Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Երևանյան բեսթսելեր 4/66. «Տուր ձեռքդ, պստլո»-ն ամենավաճառվածն է

Երևանյան բեսթսելեր 4/66. «Տուր ձեռքդ, պստլո»-ն ամենավաճառվածն է

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Գուրգեն Խանջյանի «Տուր ձեռքդ, պստլո» վեպը: Այն ներկայացնում է բուն և ցանկալի իրականությունը և երկուսում էլ` ապրելու զարմանալի կարողություն, որը միևնույն ժամանակ դառնում է հոգեբանական անհաղթահարելի բեռ: Անցյալն անընդհատ կանչում է, գրավում, իսկ ներկան սպանում է անցյալի լավագույն հիշողությունները: Ինչպե՞ս վարվել՝ արհեստականորեն վայելել անցյալի քաղցրությո՞ւնը, թե՞ հաղթահարել կարոտն ու փորձել այդ կերպ հաղթահարել նաև ներկայի տաղտուկը: Իսկ գուցե կա երրո՞րդ ճանապարհը: «Տուր ձեռքդ, պստլո» վեպը ժամանակների ու իրականությունների տարուբերումների մեջ մոլորված մարդու պատմություն է, որն, այնուամենայնիվ, ունակ է հաղթելու: Գիրքը խմբագրել է Արքմենիկ Նիկողոսյանը:

Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն այս շաբաթ երկրորդն է: Այն մարդկային բարդ հարաբերությունների մասին է` սեր, ընկերություն, դավաճանություն: Հեղինակը փորձել է անդրադառնալ հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից:

Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» գիրքը զիջել է իր դիրքերը և երրորդն է: Վեպում նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր` հայ լինելու լուրը թյուրիմացություն է:

Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» հանրահայտ ստեղծագործությունն այս անգամ չորրորդն է: Այն Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհում ամենաընթերցվող գրքերից։ Առաջին անգամ լույս է տեսել 1890 թվականի հուլիսին անգլիական թերթերից մեկում։

 Աղյուսակ է վերադարձել և հինգերորդ հորիզոնականը զբաղեցրել Դեն Բրաունի «Ինֆեռնո» գիրքը: Երկրի և մարդկության փրկության սևեռուն գաղափարով տարված տաղանդավոր գիտնականի ահասարսուռ ուղերձի հետքով են ընթանում գրքի հերոսները: Ամերիկացի պրոֆեսորը և նրա հնարամիտ ուղեկցորդուհին խելահեղ որոնումների մեջ են հիասքանչ Ֆլորենցիայում, Վենետիկում և Ստամբուլում: Արդյո՞ք զուր են ջանքերը... Վեպում անդադար փախուստ է և փնտրում. ընթերցողի առջև մերթ ընդ մերթ հառնում է Դանտե Ալիգիերիի դժոխքը՝ Ինֆեռնոն, և ոչ միայն «Աստվածային կատակերգության»՝ գաղտնաբառեր ծառայող տողերում, այլև Վերածննդի մեծագույն վարպետների կտավներում: Անգլերենից թարգմանել է Վահե Արսենը:

Վեցերորդ տեղում Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» ստեղծագործությունն է: Գիրքն ընթերցողին թույլ է տալիս ապրել կյանքերով, որոնք իրենը չեն: Բրունոյի և Շմուելի ընկերությունը «Զոլավոր գիշերազգեստով տղան» վիպակում հենց այդպիսին է. դրա շնորհիվ մարդիկ նորովի են ընկալում Հոլոքոսթը: Հերոսների հետագա ճակատագրի մասին ընթերցողը շարունակում է մտածել նաև գրքի վերջին էջը փակելուց շատ հետո, գործը ստիպում է այլ` թարմ հայացքով նայել կյանքի իրողություններին, նոր տեսանկյունից դիտարկել դրանք:

Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451»-ը մեկ հորիզոնականով բարելավել է իր դիրքերը ու յոթերորդն է: Վեպի իրադարձությունները ծավալվում են ապագայում, երբ ամերիկյան հասարակության մեջ իշխող մտայնությամբ գրքերը մարդկանց դժբախտության աղբյուր են, և դրանք անխնա կրակի պետք է մատնել: Թաքստոցներում պահվող փոքրաթիվ գրքերը հայտնաբերվում ու հրապարակայնորեն ոչնչացվում են հատուկ այդ աշխատանքի համար ստեղծված հրկիզողների ջոկատի կողմից: Հրկիզող Գայ Մոնթագն ու նրա կինը՝ Միլդրեդը, ապրում են ժամանցի ու զվարճանքի, հեռուստատեսությամբ քարոզվող սնամեջ հարաբերությունների թմբիրի մեջ մինչ այն պահը, երբ Մոնթագը որոշում է փրկել ու կարդալ գրքերը: Փախուստն անհոգի ու անմիտ իրականությունից մտածելու սովորույթին վերադառնալու միակ ճանապարհն է: Մոնթագը լքում է քաղաքը, որտեղ արդեն իսկ պատերազմ է սկսվել: Գետը նրան տանում է դեպի երկրի խորքը, որտեղ նրան դիմավորում են «գիրք–մարդիկ»: Թարգմանել է Լուսինե Հարոյանը:

Իր դիրքերը զիջել և ութերորդ տեղն է գրավել Դենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» գիտաֆանտաստիկ երկը: Սկզբնապես այն հրատարակվել է «The Magazine of Fantasy & Science Fiction» ամսագրի 1959 թվականի ապրիլյան համարում։ Արժանացել է «Հյուգո» մրցանակի, որպես լավագույն գիտաֆանտաստիկ պատմվածք։ Հետագայում Քիզը լրացրել է պատմվածքը՝ այն դարձնելով ամբողջական վեպ (նույն անվամբ), որը ստացել է «Նեբյուլա» մրցանակը, որպես 1966 թվականի լավագույն վեպ։

Բրազիլացի գրող Պաուլո Կոելյոյի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Ալքիմիկոսը» իններորդն է: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ: 

 Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» ստեղծագործությունը: Այն գրվել է 1944 թվականին և առաջին անգամ լույս է տեսել 1945-ին: Այս վեպը հակաուտոպիական տարրեր է պարունակում: Գիրքն արգելված է Չինաստանում, Հյուսիսային Կորեայում, Բիրմայում և իսլամական աշխարհի մի շարք երկրներում: 

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (54-07-06) գրախանութները, «Էդիթ Պրինտ» (52-08-48) և «Զանգակ» (23-25-28) հրատարակչությունները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են: 

Տեղ փոխ. Գիրք Հրատ. Քանակ
1 Նոր

Գուրգեն Խանջյան

«Տուր ձեռքդ,պստլո»

Անտարես 35
2 -1 Էդգար Հարությունյան «Չգտնված երիցուկներ» Անտարես 32
3 -1 Մարկ Արեն, «Այնտեղ,որտեղ ծաղկում են վայրի վարդեր» Բուկինիստ 25
4 -1 Օսկար Ուայլդ «Դորիան Գրեյի դիմանկարը» Էդիթ Պրինտ 18
5 * Դեն Բրաուն «Ինֆեռնո» Զանգակ 11
6 -2 Ջոն Բոյն«Զոլավոր գիշերազգեստով տղան» DirectMEDIA 10
7 +1 Ռեյ Բրեդբըրի «Ֆարենհայթ 451» Զանգակ 8
8 -3 Դենիել Քիզ «Ծաղիկներ Էլջերնոնի համար» Անտարես 7
9 -2 Պաուլու Կոելյու «Ալքիմիկոսը» Անտարես 7
10 *

Ջորջ Օրուել

«Անասնաֆերմա»

Անտարես 7

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]