Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հայաստանի և Թուրքմենստանի նախագահները քննարկել են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի հնարավոր մեկնարկի հարցը

Հայաստանի և Թուրքմենստանի նախագահները քննարկել են երկու երկրների միջև ուղիղ 
ավիաչվերթի հնարավոր մեկնարկի հարցը

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-թուրքմենական բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում քննարկվել է երկու երկրների մայրաքաղաքների միջև ուղիղ ավիաչվերթի հնարավոր մեկնարկի հարցը: Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ Երևանում կայացած հանդիպումից հետո նախագահական նստավայրում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Այս առումով մենք պատրաստ ենք տրամադրել մեր թուրքմենական բարեկամներին Հայաստանում իրականացվող «բաց երկնքի» քաղաքականության շրջանակում նախատեսված արտոնությունների ամբողջական փաթեթ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց ՀՀ նախագահը: 
Կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարային ուղղություններին: Նախագահ Սարգսյանը ցավով նկատեց, որ  գլոբալ շուկաներում անբարենպաստ իրադրությունն անդրադարձել է նաև երկու երկրների միջև  առևտրաշրջանառության վրա: Այս համատեքստում նախագահները քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության խթանման, փոխգործակցության նոր հորիզոններ դուրս գալու հնարավոր ուղիները և առկա միջոցները: «Մենք միակարծիք ենք այն հարցում, որ տնտեսական համագործակցությունը պետք է հարստացվի համատեղ նախագծերով, կոոպերացիաներով՝ նորարարության և բարձր տեխնոլոգիաների վրա հատուկ շեշտադրմամբ: Կարծում ենք, որ գործող Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը արդյունավետորեն առաջ կմղի երկկողմ առևտրային կապերի ամբողջ համալիրը, կօժանդակի դրանց հետագա բազմազանեցմանը և նոր, հետաքրքիր ծրագրերի մեկնարկին»,- ընդգծեց ՀՀ նախագահը:

Հայաստանի և Թուրքմենստանի նախագահներն անդրադարձել են նաև համագործակցության ավանդական ուղղություններին, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում: Նրանք պայմանավորվել են հետագայում ևս զարգացնել արդյունավետ փոխգործակցություն այս ոլորտում: Նախագահ Սարգսյանն ընդգծեց, որ  որոշակի հեռանկարներ են բացահայտվում նաև գյուղատնտեսության ոլորտում` հույս հայտնելով, որ  թուրքմեն գործընկերները կմասնակցեն Հայաստանում ստեղծվող ազատ տնտեսական գոտու գործունեությանը: «Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք առաջ մղել մասշտաբային նախագծեր, որոնց ետևում կանգնած են ժամանակակից արտադրությունը և նոր աշխատատեղերը, ընդհանուր առմամբ՝ ազգային տնտեսությունների զարգացումը: Մեր բանակցությունների ընթացքում պարոն նախագահն ասում էր, որ ինքն արդեն մտածում է ոչ թե միլիոնանոց, այլ միլիարդանոց նախագծերի մասին: Դա մեզ ոգևորում է, և մենք, իհարկե, կաշխատենք այդ ուղղությամբ»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Նա հավելեց, որ ինչպես և նախկինում, երկու երկրները կզարգացնեն փոխգործակցությունը կրթության ոլորտում, կիրականացնեն ուսանողական և մանկավարժական փոխանակումների ծրագրեր, ինչը, անշուշտ, նպաստում է  երկրների միջև համագործակցության հարստացմանը:

Բանակցությունների ընթացքում պատշաճ ուշադրության է արժանացել արտաքին քաղաքականության թեման: Հայաստանը և Թուրքմենստանը հաջող կերպով համագործակցում են միջազգային հարթակներում, իսկապես մոտ կամ համընկնող դիրքորոշումներ ունեն միջազգային կարևորագույն հիմնախնդիրներում: Այս համատեքստում մենք համաձայնեցինք խորացնել համագործակցությունը տարբեր բազմակողմ ձևաչափերում»,- եզրափակեց ՀՀ նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am