Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Դեկտեմբեր

Սևանա լիճը կարող է հետաքրքիր լինել սուզորդների համար էքստրեմալ տուրիզմի տեսանկյունից


ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էքստրեմալ տուրիզմը զարգացնելու ներուժ կա Սևանում ՝ շնորհիվ լճի առանձնահատկության, ստորջրյա տեսարժան վայերի ու հարստության: Բարձր լեռնային լճերն այսօր հետաքրքրում են շատ սուզորդների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի  26-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասացին Սևանա լճի ստորջրյա ավազանի գիտահետազոտական արշավ իրականացնողները:

«Սևանը բարձր լեռնային ու քաղցրահամ լիճ է, ինչն արդեն մեծ տարբերություն է:  Կան շատ սուզորդներ, որոնց հետաքրքիր է սուզվել բարձր լեռնային լճերում: Հայաստանում կան նաև այլ բարձր լեռնային լճեր: Տեսարժան վայրերի առումով ևս Սևանում մեծ ներուժ կա, օրինակ՝ գանգրահեր ժայռերը»,-ասաց Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի փոխնախագահ Արա Ավագյանը:

Նրա խոսքով՝ ստորջրյա բուսական աշխարհը ևս յուրահատուկ է, կան նաև կորացած, տարբեր չափերի հետաքրքիր քարային բլոկներ, որոնք գեղեցիկ լանդշաֆտ են ստեղծում: Գեղեցիկ են ավազային հատակը, աղբյուրներից դուրս եկող պղպջակները,  ինչպես նաև սնկաձև ժայռերը:

Կենտրոնի հիմնադիր Ստեփան Կոջայանի  խոսքով՝ իրենք փորձում են ամեն տարի նոր վայրեր ուսումնասիրել, հայտնաբերել սուզվելու նոր ու հետաքրքիր տեղեր: «Օրեր առաջ ցանկացողներին հրավիրել էինք նաև սուզումների՝ մարդկանց այս սպորտաձևին ծանոթացնելու նպատակով: Ըստ պահանջարկի՝ մենք կազմակերպում ենք սուզումը»,-ասաց նա:

 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ