Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Նոյեմբեր

Պոլսահայ լսարանի հայացքը դեպի հայրենիք թեքելու զգայականություն ունենք. «Ժամանակ»-ը կբոլորի 110 ամյակը


ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի հայ համայնքում դեռևս 20-րդ դարի սկզբից լույս տեսնող հայկական հնագույն պարբերականներից մեկը՝ «Ժամանակ» օրաթերթը, 2018 թվականին կբոլորի հիմնադրման 110 ամյակը: Լինելով Օսմանյան կայսրության, ապա նաև Թուրքիայի Հանրապետության հայ համայնքի կյանքի կարևորագույն իրադարձությունները մշտապես ուշադրության կենտրոնում պահած օրաթերթ, այն այսօր էլ շարունակում է գործունեությունը նույն ոգով ու պատասխանատվության զգացումով: «Արմենպրես»-ն օրաթերթի անցյալի, ներկայի ու ապագայի տեսլականի մասին զրուցել է դրա գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի հետ:

- Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը հնագույն տպագիր պարբերականներից է: Զարգացման ինչպիսի՞ փուլեր է անցել օրաթերթը:

-«Ժամանակ» օրաթերթը ստեղծվել է 1908 թվականին Միսակ և Սարգիս Գոչունյան եղբայրների կողմից, հիմնադրման օրվանից շարունակում է լույս տեսնել որպես օրաթերթ: Այս պահի դրությամբ հայկական աշխարհի, ինչպես նաև Թուրքիայի՝ շարունակ հրատարակվող ամենահին օրաթերթն է: 110-ամյա ժամանակագրության մեջ իր առաքելության ընթացքում տարբեր փուլերում գործունեության իմաստն ու առաքելությունը որոշ փոփոխությունների են ենթարկվել:

«Ժամանակ»-ի գործունեությունը կարող ենք պայմանականորեն երեք փուլի բաժանել: Իր ստեղծումից մինչև Թուրքիայի Հանրապետության ստեղծումը՝ 1923 թվականը, «Ժամանակ»-ը եղել է ոչ թե փոքրամասնական թերթ, այլ ընդհանրապես Օսմանյան կայսրությունում՝ Ստամբուլում, հասարակական կարծիքի ձևավորման կարևոր գործոն, որովհետև հայերը շատ ստվար ներկայություն ունեին և հայերենով օրաթերթ հրատարակելը նշանակում էր լինել մեծ հասարակական կարծիք կազմելու բաղադրիչ գործոն:

1923 թվականին, երբ ստեղծվեց Թուրքիայի Հանրապետությունը, «Ժամանակ»-ը աստիճանաբար վերածվեց փոքրամասնական օրաթերթի: Փոքրամասնությունների իրավունքները հստակ ամրագրված էին Լոզանի պայմանագրով, նրանք ունեին մայրենի լեզվով հաղորդակցություն և հրատարակություն իրականացնելու իրավունք:  «Ժամանակ»-ը շարունակեց իր գործունեությունն արդեն փոքրամասնական օրաթերթի դիմագծով:

Թերթի նորագույն պատմության փուլը Հայաստանի անկախության շրջանից մինչ օրս ընկած ժամանակաշրջանն է: Հայաստանի անկախացումը ողջ հայ աշխարհը հեղաշրջեց, և մենք էլ անմասն չմնացինք: Սրա հետ համընկավ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը, որի շնորհիվ այսօր աշխարհի որևէ անկյունում հայկական հրատարակության գործունեությունը համահայկական նշանակություն է ստացել: Մենք էլ այս իրավիճակում շարունակում ենք մեր գործունեությունն այսօր:

-Հեշտ չի գործել Թուրքիայի նման երկրում, որտեղ մշտապես կան սահմանափակումներ՝ առավել ևս հայկական համայնքի նկատմամբ: Ի՞նչ բարդությունների է բախվել «Ժամանակ»-ը և ի՞նչ խնդիրների առաջ է կանգնած այսօր:

-Արդի փուլում բարդությունները համեմատաբար ավելի նվազ են: 1915 թվականի Ցեղասպանության ժամանակ մեր զոհված մտավորականության կարևոր մասը «Ժամանակ» օրաթերթի աշխատակիցներ էին: Արդեն նորագույն շրջանն ավելի տարբեր է: Մեր նկատմամբ այսօր գործում են այն նույն կանոնները, ինչ շարքային թուրքական թերթերի նկատմամբ: Սա մեզ համար, իհարկե, դրական է: Իհարկե, մենք ընդունում ենք, որ Թուրքիայում մամուլի ազատությունը աշխարհի մյուս երկրների համեմատ ամենաբարձր դիրքերում չէ, սակայն մյուս կողմից էլ կարևոր է, որ որպես հայկական, փոքրամասնական թերթ լրացուցիչ բարդությունների առաջ կանգնած չենք: Հավասար պայմաններ ունենք, ինչը կարևոր հանգամանք է:

-Ի՞նչ դեր ու նշանակություն ունի «Ժամանակ» օրաթերթը տեղի հայ համայնքի ինքնության, մշակույթի պահպանման գործում:

-Պոլսահայության նման խորը ավանդույթներ ունեցող համայնքում հայերեն թերթի հրատարակումը կարևորվում է մի քանի գործոններով: Առաջինը՝ թերթը հաղորդակցության միջոց է, մենք փորձում ենք ամենաճոխ ու համապարփակ լրատվությունը մատուցել ընթերցողներին: Փորձում ենք ներկայացնել Թուրքիայի, Հայաստանի օրակարգը, ընդհանրապես հայ-թուրքական հարաբերությունները, եկեղեցական ավանդույթները, սփյուռքի մեր կյանքը, մշակութային անցուդարձը, կրթական ոլորտի իրադարձությունները: Ամենալայն իմաստով ցոլացնում ենք մեր համայնքի կյանքը: Թերթի հիմնական լսարանը Թուրքիայի հայությունն է: Առաջին օրվանից թերթն անկախ թերթ է եղել, հովանավոր չի ունեցել, կուսակցական թերթ չի եղել, միակ հենարանը եղել է իր ընթերցողը, ժողովուրդը: Փորձել է միշտ ուշադրության կենտրոնում պահել համայնքը:

Եթե մինչև 70-ական թվականները համեմատեիք Թուրքիայի առաջատար թերթերն ու մեր «Ժամանակ»-ը, կտեսնեիք, որ թուրքական թերթերն այն ժամանակ 12 էջանոց, հիմնականում սև ու սպիտակ՝ բացառությամբ մի քանի գունավոր նկարների, թերթեր էին, որոնց կողքին «Ժամանակը» համեմատելի ծավալով, կրկին սև ու սպիտակ, նույն տեխնիկայով պատրաստվող թերթ էր: Մինչև այդ պահը մենք կարողանում էինք պատրաստել այնպիսի օրաթերթ, որ մեր ընթերցողը, միայն մեր օրաթերթը կարդալով, կարողանար ամբողջ աշխարհի անցուդարձի մասին տարրական պատկերացում ունենալ: Դրանից հետո, երբ Թուրքիայում մամուլը սկսեց հովանավորվել հոլդինգների կողմից, թերթերի միջև տարբերությունը դարձավ անհամեմատելի: Այսօր թուրքական թերթերը շուրջ 50 էջանոց, ամբողջությամբ գունավոր, ամենաարդի տեխնիկայով են արտադրվում, իսկ մենք նորից նույն ծավալով՝ 4 էջանոց, սև ու սպիտակ ենք, տեխնիկայի որոշ արդիականացում իհարկե ունեցել ենք, բայց, բնականաբար, ոչ համաչափ:

Պետք է նշեմ, որ մերը երեկոյան օրաթերթ է, հայտնվում է կրպակներում կեսօրին՝ ժամը 1-ին: Դա անում ենք այն նպատակով, որ մարդիկ թերթը բացելիս չտեսնեն նույնը, ինչ տեսել են առավոտյան: Մենք ցանկանում ենք շեշտը դնել տարբերությունների վրա:

Հիմնականում մեկնաբանում ենք Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, համայնքի իրադարձությունները, ինչպես նաև Մայր Հայաստանի իրադարձությունները: Մեր լսարանի հայացքը դեպի հայրենիք թեքելու զգայականություն ունենք, որովհետև նախ հարևան երկրի համայնք ենք և բացի այդ հավատում ենք, որ հանկարծ, երբ հաղթահարվեն քաղաքական խոչընդոտները, մենք օգուտ կարող ենք քաղել համագործակցության հեռանկարներից:

-Ինչպե՞ս եք գնահատում Սփյուռքի հայ մամուլի վիճակը: Ի՞նչ մարտահրավերների առաջ է կանգնած արտասահմանյան հայկական մամուլն ու ի՞նչ խնդիրներ ունեն:

-Սփյուռքի մեր մամուլը բավականին լուրջ խնդիրներ ունի այս պահին: Եթե Հայաստանի պարագայում հայաստանյան մամուլի խնդիրները կարելի է հաղթահարել այդ բնագավառի մարդկանց համագործակցությամբ, ապա Սփյուռքում, դժբախտաբար, մամուլի հնարավորություններից դուրս են այդ խնդիրների լուծումները: Սփյուռքում միլիոններով հաշվվող համայնքներ ունենք, սակայն այդ պարագայում անգամ կանգնած ենք այնպիսի ուծացման վտանգի առաջ, որ մեր սփյուռքի հայության պատկառելի տոկոսը ազգային կյանքին մասնակցություն չի բերում, և այդ անտարբերությունն է, որ այսօր մեծագույն սպառնալիքն է մեր մամուլի առաքելության հարատևության գործում: Մենք չենք կարողանում հետզհետե ավելի անտարբեր, ազգային կյանքից հեռացող լսարանին պահել մեր ծածկույթի տակ: Այստեղ վտանգն իրականում միայն մամուլի համար չէ: Մամուլն իր լինելիությամբ Սփյուռքում շատ հարցեր է լուծում: Սփյուռքի կենսունակությունը պայմանավորված է հայրենիքի ու սփյուռքի ներքին շրջանառությամբ, իրարով սնվելու հնարավորություններով: Այդ խնդիրը լուծում է հիմնականում մամուլը: Եթե ժողովրդի հոգևոր միասնականությունը երաշխավորվում է հայ առաքելական եկեղեցու կողմից, ապա կարող ենք ասել, որ մտածման հարթության վրա միասնականությունը ապահովվում է մամուլի միջոցով: Մարդիկ աշխարհի մի ծայրից մյուս ծայրում գտնվող համայնքի մասին են կարդում և տեղեկանում դրա կարիքների, հաջողության հասած մարդկանց մասին:

Երբ մամուլի ազդեցությունը տկարանում է, հետևաբար սահմանափակվում է փոխադարձ սնվելու հնարավորությունը: Մեր մամուլի տկարացումը միայն լրատվության բնագավառին վերաբերող խնդիր չէ: Սփյուռքում եկեղեցի-դպրոց-մամուլ եռոտանու մի տարրի տկարացումն անդրադառնում է մյուսների վրա ևս: Սա մեծ խնդիր է, որի լուծման կախարդական դեղատոմսը ոչ ոք չունի: Դրա համար յուրաքանչյուր հայ անհատի կամքն է հարկավոր, հայ աշխարհի յուրաքանչյուր բջիջի զորակոչն է հարկավոր:  

-«Ժամանակ» օրաթերթի 110 ամյակին ընդառաջ ունեք արդյոք միջոցառումների հստակ ծրագրեր:

-Առայժմ կազմակերպչական աշխատանքների սկզբնական փուլում ենք, հստակ բան չունենք: Բնականաբար, 100-ամյակի նման մեծ չենք անի, հիմնականում մի քանի միջոցառում կիրականացնենք՝ գեղարվեստական, քննարկումների ձևաչափով: Մտադրություն ունեմ Ստամբուլում և Երևանում որոշ բաներ կազմակերպել:

«Ժամանակ» օրաթերթի յուրաքանչյուր տարեդարձ տոն է ամբողջ հայ մամուլի համար, մենք կիսում ենք ողջ ուրախությունն ու հպարտությունը հայկական լրատվական աշխարհի մեր գործընկերների հետ, քանի որ լավ ենք գիտակցում, որ պատկանում ենք նույն դաշտին, ծառայություն ենք մատուցում նույն ժողովրդին, նույն մեսրոպյան բանակի զինվորներն ենք: Մեր բոլորած ժամանակն արժևորելու ձգտումով ծրագիր կունենանք, մանրամասներն ավելի պարզ կդառնան առաջիկայում:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ