Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ՀՀ ԱԱԽ նիստում չի քննարկվել Սիրիա զորք կամ զինծառայողներ ուղարկելու հարցը. Վիգեն Սարգսյան

ՀՀ ԱԱԽ նիստում չի քննարկվել Սիրիա զորք կամ զինծառայողներ ուղարկելու հարցը. 
Վիգեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի վերջին նիստում չի քննարկվել Սիրիա զորք կամ զինծառայողներ ուղարկելու հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին պաշտպանության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Անվտանգության խորհրդի նիստերի օրակարգում ընդունված որոշումները գաղտնի են, և ես ավելին հրապարակել, քան եղել է մամուլի հաղորդագրության մեջ, չեմ կարող: Այդուհանդերձ, կարող եմ ասել, որ բացի հումանիտար աջակցության ծրագրից, որը մենք իրականացնում ենք դեպի Սիրիա, լրացուցիչ ծրագրերի իրականացման, առավել ևս այնտեղ զորք ուղարկելու կամ զինծառայողներ ուղարկելու հարց Անվտանգության խորհրդի նիստում չի քննարկվել»,- հայտարարեց նախարարը:

Նա չբացառեց առհասարակ նման հարցի քննարկումը: «Ես չեմ բացառում, որ կարող է ստեղծվել իրավիճակ, երբ մենք՝ որպես պետություն, ցանկություն ունենանք մասնակցել այնտեղի գործողություններին, եթե դրա համար լինեն բոլոր անհրաժեշտ նախապայմանները: Իհարկե, խոսքը չի գնում այդ գործողություններին ժամկետային զինծառայողներով մասնակցելու մասին»,- ասաց Սարգսյանը: Նա ընդգծեց, որ ինչպես Հայաստանի կողմից իրականացվող բոլոր խաղաղապահ գործողություններին, այնպես էլ այդ պարագայում միմիայն պայմանագրային զինծառայողներ և այն էլ իրենց կամքով կարող են գործուղվել նման վայրեր:

«Դա է մեր քաղաքականությունը, և այդ քաղաքականությունն առաջիկայում չի փոխվելու: Չեմ ակնկալում, որ առաջիկայում նման որոշում կայացվի»,- ասաց Վիգեն Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am