Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Արմենպրես»-ը և ՌԱԿ մամուլը համագործակցության հարթակ են ձևավորում. «Արմենպրես»-ը կունենա արևմտահայերեն բովանդակություն

 «Արմենպրես»-ը և ՌԱԿ մամուլը համագործակցության հարթակ են ձևավորում. 
«Արմենպրես»-ը կունենա արևմտահայերեն բովանդակություն

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը և ՌԱԿ մամուլ (ragmamoul.net) համացանցային պորտալը համագործակցության նոր հարթակ են ձևավորում, որը հնարավորություն է տալիս հայկական պետական լրատվական գործակալության տեղեկատվական նյութերը հասանելի դարձնել սփյուռքի մի շարք լրատվամիջոցների համար, ինչպես նաև ձևավորել արևմտահայերեն բովանդակություն: «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում գործակալության տնօրեն Արամ Անանյանը և «Զարթոնք» թերթի գլխավոր խմբագիր, ՌԱԿ մամուլ համացանցային հարթակի պատասխանատու Սևակ Հակոբյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր:  

«Արմենպրես»-ի հետ զրույցում Սևակ Հակոբյանը նախ անդրադարձ կատարեց լրատվությունն օգտագործելու էթիկային և հեղինակային իրավունքը հարգելու կարևորությանը: Նրա խոսքով, չնայած ոլորտի առանձնահատկություններին, լրատվությունը, նույնպես արտադրություն է, ինչպես ցանկացած այլ ապրանքի արտադրությունը: «Հետևաբար, այդ լուրը պատկանում է արտադրող հաստատությանը: Հայկական իրականության մեջ կամ ընդհանրապես նորօրյա մշակույթի մեջ դժբախտաբար,  սովորական երևույթ է դարձել  ուրիշի արտադրած լուրը վերցնել և գործածել` առանց մտածելու, թե դրա համար որքան ծախս է արվել, որքան մարդ է այդ բովանդակության վրա աշխատել: Իմ կարծիքով` սա գողություն է, որովհետև դա նույնն է, թե ինչ-որ մեկը մեկ ուրիշի արտադրած հագուստը վերցնի և վաճառի: Նախ, մենք մեզ հարգելու, ապա ուրիշներին օրինակ ծառայելու համար` մենք որոշեցինք համագործակցության նման համաձայնագիր կնքել, որպեսզի կարողանանք օրինական ճանապարհով օգտվել մեկս մյուսի արտադրած լուրերից»,- ասաց Հակոբյանը:

Նա կարևորում է նաև լուրերի հավաստիությունը` ընդգծելով, որ մեր օրերում ամեն տեղ ցանկացած տեսակի լուր գոյություն ունի: «Ցավոք, շատ դեպքերում ոչ շատերն ուշադրություն չեն դարձնում լուրի հավաստիությանը, լրջությանը և դրանք անխնա տարածվում են: Մեզ համար շատ կարևոր է, որ լուրը լինի հավաստի: Ի տարբերություն շատ մեդիա օգտագործողների, ովքեր առանց լուրերը ստուգելու տարածում են դրանք, մեզ համար կարևոր է նման համաձայնագիր ունենալ «Արմենպրես»-ի հետ, որի արտադրած լուրերի հավաստիության վրա ոչ ոք կասկած չունի»,- ընդգծեց Սևակ Հակոբյանը:

Նա հավելեց, որ ստորագրված համաձայնագրով «Արմենպրես» լրատվական գործակալության լուրերից օգտվելու իրավասություն են ստանում ՌԱԿ մամուլ պորտալը, «Զարթոնք» օրաթերթը, «Նոր օր» շաբաթաթերթը, «Սարդարապատ» շաբաթաթերթը, «Հայ կյանք» պարբերաթերթը:

Այս առիթով Հակոբյանը երախտագիտության խոսք ուղղեց ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Սերխիո Նահապետյանին և Թեքեյան մշակութային միության հիմնադիրների մարմնի ատենապետ Հակոբ Գասաչջյանին և իրենց գլխավորած վարչություններին՝ նշյալ թերթերը հովանավորելու և իր հանդեպ ունեցած անվերապահ վստահության և անձնական անսակարկ գործակցության համար։ Նա նաև շնորհակալություն հայտնեց հիշյալ թերթերին և խմբագիրներին՝  իրենց գործակցության ազնիվ ոգու համար։

«Սփյուռքում գործող այս լրատվամիջոցները հնարավորություն կունենան օգտվել «Արմենպրես»-ի լրահոսից և զերծ մնալ ոչ հավաստի լուրեր հրապարակելու վտանգից: Կոչ ենք անում մեր բոլոր գործընկերներին ևս օգտվել «Արմենպրես» լրատվական գործակալության հավաստի լրահոսից»,- եզրափակեց Հակոբյանը:

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանն ընդգծեց, որ սկսում են որակապես նոր նախագիծ, որի հիմքում երեք հիմնական իմացաբանական կետ կա: «Առաջին կետն այն է, որ Սփյուռքի մեր գործընկերները հասանելիություն ունենան որակյալ լրատվությանը, և մենք առաջին քայլն այս ուղղությամբ անում ենք սփյուռքահայ մամուլի ջահակիրներից մեկի` ՌԱԿ մամուլի (ragmamoul.net) հետ։ Համագործակցությունը հնարավորություններ է բացում նաև բազմաթիվ նոր գործընկերների համար»,- նշեց Արամ Անանյանը:

Երկրորդ կարևոր կետը բովանդակության օրինական օգտագործումն է: «Մենք համամիտ ենք այն տեսակետին, որ լրատվական արտադրանքի օգտագործումը պետք է լինի ազնիվ և օրինական հիմքերի վրա և այս համաձայնությամբ նման ուղերձ ենք հղում մեր բոլոր գործընկերներին թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում։  Շատ ուրախ ենք, որ համագործակցություն ենք սկսում սփյուռքահայ մամուլի առաջամարտիկներից մեկի հետ: Հուսով ենք, որ այդ օրինակը վարակիչ կլինի»։

Երրորդ կետը, որը նույնքան կարևոր է, «Արմենպրես»-ի լրահոսի մի մասի արևմտահայերեն տարբերակ ունենալն է: «Սա մեր համատեղ արտադրանքն է, որը միտված է մեկ նպատակի` արևմտահայերենով լրատվական բազմացմանը, և արևմտահայ գրական լեզվի առաջընթացին: Կարծում ենք, որ սա այդ գործում մեր փոքր ներդրումը կլինի»,- նշեց «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրենը:

Արամ Անանյանը կարևորում է նաև այն հանգամանքը, որ 80-ամյա պատմություն ունեցող «Զարթոնք» օրաթերթը զարգացման նոր շրջափուլ է մտել: «Եվ ընդհանրապես ՌԱԿ մամուլ կայքը առաջադեմ տեխնոլոգիաների օգնությամբ լրատվությունը նոր մակարդակի բերելու լուրջ քայլեր է անում, որը միանշանակ ողջունում ենք»,-  ասաց Անանյանը՝ նշելով, որ «Արմենպրես» լրատվական գործակալությունն իր փորձով և հնարավորություններով պատրաստ է օժանդակել իր գործընկերոջը:  

Արամ Անանյանը կարծում է, որ ստորագրված հուշագրով մեկնարկող համագործակցությունը տալու է ոչ թե սովորական, այլ սիներգիկ արդյունք: «Այսինքն, նորարարական մոտեցումներ պետք է որդեգրենք, և այդ մոտեցումները բաց են մեր բոլոր գործընկերների համար: «Արմենպրես»-ը` որպես պետական համահայկական լրատվամիջոց իր գործընկերոջ հետ ազդարարում է նոր ու հետաքրքիր փուլի մեկնարկը, որը կարող է շատ ավելի արդյունավետ լինել և ընթացքում ձևավորել լրատվական կիրառական և շոշափելի ցանց, որպեսզի տեղեկատվության տարածումը և փոխանցումը լինի ավելի արդյունավետ»,- ասաց նա:

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրենը հիշեցրեց, որ տարիներ առաջ, երբ դեռ հեռատիպի ժամանակաշրջանն էր, կար «Արմենպրես-Կռունկը», որը հեռատիպային կապով իրար էր միացնում Երևանը, Նյու Յորքը, Փարիզը և Բեյրութը: «Այն ժամանակ «Զարթոնք»-ն այդ տեղեկատվական հոսքի շահառուներից մեկն էր, և մեզ ուրախացնում է, որ «Կռունկ»-ից տասնամյակներ անց մենք այն ինչ-որ կերպ վերականգնում ենք: Մենք վստահաբար կարող ենք ասել, որ առաջիկայում նոր հետաքրքրական ձևաչափեր ևս կկարողանանք իրականացնել` սկսած տեսակոնֆերանսներից, համատեղ ասուլիսներից, վերջացրած միասնական, համատեղ լրատվական արտադրանքի նոր ձևաչափերի ստեղծումից և տարածումից: Քաջալերում ենք մեր բոլոր գործընկերներին հետևել մեր օրինակին և այդ ցանցը դարձնել իրականություն` ի շահ հայ ժողովրդի, մեր բոլոր լրատվամիջոցների»,- եզրափակեց Արամ Անանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am