Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Նոյեմբեր

Նախագահ Սարգսյանն ընդունել է աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովին


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 12-ին ընդունել է աշխարհահռչակ ջութակահար, բազմաթիվ հեղինակավոր մրցանակների դափնեկիր Մաքսիմ Վենգերովին, ով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանում հուլիսի 4-12-ն անցկացվող «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնի գալա համերգին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով անվանի մշակութային գործչին Հայաստանում՝ Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ փառատոնի շրջանակներում հերթական անգամ հայ հանդիսատեսին հնարավորություն է տրվում վայելելու վիրտուոզ ջութակահար, դիրիժոր Մաքսիմ Վենգերովի բարձր արվեստը, հիանալու նրա տաղանդով և կրկին զգալու հայ ժողովրդի նկատմամբ մաեստրոյի ջերմ վերաբերմունքը: Հատկապես երիտասարդության շրջանում երաժշտական կրթությանը, դաստիարակությանը նպաստելու նպատակով Հայաստանում պարբերաբար անցկացվող դասական երաժշտության փառատոնները, համերգները, Նախագահի համոզմամբ, վկայում են իրական արժեքների և հավերժական բարձր արվեստի նկատմամբ հայ ժողովրդի վերաբերմունքի մասին: 

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ինչպես Մաքսիմ Վենգերովի, այնպես էլ մինչ այժմ Հայաստան ժամանած բազմաթիվ հեղինակավոր երաժիշտների մեծ ներդրումը երիտասարդության շրջանում երաժշտական կրթության գործում և շնորհակալություն հայտնել հայ երիտասարդ կատարողներին իրենց օրինակով ոգեշնչելու, նրանց համար վարպետության դասեր անցկացնելու համար: «Մենք, իհարկե, շնորհակալ ենք, որ Դուք 2015 թվականին Բրյուսելում մասնակցեցիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգին, ինչը ևս մեկ անգամ հաստատում է Ձեր հավատարմությունը համամարդկային արժեքներին»,-Մաքսիմ Վենգերովի հետ հանդիպմանն ասել է Հանրապետության Նախագահը:

«Մեծարգո՛ Նախագահ, որպես երաժիշտ՝ հաճելի է լսել ինձ համար մեծապես կարևոր այն արժեքների մասին, որոնք վկայակոչեցիք:

Յուրաքանչյուր պետություն, որը գնահատում է համամարդկային մշակութային արժեքները, մասնավորապես՝ երաժշտությունը, իմ կարծիքով, ունի մեծ հեռանկար և լավ ապագա յուրաքանչյուր ոլորտում:

Շատ շնորհակալ եմ Ձեզ` մշակույթին, հատկապես երաժշտությանը, Ձեր աջակցության համար: Անհամբերությամբ սպասում եմ երևանյան իմ համերգին և հուսով եմ կրկին ստանալ հայ հանդիսատեսի ջերմ վերաբերմունքը»,-ասել է անվանի երաժիշտ Մաքսիմ Վենգերովը:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ