Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Արմենպրես»-ը՝ տարվա ԶԼՄ․ Հայկական PR մրցանակաբաշխությունը հրապարակեց լավագույնների անունները

«Արմենպրես»-ը՝ տարվա ԶԼՄ․ Հայկական PR մրցանակաբաշխությունը հրապարակեց 
լավագույնների անունները

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը տարվա ԶԼՄ-ն է․ հուլիսի 18-ին Հայկական PR մրցանակաբաշխությունն ամփոփեց արդյունքներն ու հրապարակեց լավագույնների անունները։ «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանին տարվա լավագույն լրատվամիջոցի անվանակարգում հաղթելու հավաստագիրն ու խորհրդանշական PR արձանիկը հանձնեց Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը:

«Այս մրցանակը ողջ «Արմենպրես»-ի թիմի աշխատանքի արդյունքն է: Շնորհակալ եմ մեր թիմին, կազմակերպիչներինժյուրիի անդամներին բարձր գնահատականի համար»,-ասաց Արամ Անանյանը:

«Beeline»  ընկերության աջակցությամբ «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության կողմից անցկացվող մրցանակաբաշխությունը համախմբել էր տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող մարդկանց՝  նպատակ ունենալով հանրությանը ներկայացնել առողջ մրցակցության արդյունքում ընտրված կառույցներին եւ անձանց, ովքեր ամենագրագետ եւ ամենահետաքրքիր կերպով են կարողացել աշխատանք տանել հանրության հետ՝ ըստ այդմ նպաստելով հանրային կապերի զարգացմանը:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

«Արմենպրես» լրատվական գործակալության հետ միասին տարվա լավագույն լրատվամիջոցի անվանակարգում նոմինացված էին նաեւ «Ճամփորդ» շաբաթաթերթը եւ «Sputnik Արմենիա»-ն:

«Հայկական ՓԻ Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի նախագահ Աստղիկ Ավետիսյանը նշեց, որ խոշորացույցի տակ են պահել բոլոր գերատեսչությունները, մասնավոր սեկտորը, բանկային համակարգը եւ ընդհանրապես գրեթե  բոլոր այն ոլորտները,  որոնք հասարակության հետ աշխատում են եւ հաղորդակցությունը որպես կառավարման մեթոդ են օգտագործում:

«2025 հարցաթերթիկ ենք առաքել փորձագետներին, մշտադիտարկման ենք ենթարկել ԶԼՄ-ների աշխատանքը, խնդիրներ ենք վեր հանել, առաջարկներով հանդես եկել: Դաշտն իսկապես կարիք ունի գրագետ մասնագետների, խնդիր ունենք այն առողջացնելու»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀԿ-ի ղեկավարը՝ տեղեկացնելով, որ այս տարի ավելացել է եւս երկու անվանակարգ՝ նորարարական PR եւ PR տեխնոլոգիաներ:

«Beeline»  ընկերության գործադիր տնօրեն Անդրեյ Պյատախինն էլ հավաստիացրեց, որ հանրային կապերի միայն գրագետ կառավարման պարագայում կարելի է նպաստել երկրի զարգացմանը՝ իր ողջույնի խոսքը հավաքվածներին հղելով հայերեն:

«Ես վստահ եմ, որ  ժամանակակից աշխարհում հանրային կապերի ոլորտը շատ կարեւոր է ինչպես  պետական կառույցների, այնպես էլ մասնավոր սեկտորի համար, որովհետեւ այն թույլ  է տալիս լավագույնս ներկայացնել սպառողին, թե ինչ է ուզում ասել ընկերությունը եւ ինչ օգուտ է բերում երկրին: Դա  նշանակում է  ներգրավել ավելի շատ ներդրումներ, ըստ այդմ՝ զարգացնել երկիրը: Այդ իսկ պատճառով «Beeline»-ը աջակցում է նման մրցանակաբաշխությանը՝ վեր հանելու ամենահետաքրքիր, կրեատիվ, ուժեղ կառույցներին, անձանցովքեր  աշխատում են այդ ոլորտում երկիրն ավելի լավը դարձնելու համար: Մեր ԶԼՄ-ները եւս շատ մրցունակ են եւ իրենց ուրույն տեղն են գրավում աշխարհի լրատվամիջոցների ցանկում»,-ընդգծեց Անդրեյ Պյատախինը, ով նույնպես արժանացավ հատուկ մրցանակի հանրային կապերի արժեւորման եւ գրագետ հաղորդակցման տեխնոլոգիաների կիրառման համար:

Մրցանակաբաշխությանը ներկա էին քաղաքական, դիվանագիտական, հասարակական ոլորտի ներկայացուցիչներ, ՀՀ սփյուռքի եւ մշակույթի նախարարներ Հրանուշ Հակոբյանը եւ Արմեն Ամիրյանը, ովքեր ևս մրցանակներ հանձնեցին հաղթողներին: Մրցանակի արժանացավ նաեւ Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը «Հայաստանի բարեկամ» անվանակարգում: Նա ընդգծեց, որ մրցանակին արժանացել է դեսպանության ողջ թիմը, իսկ հանրային կապերի առնչությամբ նշեց, որ Հայաստանում դա կազմակերպելը բավականին հեշտ է, քանի որ թե երկիրն է հրաշալի եւ թե հայաստանյան հանրությունը:

Հատուկ մրցանակի արժանացավ Արցախի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը հրապարակային եւ գրագետ աշխատանքի համար:

Տարվա մամուլի քարտուղար հայտարարվեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, տարվա իրադարձությունը՝ «Ուխտագնացություն 1–ին Քրիստոնյա երկիր՝ Հռոմի պապի այցը Հայաստան», տարվա քաղաքական գործիչը՝ «ԵԼՔ» դաշինիքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է, հրապարակային գործիչը` վարչապետ Կարեն Կարապետյանը, տարվա նախաձեռնություն ճանաչվեց «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխությունը, տարվա պետական կառույց՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, տարվա նորարարական PR` Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, տարվա մշակութային PR` «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը, տարվա PR տեխնոլոգիա՝ Հայաստան իմ սեր (Հայաստանի Հանրապետական կուսակցություն):

Մրցանակաբաշխության մասնագիտական հանձնաժողովի անդամներն են՝ Վազրիկ Բազիլը (հաղորդակցության գերմանացի հայտնի մասնագետ, դասախոս, ճառագիր), Հրաչուհի-Մերի Պողոսյանը (Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանի պրոֆեսոր), Արամ Աբրահամյանը (արվեստագիտության թեկնածու Առավոտ թերթի գլխավոր խմբագիր),  Վիկտոր Սողոմոնյանը (քաղաքական գիտությունների դոկտոր, ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար), Կարեն Քոչարյանը «P-Art» ընկերության տնօրեն, PR տեխնոլոգ, Նաիրա Նազարյանը  («Beeline» հանրային կապերի ղեկավար) եւ Աստղիկ Ավետիսյանը (բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի տնօրեն):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am