Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դադիվանքի վանական համալիրի փոքր գմբեթով եկեղեցին կվերականգնվի պատմական տեսքին առավելագույնս մոտ

Դադիվանքի վանական համալիրի փոքր գմբեթով եկեղեցին կվերականգնվի պատմական 
տեսքին առավելագույնս մոտ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել է Արցախի միջնադարյան Դադիվանքի վանական համալիրի փոքր գմբեթով եկեղեցու վերանորոգումը: Դադիվանքի վանական համալիրի փոքր գմբեթով եկեղեցու վերականգնման ծրագրի ղեկավար Տիգրան Աբրահամյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ եկեղեցու վերականգնման աշխատանքները նախագծային փուլում են, որի համար ճարտարապետների խումբ է ձևավորել: Գլխավոր նպատակը՝ եկեղեցու ամբողջական վերականգնումն է՝ իր պատմական տեսքին առավելագույնս մոտ:

«Եկեղեցու վերականգնման գործընթացը ենթադրում է եկեղեցու հատակի վերականգնումից մինչև խաչի փոփոխություն: Հիմնական ուշադրությունն ուղղված է լինելու եկեղեցու պատմական վիճակի հետ առնչվող բոլոր ատրիբուտների պահպանմանը»,-ասաց Տիգրան Աբրահամյանը:

Տիգրան Աբրահամյանը տեղեկացրեց, որ ներկայում աշխատանքներում 3 ճարտարապետ է ներգրավված, այդ թվում՝ վերականգնող ճարտարապետ: Ըստ նախագծի առանձնահատկությունների, աշխատանքներում նաև այլ մասնագետներ կներգրավվեն:

Ճարտարապետ Սամվել Այվազյանը, ով 1998 թվականից զբաղվում է Դադիվանքի վերականգման աշխատանքներով, «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ դեռևս 2000 թվականին եղել է Դադիվանքի վանական համալիրի փոքր գմբեթով եկեղեցու վերականգնման ծրագիր, այն ժամանակ այդ նույն նախագծով շինարարական որոշակի աշխատանքներ կատարվել են, բայց ավարտին չեն հասցվել:

«Եթե այդ ժամանակ այդ շինարարական աշխատանքները չիրականացվեին, ապա մենք այս եկեղեցին չէինք ունենա, որովհետև մեջտեղից երկու մասի էր բաժանվել, շենքը երկար ճաք ուներ: Նախագծով ամրակայում է իրականացվել, սակայն որոշ աշխատանքներ թերի են արվել»,-ասաց Սամվել Այվազյանը: Պատճառն այն էր, որ մասնագետներն այդ ժամանակ չէին կարողացել կառույցին նախնական կղմինդրը գտնել, ստիպված գտել էին մի մասնագետի, ով համաձայնել էր իր ձեռքով կղմինդր պատրաստել:

«Իհարկե, պատրաստեց, սակայն այն չէր, չնայած դրան, որոշեցինք տեղադրել, որ գոնե, մեր հաշվարկով 5 տարի կաթոցներ չլինեին, բայց ինչպես տեսանք 10 տարի այն ծառայեց: Ամեն դեպքում, քանի որ այդ ծածկասալերն ամբողջովին քայքայվել են, կարող են միայն մեկ երկու տարի դիմանալ, որից հետո կսկսվեն կաթոցները, այդ դեպքում քայքայումն ավելի կարագանա, դրա համար պետք է շտապ այդ ծածկն ամբողջությամբ վերականգնել»,-ասաց ճարտարապետը:

Սամվել Այվազյանը նշեց, որ Դադիվանքի վանական համալիրի փոքր գմբեթով եկեղեցին այս ընթացքում փակ չի եղել, ճիշտ է այնտեղ կանոնավոր պատարագներ, այլ արարողություններ չեն արվել, սակայն ցանկացողները կարողացել են մտնել ներս, մոմ վառել:

Թե երբ կավարտվեն վերականգնման աշխատանքները, մասնագետները դժվարանում են պատասխանել, դա առավել հստակ կլինի նախագծային, նախահաշվարկային աշխատանքներն ավարտելուց հետո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am