Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մատենադարանը համալրվեց ևս մեկ արժեքավոր ձեռագրով

Մատենադարանը համալրվեց ևս մեկ արժեքավոր ձեռագրով

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1471 թվականին Երուսաղեմում ընդօրինակված «Հրաշափառ», «Հրաշագործ» անունով Ավետարանն այժմ հնարավոր կլինի տեսնել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում: Ձեռագիրը Մատենադարանին են նվիրաբերել երկար տարիներ ԱՄՆ-ում բնակվող Հրայր և Հռիփսիմե Դադայան-Բարնակյանները: Ավետարանի ցուցադրության հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 18-ին  Մատենադարանում:

«Ավետարանը մեր ընտանիքին է հասել մեծ մորս` Եղսայի միջոցով: Երբ նա 1918 թվականին գաղթել է Երևան: Իր գյուղի հարևան գյուղում բնակվող մեկը, ով առողջական խնդիրներ է ունեցել Եղսային կանչել և նրան է հանձնել Ավետարանն ու ասել, որ ետ կվերցնի ապաքինվելուց հետո: Նա վստահել է մեծ մորս, քանի որ Եղսան իմաստուն, խելացի, հավատացյալ և քաջ կին է եղել: Այդ մարդու մահից հետո Ավետարանը մեր ընտանիքի հետ շրջել է տարբեր երկրներում: Եղսայի մահից հետո այն փոխանցվել է հորս, նրա մահից հետո` մորս, այնուհետև ինձ և եղբորս»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նշեց Հռիփսիմե Դադայանը:

Նրա խոսքով` իրենք երկար են մտածել ձեռագրի ճակատագրի մասին և որոշել, որ  ամենաճիշտը այն  Հայաստան, Երևան վերադարձնելն է, քանի որ Ավետարանը հայ ժողովրդին է պատկանում:

«Երբ մայրս ողջ էր, պարտադրում էր մեզ երեք անգամ ձեռքերը լվանալ գրքին դիպչելուց առաջ և շատ զգուշ լինել: Մեծ մայրս ամեն շաբաթ մոմ էր վառում, աղոթում էր սուրբ գրքի մոտ. նա այն ընկալում էր, որպես հրաշագործ ու աղոթում էր Հայաստանում ապրող մեր բարեկամների, ազգի, բանտարկյալների, զինվորների համար»,-պատմեց Դադայանը:

Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր- Ղևոնդյանն ասաց, որ Մատենադարանի ձեռագրերը ներկայումս քսան հազարից ավելի են աշխարհասփյուռ հայ նվիրատուների շնորհիվ:

«Մեզ համար կարևոր է, որ մեզ են նվիրում ընտանիքում պահված, սերնդեսերունդ փոխանցված մի գիրք, որը ոչ միայն ազգային արժեք է, այլև այդ ընտանիքի համար սրբազան մասունք, ինչը կրկնապատկում է նվիրատվության կարևորությունը»,-շեշտեց Տեր-Ղևոնդյանը:

Վահան Տեր-Ղևոնդյանը «Մատենադարան» հուշամեդալով պարգևատրեց Դադայաններին` կարևորելով նրանց նվիրատվությունը:

Արժեքավոր ձեռագիրը, որը հայտնի է «Հրաշափառ», «Հրաշագործ» Ավետարան անունով, պահվել է Արևմտյան Հայաստանի Չարսանջակ գավառակի Գոդառիճ գյուղի Սբ.Գևորգ եկեղեցում: Ձեռագիրը Դադայան ընտանիքին է փոխանցել Երևանում 1918 թ. գարնանը Գոդառիճ գյուղից գաղթած մի հայ, որը հիվանդության պատճառով ձեռագիրը հանձնել է Դադայան գերդաստանի մեծ մորը՝ Եղսային:

Այս թվականից  ի վեր ձեռագիրը երկար ճանապարհ է անցել. նախ տեղափոխվել է Ֆրանսիա, ապա` ԱՄՆ: 1990 թվականին Ավետարանը ժառանգում են Եղսայի թոռները` Հրայրը և Հռիփսիմեն, որոնք համատեղ որոշում են կայացնում սրբորեն պահված ձեռագիրը  նվիրաբերել Մաշտոցյան Մատենադարանին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am