Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Աշխատաժողով. Միջազգային առաջավոր փորձը ներդրվում է գյուղատնտեսական կրթության բնագավառում

Աշխատաժողով. Միջազգային առաջավոր փորձը ներդրվում է գյուղատնտեսական 
կրթության բնագավառում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծաղկաձորում մեկնարկել է «ՄԿՈւ զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում կազմակերպված երկօրյա աշխատաժողովը, որը նախաձեռնել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳՆ տեղեկատվության հետ կապերի վարչությունից, աշխատաժողովին մասնակցել են ԿԳՆ-ի,Մասնագիտական կրթության և ուսուցման ազգային կենտրոնի, ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչներ, գործատուներ, ոլորտի փորձագետներ, ՀՀ գյուղատնտեսական քոլեջների տնօրեններ և աշխատակիցներ։ Աշխատաժողովի նպատակն է՝ ներկայացնել «ՄԿՈւ զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի իրականացման ընթացքը և ձեռք բերված արդյունքները, ինչպես նաև քննարկել միջին մասնագիտական կրթության «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» և «Անասնաբուժություն» մասնագիտությունների համար բարեփոխված կրթական չափորոշիչները և մոդուլային ծրագրերը: Աշխատաժողովի մասնակիցներին ողջունել և իր զեկույցում ՄԿՈւ ոլորտի հիմնախնդիրներին և արդի զարգացումներին է անդրադարձել ՀՀ ԿԳՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը։

Նրա խոսքով՝ գյուղատնտեսության զարգացումը համարվում է ՀՀ կառավարության գերակայություններից մեկը, որով և պայմանավորված՝ ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի հիմնական շեշտադրումն ուղղված է գյուղատնտեսական կրթությանը։ «Ծրագրի շրջանակում կմշակվի 76 կրթական չափորոշիչ (որից 32-ն արդեն իսկ մշակված են)՝ բոլոր գյուղաատնտեսական մասնագիտությունների գծով, կիրականացվեն վերապատրաստումներ,կտրամադրվեն սարքավորումներ և այլն։ Գյուղատնտեսական կրթությանն է ուղղված նաև «ՄԿՈւ զարգացում Սյունիքի մարզում» ծրագիրը, որի շրջանակում քոլեջների և գործատուների ներկայացուցիչներ վերապատրաստվել են Շվեյցարիայում, ծանոթացել այդ երկրի փորձին և այն ՀՀ ուսհաստատություններում տեղայնացնելու հնարավորությանը, ինչպես նաև վերանայվել կրթական երկու չափորոշիչներ»,-նշել է Արտակ Աղբալյանը՝ որպես ՄԿՈՒ ոլորտի զարգացման ուղղություններ կարևորելով միջազգայնացման,ուսումնական ծրագրերի վերանայման, մասնագիտական հմտությունների և կարողությունների զարգացման, սոցիալական գործընկերության ընդլայնման, ՄԿՈՒ արդյունավետ ֆինանսավորման համակարգի մշակման և մի շարք այլ հարցեր։

Նա ներկայացրել է նաև նախնական և միջին մասնագիտական կրթության 2017-2021թթ. զարգացման հայեցակարգի նախագիծը։ Աշխատաժողովի ընթացքում «ՄԿՈւ զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի փորձագետ Վարազդատ Հովհաննիսյանը ներկայացրել է Որակավորումների ազգային շրջանակի և արդյունքահեն կրթության կազմակերպման հարցերը։Վերոնշյալ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանն իր զեկույցում անդրադարձել է ծրագրի հիմնական դրույթներին՝ ընդգծելով, որ այն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Կիրառական գիտությունների Բեռնի համալսարանի գյուղատնտեսության, անտառային և պարենային գիտությունների դպրոցի (HAFL) կողմից` Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) կազմակերպության աջակցությամբ:

Ծրագրի նպատակն է նպաստել գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և խորհրդատվական ծառայությունների զարգացմանը և հասանելի դարձնել շուկային միտված գործնական կրթությունը անասնաբուժության, կաթի վերամշակման և ֆերմերներին խորհրդատվական ծառայությունների մատուցման ոլորտներում: Այնուհետև ներկայացվել են «ՄԿՈւ զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում անասնաբուժության և կաթի վերամշակման ոլորտներում մասնագիտական կրթության բարեփոխումները, որի շուրջ աշխատանքները շարունակվել են խմբային քննարկումներում։ Աշխատաժողովն այսօր կամփոփի խմբային աշխատանքները, որոնց ընթացքում հնչած առաջարկությունները և դիտողությունները հիմք կհանդիսանան մոդուլային ծրագրերի մշակման և վերանայման համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am