության ծրագրում և  որոշումներում ու դրանցից բխող  ծրագրերում: Ակնկալում ենք, որ ցուցահանդեսը մեծապես կնպաստի աղետների ռիսկի նվազեցման ծրագրի համընդհանուր ջանքերով իրականացմանը, խթանելով պետություն-մասնավոր սեկտոր, պետություն-հասարակական կազմակերպություններ,ինչպես նաև պետություն-ապահովագրական ընկերությունների կապի ամրապնդման ու համագործակցության ընդլայնմանը՝ միաժամանակ ապահովելով ներդրումներ աղետների ռիսկի նվազեցման ոլորտում դիմակայության հզորացման նպատակով՝ օժանդակելով աղետների  պատրաստվածության ամրապնդմանը, արդյունավետ արձագանքում և ավելի արդյունավետ վերականգնում ու վերակառուցում ապահովելու համար»,- ընդգծեց Տոնոյանը:

ԱԻ նախարարը նշեց, որ ցուցահանդեսի նպատակների թվում է օժանդակությունը  Հայաստանի փրկարարական  ծառայության արդիականացմանը և տեխնիկական վերազինմանը:

«Դա կնպաստի փրկարարների  մասնագիտական պատրաստվածության կատարելագործմանը և փրկարար ստորաբաժանումների  արդյունավետության բարձրացմանը: Ցուցադրության են պատրաստ  ժամանակակից նորարարական բարձր  տեխնոլոգիական փրկարարական  տեխնիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ, և փրկարարական ծառայությունների անխափան աշխատանքին միտված նորագույն մշակումներ: Ուրախալի է, որ կազմակերպիչների ջանքերը պսակվել են հաջողությամբ ու ստեղծված է արդյունավետ  համագործակցության հարթակ թե արտադրողների, թե շահագործողների, ինչու չէ շահառուների համար: Հուսով եմ, որ ցուցահանդեսի բարենպաստ  գործարար միջավայրը լավագույն հարթակը կդառնա փրկարար ասպարեզում ընդլայնելու համագործակցության աշխարհագրությունը, փոխանակելու  արժեքավոր փորձը ու հաստատելու նոր  և հեռանկարային կապեր՝ կնքելով ցանկալի պայմանագրեր, ձեռք բերելով հետագա  համագործակցության պայմանավորվածություններ»,- ասաց Տոնոյանը:

Նախարարները շրջեցին ցուցասրահներով և ծանոթացան բարձր տեխնոլոգիական նորարական լուծումներին:

«ArmSecurity-2017» բարձր տեխնոլոգիական միջազգային առաջին ցուցահանդեսը կազմակերպվում է որպես համաժողով-ցուցահանդեսային համալիր՝ նպատակ ունենալով ցուցադրել բարձր տեխնոլոգիական նորարական լուծումներ, որոնք նպաստում են  ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումների տեխնիկական վերազինմանը, հասարակական և քաղաքացիական անվտանգության հետ կապված խնդիրների լուծմանը, ինչպես նաև՝ հայկական և արտասահմանյան ձեռնարկատիրությունների միջև գործնական կապերի հաստատման ու ամրապնդմանը:

Ցուցահանդեսի ընթացքում հանրությանը ներկայացվեցին աղետների ռիսկերի նվազեցման և դրանց հետևանքների չեզոքացման, փրկարարական գործողությունների իրականացման, արտակարգ իրավիճակների մոնիթորինգի համար նախատեսված նորարական բարձր տեխնոլոգիական միջոցներն ու սարքավորումները:

Միջոցառման գործնական ծրագրի շրջանակներում կանցկացվեն երկօրյա գիտաժողովներ՝ նվիրված արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման, հրդեհային թեմաներին: Նախատեսված են նաև քննարկումներ ՀՀ ԱԻ նախարարության ու կիբերանվտանգության ոլորտի ներկայացուցիչների, ապահովագրական ընկերությունների և արտադրական վտանգավոր օբյեկտների  միջև՝ նվիրված արտակարգ իրավիճակներում բնակչության և տարածքների արդյունավետ պաշտպանության համակարգի ստեղծման խնդիրներին, առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների պարտադիր  ապահովագրության անհրաժեշտությունը և այլն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am