Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Լիտվայում ստեղծվել է Արցախի Հանրապետության հետ բարակամության շրջանակ (լրացված)

Լիտվայում ստեղծվել է Արցախի Հանրապետության հետ բարակամության շրջանակ 
(լրացված)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Դավիթ Մելքումյանի և Լյուդմիլա Բարսեղյանի աշխատանքային այցը Լիտվայի Հանրապետություն շարունակվում է: Լիտվայի Սեյմում նրանք հանդիպել են Հայաստան-Լիտվա խորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ, որի ընթացքում քննարկվել են խորհրդարանական ձևաչափով փորձի փոխանակման հեռանկարները, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր, երկուստեք կարևորվել է Լիտվայի հանրային-քաղաքական շրջանակներում Արցախի վերաբերյալ իրազեկվածության ապահովումը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ մամուլի ծառայությունից, Հայաստան-Լիտվա բարեկամության խմբի նախագահ Պովիլաս Ուրբշիսը, խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին, ընդգծել է դրա խաղաղ կարգավորման անհարժեշտությունը՝ տարածաշրջանային և միջազգային անվտանգության համատեքստում։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Լյուդմիլա Բարսեղյանը և Դավիթ Մելքումյանը  լիտվացի գործընկերներին են ներկայացրել Արցախի ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործընթացին, այդ ուղղությամբ տարվող շարունակական գործունեությանը և ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում իրավիճակը պարբերաբար սրելու միջոցով Ադրբեջանի կողմից խաղաղ կարգավորման գործընթացն ամեն կերպ խոչընդոտելու մասին տեղեկատվությունը: Հատուկ ուշադրություն է հրավիրվել միջազգային կազմակերպությունների կողմից հասցեական հայտարարություններին, որոնք կարող են զսպել իրավիճակի հետագա բարդացումը:

Լիտվայի Սեյմի պատգամավոր, Հայաստան-Լիտվա բարեկամության խմբի նախագահ Պովիլաս Ուրբշիսն իր ելույթում նշեց, որ 96 տարի առաջ այս օրը Ստալինի որոշումով Ղարաբաղը միացվեց Ադրբեջանին՝ այդպիսով առաջացնելով ևս մեկ բաց վերք։

Դեսպան Տիգրան Մկրտչյանն իր խոսքում նշել է, որ ողջունելի է նման նախաձեռնությունների կազմակերպումը, քանի որ դրանք հնարավորություն են ստեղծում լիտվական հասարակությանն առավել սերտ ծանոթանալ Արցախի հարուստ մշակույթի, հասարակական-քաղաքական կյանքի, տնտեսության զարգացման, պետականաշինության հետ։ «Ցավոք Ադրբեջանը շարունակ ագրեսիվ քարոզչություն է ծավալում Արցախի դեմ, տարածում կեղծ տեղեկատվություն Արցախի պատմության և ղարաբաղյան հակամարտության մասին բոլոր մակարդակներով։ Սակայն ճշմարտությունն ավելի զորեղ է ցանկացած քարոզչական հնարքներից։ Արցախը հակամարտություն չէ, Արցախը պետություն է՝ հազարամյա հայկական մշակութային հարուստ ավանդույթներով։ Արցախի ժողովուրդը ցանկանում է խաղաղ և արժանապատիվ կյանք, և դրան անհրաժեշտորեն հասնելու է։ Արտերկրում այս ուղերձներն են, որ պետք է ներկայացվեն։ Եվրոպացիները, լիտվացիներն իրավունք ունեն տեղեկացված լինելու արցախահայության կյանքի հետ։ Նման միջոցառումները միայն նպաստում են դրան»,- նշել է նա։

Հուլիսի 5-ին Արցախի խորհրդարանականները Վարենայի քաղաքապետարանում հանդիպել են նաև Լիտվայի Հանրապետություն-Արցախի Հանրապետություն բարեկամության շրջանակի անդամներ, Վարենայի քաղաքապետ Ալգիս Կաշետայի և բարեկամության շրջանակի համանախագահ Դալիա Կուոդիտեյի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ստեփանակերտի և Վարենայի քաղաքապետարանների միջև հնարավոր համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես կարևորվել է փոխադարձ այցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը՝ զբոսաշրջության զարգացման և հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով։ Միջքաղաքային համագործակցության ուղղություններից առանձնացվել են քաղաքային տնտեսության, զբոսաշրջության խթանման, մշակութային կապերի հաստատման և այլ ոլորտներ։

Հանդիպման ավարտին Լիտվայի Հանրապետություն-Արցախի Հանրապետություն բարեկամական խմբի անդամներ Ալգիս Կաշետային և Դալիա Կուոդիտեյին են հանձնվել Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով շնորհված «Երախտագիտություն» մեդալները։

Նույն օրը տեղի է ունեցել Արցախի պատգամավորների հանդիպումը Լիտվայի հայերի միության նախագահ Արա Թունյանի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Զրույցի ընթացքում կարևորվել են փոխադարձ այցելությունները և տարբեր ոլորտներում Արցախ-Սփյուռք համագործակցության հեռանկարները:

«Արմենպրես»-ը ներկայացնում է լիտվացի քաղաքական և հասարակական գործիչների՝ Արցախի հետ բարեկամության շրջանակի ստեղծման հռչակագիրը։

ՀՌՉԱԿԱԳԻՐ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ / ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
 
10 մայիսի, 2017 թ․
Վիլնյուս

 

Հավատարիմ մնալով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված ժողովրդավարական արժեքներին, մարդու իրավունքներին և ազատություններին,

ընդունելով բոլոր ժողովուրդների, այդ թվում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ որպես ժողովրդավարության մեծագույն ձեռքբերումներից մեկի օրինակ,

աջակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու ջանքերին,

գնահատելով Արցախի ժողովրդի և կառավարության ջանքերը և հետևողական գործողությունները՝ ստեղծելու և զարգացնելու ժողովրդավարական հասարակություն, որը հարգում է օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները,

ձգտելով ժողովուրդների միջև զարգացնել ժողովրդավարական սկզբունքների և արժեքների վրա հիմնված երկխոսություն՝

մենք՝ լիտվացի քաղաքական և հասարակական գործիչներս, հայտարարում ենք Լեռնային Ղարաբաղի/Արցախի Հանրապետության հետ բարեկամության շրջանակի ձևավորման մասին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am