Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Աստանա Էքսպո 2017» միջազգային ցուցահանդեսում օգոստոսի 16-ին կանցկացվի Հայաստանի ազգային օր

«Աստանա Էքսպո 2017» միջազգային ցուցահանդեսում օգոստոսի 16-ին կանցկացվի 
Հայաստանի ազգային օր

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանում անցկացվող «Աստանա Էքսպո 2017» մասնագիտացված միջազգային ցուցահանդեսում օգոստոսի 16-ին կանցկացվի Հայաստանի ազգային օր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց  Ղազախստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության առաջին քարտուղար, «Աստանա էքսպո»-ում Հայաստանի տաղավարի հանձնակատարի տեղակալ Մհեր Բադալյանը: Նրա փոխանցմամբ, նախատեսվում են մի շարք միջոցառումներ, որոնց շրջանակում կներկայացվեն հայկական մշակույթը, Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները:

«Հունիսի 10-ից Հայաստանի տաղավարը գործում է ամբողջ ակտիվությամբ, հունիսի 9-ին Աստանա ժամանեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, նա ներկա գտնվեց տաղավարի բացմանը: Հայկական տաղավարի գլխավոր շեշտադրումը Հայաստանի էներգետիկ հնարավորություններն են` վերարտադրվող էներգիա, ապագայի էներգիա»,-ասաց Մհեր Բադալյանը:

Նա նկատեց, որ Էներգետիկ նախագծերով հետաքրքրվողներ շատ կան, նրանք պարբերաբար իրենց հետ կոնտակտի են դուրս գալիս` ցանկանալով ծանոթանալ Հայաստանի էներգետիկ ծրագրերին:

«Մենք հետաքրքրվողներին ներկայացնում ենք այն, որ այլընտրանքային էներգիայի ոլորտը մեր երկրում սկսել է թափ հավաքել, տրամադրում ենք համապատասխան տեղեկատվական նյութեր այդ ոլորտի ներդրումային հնարավորությունների վերաբերյալ: Բնականաբար նաև փոխանցում ենք համապատասխան կոնտակտներ»,-ասաց Մհեր Բադալյանը:

Դրանից բացի, տեխնոլոգիական հետաքրքիր լուծումներով ներկայացվում է Հայաստան պետությունը: Հայաստանին տրամադրված տարածքում ցուցադրված են ոչ միայն այլընտրանքային էներգետիկայի հայաստանյան առաջարկները, այլև զուգահեռաբար ներկայացված են Հայաստանի մշակույթի, պատմության, տնտեսության, զբոսաշրջության և ներդրումային հնարավորությունները։ Մասնագիտացված միջազգային ցուցահանդեսի հայկական տաղավարը գտնվում է «Մետաքսի ճանապարհ» կոչվող հավաքական տաղավարում:

Այս ցուցահանդեսն առաջինն է, որ անցկացվում է ԱՊՀ  պետություններից մեկում: Ցուցահանդեսի բացումը տեղի է ունեցել հունիսի 10-ին. այն տևելու է 3 ամիս: Փակումը նախատեսված է սեպտեմբերի 10-ին: Իրենց մասնակցությունն են հաստատել 115 պետություն և 18 միջազգային կազմակերպություն: Այս ընթացքում ակնկալվում է միլիոնավոր զբոսաշրջիկների հոսք: Մասնակից երկրները ներկայացնում են էներգախնայողության համաշխարհային լավագույն տեխնոլոգիաները, էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործման բնագավառում առկա նորագույն մշակումները:

Հունիսի 10-ին աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետություն մեկնած Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Աստանա էքսպո 2017» մասնագիտացված միջազգային ցուցահանդեսի հայկական տաղավար: Նախագահին ներկայացվել են հայկական տաղավարում իրականացված աշխատանքները, ցուցադրված նյութերն ու առաջիկա երեք ամիսներին նախատեսվող աշխատանքները: Աստանայի ցուցահանդեսի շրջանակներում մինչև սեպտեմբերի 10-ը նախատեսվում է կազմակերպել նաև մասնակից-երկրների ազգային օրեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am