Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Օգոստոս

ՀՀ ԱԺ նախագահը գերազանց է գնահատում հայ-կիպրական միջխորհրդարանական համագործակցությունը


ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 19-ին ընդունել է Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա եւ հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Արա Բաբլոյանը, ողջունելով պատվիրակության այցը Ազգային ժողով, բարձր է գնահատել Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ առկա քաղաքական երկխոսությունը: Նա նշել է. «Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ խորհրդարանական հարաբերությունները վերջին տարիների ընթացքում համատեղ ջանքերի շնորհիվ թեւակոխել են նոր փուլ, եւ այսօր առկա է գերազանց միջխորհրդարանական համագործակցություն»:

ՀՀ ԱԺ նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Կիպրոսի բարեկամ ժողովրդին 1915 թվականին Ցեղասպանությունից մազապուրծ գաղթականներին օգնության ձեռք մեկնելու եւ 1975 թվականին Հայոց ցեղասպանությունը՝ որպես եվրոպական առաջին երկիր, ճանաչելու ու դատապարտելու համար: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանը եւ Կիպրոսը մշտապես սատարել են միմյանց դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ Կիպրոսի խնդրի կարգավորման հարցերում:

ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ Կիպրոսի առջեւ ծառացած խնդիրը կստանա արդարացի իրավական լուծում:

Արա Բաբլոյանն անդրադարձել է նաեւ միջազգային կառույցներում հայկական եւ կիպրական խորհրդարանական պատվիրակությունների միմյանց աջակցելու հարցին՝ կարեւորելով համագործակցությունը նաեւ այդ հարթակներում:

Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա եւ հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ երկու երկրները պատմական շատ ընդհանրություններ եւ հնագույն մշակույթ ունեն, որոնց վրա հիմնված է ժողովուրդների բարեկամությունը:

Ֆոտիու Ֆոտիսն անդրադարձել է նաեւ Կիպրոսի հայկական համայնքին, որը, նրա խոսքով, մեծ դերակատարություն ունի Հայաստանի Հանրապետության հետ բարեկամական կապերի ամրապնդման ու զարգացման գործում:

Պարոն Ֆոտիսը նշել է, որ Կիպրոսը եւ Հայաստանը պիտի խորացնեն համագործակցությունը տնտեսական, մշակութային եւ հոգեւոր ոլորտներում՝ միասին պայքարելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ երկու երկրների առջեւ ծառացած խնդիրները կարգավորելու ուղղությամբ:

 



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ